Մատչելիության հղումներ

«Տպավորություն է, որ Ռուսաստանը հետևություններ է անում», - անդրադառանալով ռուսաստանցի բարձրաստիճան խորհրդարանականի երեկ Երևանում արած հայտարարությանը՝ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Երեկ Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հետ համատեղ ասուլիսում Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի Միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը ընդգծեց, որ իր տեղեկություններով ապրիլյան պատերազմից հետո Մոսկվան հրաժարվել է Ադրբեջանին նախկինի նման մատակարարել սպառազինության մեծ ծավալներ:

«Ես միայն կարող եմ ասել, որ ողջունելի է այն հանգամանքը, որ ապրիլյան պատերազմից փորձում են հետևությունների անել», - նշեց Քոչարյանը:

Այդուհանդերձ Հայաստանի փոխարտգործնախարարին ներկայացրեցինք Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի՝ SIPRI-ի օրերս հրապարակած զեկույցի տվյալները, ըստ որոնց Ռուսաստանը շարունակում է հանդիսանալ Ադրբեջանին սպառազինություն մատակարարող թիվ մեկ երկիրը․ 2013-2017 թվականներին Ադրբեջանի ներմուծած ողջ սպառազինության 65%-ը եղել է ռուսաստանյան: Ի դեպ, այդ նույն ժամանակահատվածում, Բաքվի ներմուծած զենքի միայն 2.5 տոկոսն է եկել Թուրքիայից: Փաստորեն, Հայաստանի ռազմավարական դաշնակիցը՝ Ռուսաստանը, այդ տարիներին 26 անգամ ավելի շատ սպառազինություն է մատակարարել Ադրբեջանին, քան Բաքվի ռազմավարական դաշնակիցը՝ Թուրքիան:

Շավարշ Քոչարյանի արձագանքը․ - «Նախ, ոչ միայն այդ ժամանակահատվածում, այլ միշտ էլ համար մեկ մատակարարողը եղել է Ռուսաստանը: Երկրորդ հարցը առնչվում է հենց այն հայտարարություն հետ, որ արել է Կոսաչովը, այսինքն՝ տպավորությունը նա է, որ ինչ-որ հետևություններ արվում են Ռուսաստանի կողմից»:

«Ազատության» հարցին, թե արդյոք Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինության մատակարարման հարցը ընդգրված է հայ-ռուսական օրակարգում․ փոխարտգործնախարարն արձագանքեց․ - «Դուք կարող եք դատել հրապարակային հայտարարությունից: Եթե մի բան հրապարակային հայտարարվում է, ապա, բնական է, դա նաև բանակցվում է»:

Կոսաչովի երեկվա հայտարարությանն ուշագրավ է նաև այն առումով, որ նախկինում ռուսաստանցի պաշտոնյաները, անդրադառնալով Ադրբեջանին սպառազինության մատակարարումների հարցին, նշում էին, որ դա սոսկ բիզնես է կամ որ Մոսկվան, ամեն դեպքում, պահպանում է ռազմական հավասարակշռությունը Երևանի ու Բաքվի միջև:

«Ռուսաստանը կատարում է այն պայմանագրերը, որոնք կնքվել էին մինչև 2016 թվականի ապրիլը, և մենք պարտավոր ենք դա անել՝ համաձայն այդ պայմանագրերի դրույթների: Սակայն դա մի իրավիճակ էր, որը գոյություն ուներ մինչև այդ պահը, ու ինձ մոտ առկա տեղեկության համաձայն, նման ծավալներով այն չի շարունակվի: Անշուշտ, մենք արձագանքում ենք այն իրավիճակին, որը տեղ գտավ 2016 թվականի ապրիլին: Սա կասկածից վեր է», - երեկ ասել էր Կոսաչովը:

Ավելի քան երկու շաբաթ է անցել, ինչ նախագահ Սերժ Սարգսյանը չեղարկեց դեռ 2009-ին կնքված հայ-թուրքական արձանագրությունները՝ հրամանագիր ստորագրելով այդ արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին:

«Ազատության» հարցին, թե չեղարկումից հետո, պաշտոնական Անկարան կամ որևէ միջնորդ կողմ կապվել է Հայաստանի իշխանությունների հետ՝ միգուցե նոր գործընթաց սկզբնավորելու առաջարկով, Շավարշ Քոչարյանը պատասխանեց․ - «Նախ, կատարվել է նախագահի հանձնարարականն առ այն, որ թուրքական կողմը տեղեկացվել է այդ մասին, և դա բխում է նաև միջազգային իրավունքից։ Միաժամանակ հիշեցնեմ, որ հայկական կողմը հայտարարել է, որ միշտ էլ պատրաստ է բանակցությունների՝ կարգավորելու հարաբերությունները, բայց՝ առանց նախապայմանների: Այդ ուղղությամբ մենք որևէ առաջարկ չենք ստացել թուրքական կողմից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG