Մատչելիության հղումներ

«Պոլիմետալ Արմենիա»-ը Լոռիում և Տավուշում որոնողական աշխատանքներ չի իրականացնի


«Պոլիմետալ Արմենիա» ընկերությունը հրաժարվել է Լոռու և Տավուշի մարզերի ավելի քան 18 հազար հեկտար տարածքում հանքարդյունաբերության նպատակով որոնողական աշխատանքներ իրականացնելու մտադրությունից։

Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանն «Ազատությանն» ասաց, որ երեկ երեկոյան համայնքապետարանում ոչ-պաշտոնական հանդիպում է տեղի ունեցել ընկերության ղեկավարների և համայնքի ներկայացուցիչների միջև, որից հետո այսօր առավոտյան զանգահարել են համայնքապետին ու տեղեկացրել, թե կարևորելով հանրության կարծիքը՝ տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքներ չեն իրականացնի:

«Տնօրենի տեղակալի հետ ենք զրուցել, ինքը հայտարարեց բանավոր, որ՝ մենք վերջնականապես որոշել ենք և այլևս այդ ուղղությամբ մենք չենք մտածելու և ձեզ չենք անհանգստացնելու», - ասաց Աբազյանը:

Օֆշորային գոտում գրանցված ռուսական «Պոլիմետալ» ընկերությունը 2016 թվականից նաև Կապանի լեռնահարստացման կոմբինատի սեփականատերն է։ Հանքարդյունաբերական նոր ծրագրերով Հայաստանի հարավից հյուսիս հասած ընկերությունը իր մտադրությունը դադարեցնելու մասին այսօր նաև հայտարարություն է տարածել։

Ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Նահապետյանը «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց․ - «Դադարեցրել ենք ոչ թե աշխատանքները, քանի որ աշխատանքները չէին էլ սկսվել, այլ ծրագրի կամ մտադրության քննարկման գործընթացը: Մեր հայտարարությամբ սպառիչ կերպով տեղեկացրել ենք ընկերության մտադրության մասին»:

Լոռու մարզի Շնող, Թեղուտ, Ծաղկաշատ բնակավայրերում, ինչպես նաև Կողբ և Նոյեմբերյան համայնքներում մետաղական հանք որոնելու ընկերության ծրագիրը հանրային քննարկման էր դրվելու մարտի 20-ին Նոյեմբերյանում։ Դրանից հետո քննարկումներ էին նախատեսված նաև մյուս համայնքներում, սակայն Նոյեմբերյանում արդեն ընկերությունը լուրջ հակազդեցության հանդիպեց։

Սոցիալական ցանցերում քննարկումներ և ստորագրահավաք սկսվեց, հազարավոր մարդիկ դեմ արտահայտվեցին Նոյեմբերյանն ու հարակից սահմանամերձ գյուղերը հանքավայր դարձնելու նախագծին։

«Ազատությունը» ևս արձանագրեց, որ Նոյեմբերյանում պատրաստվում էին տապալել մարտի 20-ին նախատեսված հանրային լսումը։ «Հերթական անգամ հարձակվում են մայր բնության վրա», - «Ազատության» հետ զրույցում ասաց միջին տարիքի մի նոյեմբերյանցի:

Չնայած երկրաբանահետախուզական աշխատանքները բացառելու մասին «Պոլիմետալի» հայտարարությանը, սոցիալական ցանցերում օգտատերերից շատերը մտավախություն են հայտնել, թե հանքարդյունաբերողները կրկին կարող են վերադառնալ Հայաստանի ամենաանտառածածկ այս տարածքներ։

Մինչդեռ Նոյեմբերյանի բնակիչները հաստատակամ են՝ ոչ մի դեպքում թույլ չեն տա այդ հարցը քննարկել իրենց համայնքում, սպառնալիքներից էլ չեն վախենում։

«Պոլիմետալ» ընկերությունը 18 հազար հեկտար անտառային և գյուղատնտեսական նշանակության տարածքում էր թանկարժեք մետաղներ փնտրելու։ Համեմատության համար նշենք, որ Թեղուտում շահագործվող հանքավայրը մոտ 150 հեկտար է։

Նշենք նաև, որ Լոռու մարզի Ծաղկաշատ գյուղը, որը ևս «Պոլիմետալն» աչքի տակ էր առել հանքավայր դարձնելու համար, 2015 թվականին դարձյալ հանքարդյունաբերողների ծրագրերում էր հայտնվել։ Այն ժամանակ դրա հեղինակը «Թեղուտ» ընկերությունն էր։ Բայց գյուղացիների մեծ պայքարի արդյունքում այդ ծրագիրը ևս դադարեցվեց։

Անցած տարի էլ Լոռիում տապալվեց մեկ այլ հանրային լսում Արդվի և Մղարթ գյուղերում։ Գյուղացիները կոշտ միջոցներով հանքարդյունաբերողներին արգելեցին հանրությանը ներկայացնել իրենց ծրագրերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG