Մատչելիության հղումներ

«Հայաստանի համար առաջին խնդիրը հենց Սերժ Սարգսյանի հեռանալն է»․ քաղաքագետ


Քաղաքագետ Արմեն Գրիգորյանի կարծիքով՝ այսօր Հայաստանում համար առաջին քաղաքական խնդիրը «Սերժ Սարգսյանի մնալ-չմնալու հարցն է»։

Եվ եթե «Ելք»-ում այդ հարցի շուրջ չկա կոնսենսուս, ապա, ըստ քաղաքագետի, միասնական քաղաքական ուժ նրանց համարելը դժվար կլինի։

Քաղաքագետի համոզմամբ, եթե այսօր ընդդիմադիր ուժերի միջև լինի միասնական մոտեցում Սերժ Սարգսյանի դեմ պայքարի հարցում, ապա «հնարավոր կլինի շատ արագ մոբիլիզացնել մարդկանց»։

«Ազատություն». - Պարոն Գրիգորյան, ինչպե՞ս եք գնահատում ընդդիմադիր դաշինքում ստեղծված այս վիճակը. սկզբունքային, եթե ոչ ամենասկզբունքային հարցում իրենք չունեն համաձայնություն, հետագայում ինչի՞ շուրջ պետք է դաշնակցեն այս պատգամավորները, եթե հիմա չեն կարողանում գալ կոնսենսուսի։

Գրիգորյան. - Սերժ Սարգսյանի դեմ պայքարի շուրջ երևում է, որ չկա կոնսենսուս։ Իրականում էս պահին Հայաստանի համար առաջին խնդիրը հենց Սերժ Սարգսյանի հեռանալն է։ Իրականում «Ելք»-ում ներքին խնդիրներ կան, որի շուրջ չեն կարողանում կոնսենսուսի գալ, և, կարծում եմ, հենց Սերժ Սարգսյանին թույլ չտալու խնդրի շուրջ է, որ չկա կոնսենսուս։

«Ազատություն». - Արդեն կան ակնարկներ, որ եթե անգամ «Քաղաքացիական պայմանագիր»-ը միայնակ գնա հրապարակ, միևնույն է դաշինքը դրանից չի քանդվի։ Բայց տրամաբանությունը հուշում է, որ խորհրդարանական փոքրամասնության դեպքում խորհրդարանն ընդամենը հարթակ է, այսինքն՝ այդ ինը հոգով միաձայն կողմ կքվեարկեն, թե՝ ոչ, դա երկրորդական հարց է, կարևորը՝ որ այսպիսի հարցերում իրենք դաշինք լինեն, միակամ լինեն։

Գրիգորյան. - Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության համար առաջին քաղաքական հարցը սա է՝ Սերժ Սարգսյանի մնալ-չմնալու հարցն է, և եթե էդ հարցում իրենք տարաձայնություններ ունեն, դժվար է պատկերացնել հետագայում իրենք ինչպես են կարողանալու իրար հետ աշխատել երկրորդական հարցում՝ թեկուզ լինի կոնսենսուս, թե ինչպես ընդունել Հարկային օրենսգրքի լիցենզավորման մի ինչ-որ դրույթ։ Դրա շուրջ կարող է կոնսենսուս լինել, բայց եթե կարևոր քաղաքական հարցում չկա կոնսենսուս, ապա դա արդեն միասնական քաղաքական ուժ համարելը դժվար կլինի։

«Ազատություն». - Չունի՞ ապրելու իրավունք «Լուսավոր Հայաստան»-ի դիրքորոշումը, որ «հանրահավաքային պայքարն արդյունավետ չէ՝ հաշվի առնելով նախորդ փորձը, և մինչև հաստատ չիմանանք, չենք տանելու մարդկանց պարտության»։

Գրիգորյան. - Նախ հաստատ իմանալու համար պետք է գործել, այսինքն՝ չհայտարարել ու ասել, որ «մինչև հաստատ չիմանանք», մի տեսակ շատ խնդալու հայտարարություն է, այսինքն, իմանալու համար՝ ժողովուրդը պատրաստ է, թե՝ չէ, պետք է ժողովրդի հետ աշխատել։ Ես կարծում եմ, որ ժողովրդի մոտ կա այդպիսի պահանջ։ Այսօր, եթե ընդդիմադիր ուժերի միջև լինի միասնական մոտեցում Սերժ Սարգսյանի շուրջ, ապա կարծում եմ, որ հնարավոր է շատ արագ մոբիլիզացնել մարդկանց։

«Ազատություն». - Համաձա՞յն եք հնչող այն տեսակետի հետ, որ սա ընդդիմության վերջին մարտն է։

Գրիգորյան. - Կարևոր, շատ ֆունդամենտալ մարտ է։ Սերժ Սարգսյանն իր ամբողջ կառավարման փիլիսոփայության հենքում մի քանի բան է դրել. մեկը՝ դա իր վերարտադրությունն է, մյուսը եղել է սուտը և կեղծիքը՝ եթե Սերժ Սարգսյանի սուտ հայտարարութուններն իրար կողք հավաքենք, կարող է այս եթերի կես ժամը չհերիքի, որպեսզի անդրադառնանք այդ ստերին, և բռնաճնշումները՝ 2008 թվականի «Մարտի 1»-ի զոհերով և բռնաճնշումներով եկել է իշխանության, և այդ բռնաճնշումները մինչև այսօր շարունակվում են, դրա վառ ապացույցը «Սասնա ծռեր»-ի դատն է, օրինակ, Ժիրայր Սեֆիլյանին քաղբանտարկյալի իրավիճակում պահելը և նմանատիպ լիքը գործընթացներ, էս առումով շատ կարևոր է Սերժ Սարգսյանի չմնալը քաղաքական համակարգում։

Հիշեցնենք՝ ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը վայր կդնի նախագահի իր լիազորությունները, ինչից հետո խորհրդարանը կընտրի նոր վարչապետին, որը, ըստ փոփոխված Սահմանադրության, կլինի գործադիր իշխանության փաստացի ղեկավարը։

Հանրապետականները բազմիցս հայտարարել են, որ Սերժ Սարգսյանից զատ այդ պաշտոնում այլ անձի չեն տեսնում։

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյաննան անընդունելի է համարում «Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը»։ «Ես ինձ չեմ պատկերացնում ուղղակի ձեռքերս ծալած հետևելիս, թե ինչպես է Սերժ Սարգսյանը վերարտադրվում», - ասել է Փաշինյանը։

«Ելք»-ից Էդմոն Մարուքյանն էլ հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի իշխանության դեմ պայքարի հնարավորությունը հանրությունը բաց է թողել անցած տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG