Եթե «Ելք»-ը փողոց դուրս չգա, բնականաբար, դրանով անուղղակիորեն աջակցում է Սերժ Սարգսյանին, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը։
«Ազատություն»-ը մասնավորապես հետաքրքրվեց Մարտիրոսյանից, որ եթե «Ելք»-ը չմիանա «Հանուն Հայաստան պետության» ճակատի հանրահավաքային պայքարին, ապա անուղղակիորեն կաջակցի՞ Սերժ Սարգսյանին: Ընդդիմադիր գործիչը պատասխանեց. - «Բնականաբար, ակնհայտ չի՞, որ եթե դու քաղաքական պրոցեսին ոչ միայն չես մասնակցում, այլ մի հատ էլ տորպեդահարում ես, ասում են՝ «այնտեղ ատելության քարոզ կա», ակնհայտորեն «ատելության քարոզ» արտահայտությունը տորպեդահարման գործընթաց է, և դա ասվում է պաշտոնական մակարդակով, ոչ թե որևէ պատգամավոր է ասում, այլ խմբակցության քարտուղարն է ասում»։
Ճշտող հարցին, թե այդտեղ իշխանությանը պաշտպանելու միտո՞ւմ է տեսնում, Մարտիրոսյանը պատասխանեց. - «Եթե մի բան իշխանության դեմ է և ոչ միայն իշխանության դեմ է, այլև պետությունը կարգավորելու համար է և դու դրան բացասական պիտակավորում ես տալիս, այդ դեպքում ի՞նչ գնահատական տանք դրան։ Նույնն էլ հիմա Հանրապետականն է ասում»։
Նշենք՝ «Հանուն Հայաստան պետության» ճակատը, որ մարտի 10-ին իր անդրանիկ հանրահավաքն անցկացրեց Ազատության հրապարակում, հավակնում է դառնալ հենց այն պլատֆորմը, որը, ինչպես իրենք են ասում, կպայքարի իշխանափոխության համար:
Ճակատն իր շուրջն է համախմբում տարբեր քաղաքական կուսակցությունների, անհատների: «Ժառանգություն»-ը միացել է այս նախաձեռնությանը։
Պաշտպանության նախկին նախարար, անցած տարվա ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ ստեղծված Օհանյան-Րաֆֆի Օսկանյան (ՕՐՕ) դաշինքի անդամ Սեյրան Օհանյանն «Ազատության» հետ զրույցում հրաժարվել է պատասխանել հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք միանալ այս ճակատին։
Հարցին, թե նրա հետ հանդիպումներ, քննարկումներ ունեցե՞լ են, Մարտիրոսյանը պատասխանեց. - «Դեռ չեմ հանդիպել։ Եթե Դուք իր պատասխանն ունեցել եք, կարծում եմ դրա շրջանակում էլ ճիշտ կլինի բավարարվենք։ Ես դեռ իր հետ չեմ հանդիպել, չի բացառվում, որ հանդիպեմ, ոչինչ հնարավոր չէ բացառել այս պարագայում»։
Ճշտող հարցին, թե այս պահին զգո՞ւմ են Սեյրան Օհանյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած կուսակացության՝ Հայ ազգային կոնգրեսի աջակցության կարիքը, «Ժառանգության» նախագահը պատասխանեց. - «Բոլորի կարիքն ունենք։ Ես կարիք ունեմ, որ մենք միասնական պայքարենք, այդ տեսանկյունից բոլորի աջակցության կարիքը կա»։