Հայցը վերաբերում է 2014 թվականին «Իրավունք» թերթում հրապարակված «սև ցուցակին»: Թերթի խմբագիրը 60 հոգանոց ցուցակ կազմելով, ընթերցողներին կոչ էր արել չհանդուրժել փոքրամասնությունների շահերը ներկայացնող անձանց՝ նրանց որակելով որպես «ազգի և պետության թշնամիներ»:
Ստրասբուրգի դատարանը մասնավորապես հարցրել է՝ արդյո՞ք «Մինասյանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով խախտվել է դիմամատուների անձնական կյանքի իրավունքը, արդյո՞ք նրանք ենթարկվել են խտրական վերաբերմունքի և արդյո՞ք այս գործով պետության գործողությունները կամ բացթողումները նպատակ ունեին սահմանափակել կամ խախտել Եվրոպական կոնվենցիայով սահմանված իրավունքներն ու ազատությունները:
Հասարակական գործունեություն ծավալող, նաև սեռական փոքրամասնությունների շահերը պաշտպանող քաղաքացիների անունից Ստրասբուրգ ուղարկված բողոքում նշվում է, որ Հայաստանի կառավարությունը խախտել է արդար դատաքննության, մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքները։
ԼԳԲՏ համայնքի պաշտպանությամբ զբաղվող «Փինք Արմենիա» կազմակերպության նախագահ Նվարդ Մարգարյանն «Ազատության» հետ զրույցում հիշում է տեղի ունեցածը, երբ իր անունը ևս ներառվել էր «Իրավունքի» գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի «սև ցուցակում»՝ որպես «ազգի և պետության թշնամի»․ - «Ես իրականում էդ ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Ինգա և Անուշ Արշակյաններին հարց էի ուղղել: Իրենք ասել էին իրենց ինտերվյուի մեջ, որ՝ մենք զզվում ենք Կոնչիտա Վյուրստից այնպես, ինչպես զզվում ենք հոգեկան հիվանդություն ունեցող անձանցից: Իմ հարցը այն էր՝ արդյո՞ք դուք Կոմիտասից էլ եք զզվում, երբ որ երգում եք իր երգերը, որովհետև նա կյանքի վերջին շրջանում ունեցել ա հոգեկան առողջության խնդիրներ: Եվ էդ հարցի համար ես հայտնվել եմ «սև ցուցակում»»:
2014 թվականին, երբ երգչուհի Անուշ Արշակյանն, ով քրոջ՝ Ինգա Արշակյանի հետ ընդգրված էր «Եվրատեսիլ 2014»-ի ազգային ժյուրիի կազմում, բացատրելով, թե ինչու են ցածր գնահատել Ավստրիան ներկայացնող տրանսգենդեր Կոնչիտա Վյուրստի ելույթը, ասել էր, թե նրան վերջին տեղերում է դրել՝ «ներքին հակակրանքից դրդված», և փոքրամասնություններին համեմատել էին հոգեկան հիվանդների հետ:
Հետո արդեն, «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի եթերում Արշակյան քույրերը հավաստիացրել էին, թե որևէ մեկին վիրավորելու մտադրություն չեն ունեցել: «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիրն էլ, թերթի իր էջում անդրադառնալով կատարվածին՝ հրապարակել էր 60 հոգու անուն, ովքեր Արշակյան քույրերին փորձել էին հարցեր տալ տեղի ունեցածի վերաբերյալ։
Գալաջյանը նրանց անվանել էր «ազգի և պետության թշամի» և իր հոդվածը վերնագրել էր այսպես՝ «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը»։
Խմբագիրը կոչ էր արել չհանդուրժել այս մարդկանց, չբարևել, աշխատանքի չընդունել։ Նրա քննադատությանն արժանացած մարդկանցից 16-ը դիմել էին դատարան, բայց ապարդյուն։ Հայաստանյան դատարանները որոշել էին, որ լրագրողն օգտվել է խոսքի ազատության իր իրավունքից։
«Մասնավորապես հիշում եմ մի դեպք, որ շատ տպավորվել ա իմ մեջ: Դա վերաքննիչ դատարանում էր, երբ որ դատավորներից մեկը մինչև դատական վճիռը հրապարակելը հարց հնչեցրեց հայցվորներին՝ տեսնես Կոնչիտան գիտի՞, որ Հայաստանում դուք իրան էսքան սիրում ու պաշտպանում եք: Դա ինչ-որ մի ձևով ցույց էր տալիս, որ դատարանն էլ բարյացկամ չի այն ամեն ինչի նկատմամբ, ինչը քննում է, և թույլ է տալիս կարծել, որ դատարանը այնքան էլ անաչառ չի եղել գործը քննելիս», - ասաց Նվարդ Մարգարյանը:
Ստրասբուրգի դատարան ուղարկած դիմումում Նվարդ Մարգարյանն ու մյուսները նշել են, որ Հայաստանի դատարանները մերժել են իրենց բողոքը՝ դրանով իսկ նպաստելով անպատժելիության մթնոլորտի խորացմանը։
Այս գործով փաստաբան Նվարդ Փիլիպոսյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ թերևս առաջին անգամն է, որ Եվրոպական դատարանը Հայաստանի դեմ գործեր քննելիս անդրադառնում է կոնվենցիայի 17-րդ հոդվածին․ - «Ներպետական դատարանը սահմանել է, որ այն ատելության կոչերը, խոսքերը, խտրականության հրահրումները և այլն, որոնք տեղ էին գտել այդ հոդվածում, խոսքի ազատության շրջանակներում են, և լրագրողը իրավունք ունի սադրել, հրահրել, քննադատել, ցնցում առաջացնել և այլն, և դա խոսքի ազատությամբ է պաշտպանվում: Եվրոպական կոնվենցիայի 17-րդ հոդվածը, որը իրավունքի չարաշահման դեմ է, սահմանում է, որ որևէ իրավունք, որը կոնվենցիայով սահմանված է՝ այդ թվում նաև խոսքի ազատության իրավունքը, չի կարող չարաշահվել և գնալ ի վնաս մարդու իրավունքների հիմնարար արժեքներին, արժանապատվությանը և հանդուրժողականությանը»:
«Իրավունքի» գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանն այսօր «Ազատության» հետ զրույցում կրկին պնդեց, թե օգտվել է իր խոսքի ազատության իրավունքից․ - «Տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետության դատական համակարգը վարվել է շատ ճիշտ, հանդես էր եկել խոսքի ազատության սկզբունքից, և դատարանի վճռում մատնանշված էր, որ խնդրո առարկա նյութը ամբողջովին տեղավորվում է լրագրողական գործունեության ազատության թույլատրելի շրջանակներում և պայմանավորված է գերակա հանրային շահով»:
Հարցին, թե իր հոդվածի պատճառով հնարավոր է, որ Հայաստանի դեմ հերթական վճիռը կայացվի, Գալաջյանը պատասխանեց․ - «Եթե հերթական անգամ այդտեղ փորձ արվի խախտել Հայաստանի Հանրապետության ինքիշխան իրավունքը ինքնուրույն սահմանելու խոսքի ազատության մակարդակը, կարծում եմ, դա ճիշտ մոտեցում կլինի, որ Հայաստանի Հանրապետությունը չկատարի էդպիսի վճիռը»:
Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ Կառավարությունը ՄԻԵԴ-ից ստացել է հարցադրումները և, ինչպես բոլոր գործերով, այս դեպքում ևս Կառավարությունն իր դիրքորոշումը սահմանված ժամկետում կներկայացնի դատարան։