Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի նախագահը այցելել է Միացյալ Նահանգների Կոնգրես


Լուսանկարը՝ Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի

Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը չորեքշաբթի օրը այցելել է ԱՄՆ Կոնգրես:

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ Սահակյանը հանդիպում է ունեցել արտաքին հարցերով հանձնաժողովի մի խումբ անդամների հետ, քննարկել Լեռնային Ղարաբաղ-Միացյալ Նահանգներ հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:

Այնուհետև Կոնգրեսում կազմակերպվել է ընդունելություն՝ նվիրված Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձին:

Իր խոսքում Բակո Սահակյանը կարևորել է Միացյալ Նահանգների օրենսդիր բարձրագույն մարմնում կազմակերպված հանդիպումները, նշելով․ - «Դրանք նաև մեծացնում են մեր պատասխանատվության աստիճանը՝ համառ ու քրտնաջան աշխատանք իրականացնելու, երկկողմ հարաբերություններն է՛լ ավելի խորացնելու ու զարգացնելու գործում»:

«Ես լավատես եմ՝ հենց այդպես էլ կլինի, քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մենք դիտարկում ենք որպես բարեկամ երկիր, պետություն, որը միլիոնավոր հայերի համար դարձել է երկրորդ հայրենիք: Լավատես եմ, որովհետև մենք այստեղ ունենք հավատարիմ, ազնիվ և անշահախնդիր բարեկամներ, ովքեր արդեն երկար տարիներ մշտապես Արցախի հետ են, աջակցում են մեր ժողովրդին, աշխարհին ճշմարիտ տեղեկություններ ներկայացնում մեր երկրի մասին: Մենք բարձր ենք գնահատում մեր բարեկամական կապերը՝ դրանք համարելով մեծ հարստություն», - շեշտել է իր ելույթում Լեռնային Ղարաբաղի նախագահը:

Նա նշել է, որ Ղարաբաղում կարևորում են ամերիկացիների սատարումը, և այստեղ իրենց ուրույն տեղն ունեն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ու Սենատը, բարեկամ կոնգրեսականներն ու սենատորները:

Նախագահն արժևորել է Վաշինգտոնի շոշափելի դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և արդարացի կարգավորման գործում:

«Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը եղել է, կա և կմնա մեր արտաքին քաղաքականության հիմնարար ուղղություններից մեկը», - ընդգծել է Բակո Սահակյանը:

Նա ԼՂ պետական պարգևներ է հանձնել ԱՄՆ մի խումբ կոնգրեսականների և սենատորների՝ Լեռնային Ղարաբաղին սատարելու և Լեռնային Ղարաբաղ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման գործում շոշափելի ներդրում ունենալու համար:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը իր հաղորդագրությունում ընդգծում է, որ սա պատմության մեջ Լեռնային Ղարաբաղի նախագահի առաջին այցն է ԱՄՆ Կոնգրես:

Հիշեցնենք՝ օրեր առաջ Ադրբեջանը բողոքի նոտա էր հղել Լեռնային Ղարաբաղի նախագահի Միացյալ Նահանգներ այցի կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG