Մատչելիության հղումներ

Ռուբեն Սադոյանը Իրակլի Կոբախիձեի հետ քննարկել է երկկողմ կապերի խորացման հարցեր


Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանն այսօր հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ։

Ըստ Վրաստանում Հայաստանի դեսպանության հաղորդագրության, խորհրդարանի նախագահը նշել է, որ հայ-վրացական բարեկամական հարաբերությունները, ունենալով պատմական խորն արմատներ, այսօր արձանագրում են վերընթաց զարգացում տարբեր ուղղություններով, որոնցից արաժանահիշատակ է տարեցտարի կայուն աճ գրանցող երկկողմ տնտեսական հարաբերությունները։

Սադոյանն, իր հերթին, անդրադառնալով երկկողմ միջխորհրդարանական համագործակցությանը, նշել է, որ դրանք բարձր մակարդակի վրա են գտնվում՝ միաժամանակ առանձնահատուկ ընդգծելով երկու խորհրդարանների մշատական հանձնաժողովների միջև սերտ համագործակցության կարևորությունը։

Կողմերը քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հեռանկարները: Այդ համատեքստում երկուստեք շեշտվել է բարեկամություն խմբերի միջև շփումների և փոխայցելությունների ակտիվացման, երկու երկրների միջև իրավապայմանագրային բազայի ընդլայնման կարևորությունը:

Իրակլի Կոբախիձեն, անդրադառնալով զբոսաշրջության թեմային, մեծ գոհունակությամբ նշել է, որ Վրաստանը հայ զբոսաշրջիկների սիրելի ուղղություններից մեկն է՝ հավելելով, որ վրացական կողմը դրան մեծ կարևորություն է տալիս։

Զրուցակիցները նշել են, որ երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացումը լայն հնարավորություն կստեղծի նաև մարդկային շփումների համար, որը ևս կխթանի երկկողմ կապերի խորացմանը։

Խորհրդարանի նախագահը՝ խոսելով գիտության ոլորտում երկկողմ համագործակցության մասին, նշել է, որ ցանկալի կլիներ, որպեսզի հայկական և վրացական գիտական շրջանակների միջև շփումներն ավելի ակտիվանան և այդ ուղղությամբ համատեղ նոր նախագծեր ու համագործակցության նոր հարթակներ ձևավորվեն։

Ռուբեն Սադոյանը խորհրդարանի նախագահին ներկայացրել է նաև Հայաստանում սահմանադրական բարեփոխումների և կառավարման խորհրդարանական համակարգին անցման ընթացքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG