Մատչելիության հղումներ

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը բուռն մթնոլորտում քննարկեց Սկրիպալների թունավորման հարցը


ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Ալենը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, Նյու Յորք, 14-ը մարտի, 2018թ․
ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Ալենը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, Նյու Յորք, 14-ը մարտի, 2018թ․

Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզական վարչության պաշտոնաթող գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր` մարտի 4-ին բրիտանական Սոլսբերի քաղաքում տեղի ունեցած թունավորման հարցը հասավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ:

Պաշտոնական Լոնդոնի պահանջով անցած գիշեր կազմակերպված քննարկումը շարունակվեց ավելի քան մեկ ժամ, որի ընթացքում պարզ դարձավ, որ չնայած ամերիկյան մամուլում հնչող որոշ մտավախություններին, Վաշինգտոնը չի փորձում չեզոք դիրք բռնել այս հարցում` իր հստակ աջակցությունը հայտնելով Մեծ Բրիտանիայի կառավարությանը: Այս մասին անցած գիշեր հայտարարեց ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին:

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլին Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, Նյու Յորք, 14-ը մարտի, 2018թ․
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլին Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, Նյու Յորք, 14-ը մարտի, 2018թ․

«Մենք մեր լիակատար համերաշխությունն ենք հայտնում Մեծ Բրիտանիային: Միացյալ Նահանգներում վստահ են, որ ռազմական նշանակության նյարդա-պարալիտիկ նյութի կիրառմամբ Միացյալ Թագավորության տարածքում իրականացված այս հարձակման պատասխանատուն Ռուսաստանն է», - հայտարարում էր ամերիկացի դիվանագետը:

Նիքի Հեյլին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում նաև պահանջում էր, որպեսզի պաշտոնական Մոսկվան առանց որևէ նախապայմանի համագործակցի Լոնդոնի հետ` նախևառաջ համապարփակ տեղեկատվություն տրամադրելով իր քիմիական զինանոցի մասին:

«Սա մեկուսացված մի միջադեպ չէ: Սոլսբերիում տեղի ունեցած սպանության փորձը քիմիական զենքի կիրառման դեպքերի թվաքանակի աճի նկատվող միտման ևս մի վկայությունն է», - հայտարարում էր Հեյլին:

Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Ալենը մեկ անգամ ևս մանրամասներ ներկայացրեց քիմիական այն նյութի մասին, որով էլ հենց, ըստ բրիտանացի իրավապահների, թունավորվել էին Սերգեյ և Յուլիա Սկրիպալները: Բրիտանացիների համոզմամբ` մարտի 4-ին Սոլսբերիում տեղի ունեցածը ուղղակի հարձակում էր Միացյալ Թագավորության դեմ:

«Այսպիսով, մենք որևէ այլընտրանք չունենք և եզրակացնում ենք, որ Ռուսաստանը որպես պետություն պատասխանատու է պարոն Սկրիպալի, նրա դստեր և ոստիկանության սպա Նիք Բեյլիի դեմ իրականացված մահափորձի համար` վտանգելով նաև Սոլսբերիում բնակվող մյուս բրիտանացի քաղաքացիները կյանքը», - հայտարարում էր Ջոնաթան Ալենը:

ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան բավական կոշտ արձագանքեց իր ամերիկացի և բրիտանացի գործընկերների հայտարարություններին` նշելով, թե Մոսկվան թույլ չի տա, որպեսզի իր հետ վերջնագրերի լեզվով խոսեն:

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, Նյու Յորք, 14-ը մարտի, 2018թ․
ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, Նյու Յորք, 14-ը մարտի, 2018թ․

«Մենք պահանջում ենք, որպեսզի մեզ նյութական ապացույցներ ներկայացնեն, որոնք կվկայեն այս աղմկալի գործում իբր հայտնաբերված «ռուսական հետքի» առկայության մասին: Առանց դրա անհերքելի ապացույցների մասին պնդումները մենք անտեսելու ենք», - հայտարարում էր Նեբենզյան:

Անվտանգության խորհրդի նիստի ավարտից մի քանի ժամ անց էլ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը BBC-ի եթերում հստակեցրեց, թե ինչ հակաքայլերի կարող է դիմել Լոնդոնը` Ռուսաստանի ապակառուցողական գործողություններին հակադարձելու համար:

«Դա շատ կարևոր է` մեր պայքարը Ռուսաստանի կամ ռուս ժողովրդի դեմ չէ, այլ այն մարդկանց, ովքեր ուղղակի կապերի մեջ են Վլադիմիր Պուտինի հետ, ում հարստության կուտակումը կարող է կապված լինել այդ կապի առկայության հետ: Չի բացառվում, որ իրավապահները, ոստիկանությունը ի վիճակի լինեն հետաքննել նրանց հարստության աղբյուրները` պատասխանատվության ենթարկելով այդ մարդկանց կոռուպցիոն գործունեության համար, այնպիսի գործողությունների համար, որոնք ոտնահարում են մարդկանց իրավունքները, ազատություններն ու սեփականության իրավունքը մեր երկրում: Այժմ [այս ուղղությամբ] բավական լուրջ աշխատանք է տարվում», - հայտարարում էր Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG