Մատչելիության հղումներ

Ռուսաստանի Դաշնության խորհրդի կոմիտեի նախագահին ընդունել է Հայաստանի նախագահը


Լուսանկարը՝ նախագահականի

Հայ-ռուսական հարաբերություններն առանձնանում են բարձր և բարձրագույն մակարդակներում ակտիվ երկխոսությամբ ու արդյունավետ համագործակցությամբ բոլոր ոլորտներում՝ տնտեսական, ռազմական, ռազմատեխնիկական և հումանիտար: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ այսօր ընդունելով Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովին:

Ընդգծելով, որ Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների անընդհատ և հետևողական ամրապնդումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, նախագահը հավելել է, որ Հայաստանը ցանկանում է կառուցողական և փոխշահավետ համագործակցություն ծավալել բոլոր այն ինտեգրացիոն միավորումների հետ, որոնք կարևոր դեր են խաղում տարածաշրջանում: Այս համատեքստում Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Կոնստանտին Կոսաչովին Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ տարբեր հարթակներում արտահայտած նրա օբյեկտիվ դիրքորոշման համար:

Հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում նախագահը մեծ դեր է վերապահել միջխորհրդարանական կապերին և համոզվածություն հայտնել, որ երկու երկրների խորհրդարանական հանձնաժողովների երևանյան համատեղ նիստերն անցել են բարեկամության, կառուցողական մթնոլորտում, և ընդունված որոշումները դրական ազդեցություն կունենան միջպետական հարաբերությունների վրա:

Կոնստանտին Կոսաչովը նշել է, որ իր երկրի բարձրագույն ղեկավարության և խորհրդարանականների ցանկությունը ևս նույնն է՝ պահպանելու և զարգացնելու առավելագույն ակտիվ, պարբերական, բաց և բովանդակալից շփումներ հայ գործընկերների հետ: Նա գոհունակությամբ է խոսել նաև միջազգային խորհրդարանական կազմակերպությունների շրջանակներում հայ և ռուս խորհրդարանականների արդյունավետ ու փոխադարձ աջակցության վրա հիմնված համագործակցության մասին:

ՌԴ խորհրդարանի վերին պալատի միջազգային գործերի կոմիտեի նախագահը ներկայացրել է երևանյան համատեղ նիստերում քննարկված հարցերն ու ընդունված որոշումները՝ միտված երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության և հայ-ռուսական հարաբերությունների առավել ամրապնդմանը: Նա վստահեցրել է, որ խորհրդարանական մակարդակով հայ գործընկերների հետ փորձում են լիարժեքորեն իրացնել այն գործընկերային ու բարեկամական մեծ ներուժը, որ Ռուսաստանի և Հայաստանի նախագահները ներդնում են երկկողմ հարաբերություններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG