Այսօր Երևանում տեղի է ունեցել Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի համատեղ նիստը՝ Արմեն Աշոտյանի և Կոնստանտին Կոսաչովի համանախագահությամբ:
ԱԺ հանրային կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ Արմեն Աշոտյանը կարևորել է խորհրդարանական համագործակցության ձևաչափում համատեղ նիստերի անցկացումը և երկկողմ հետաքրքություն ներկայացնող հարցերի քննարկումը: Նա ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը ռազմավարական հարաբերությունների խորացման առումով:
Կոնստանտին Կոսաչովը նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունները հնարավորություն են տալիս փոխշահավետ և արդիական բազմաթիվ հարցեր քննարկել տարբեր ձևաչափերում ու ստանալ շոշափելի արդյունք: Կոմիտեի նախագահը կարևորել է Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա շփումները բարձր մակարդակում, ընդգծել խորհրդարանների նախագահների գործուն մասնակցության և միջխորհրդարանական հանձնաժողովների աշխատանքի դերը ռազմավարական հարաբերությունների խորացման գործում: Նա նշել է, որ ռուսական կողմը մեծ ակնկալիքներ ունի համատեղ նիստից, քանի որ քննարկվող հարցերն ընդգրկում են հետաքրքրությունների լայն շրջանակ:
Քննարկումների ընթացքում հայ և ռուս խորհրդարանականներն անդրադարձել են արդի աշխարհաքաղաքական գործընթացներին, ռուս-թուրքական հարաբերություններին, Ադրբեջանին զենք վաճառելու խնդրին, Մյունխենի անվտանգության համաժողովում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, ԵԱՏՄ-ԵՄ հարաբերություններին, միջազգային անվտանգության սպառնալիքներին և այլ հարցերի:
Կոնստանտին Կոսաչովը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, նշել է, որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում: Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանն այս հարցում ունի հավասարակշռված և հստակ դիրքորոշում:
Համատեղ նիստի աշխատանքը կշարունակվի վաղը:
Ռուսաստանի Դաշնության խորհրդի պատվիրակությանը այսօր ընդունել է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: