Մատչելիության հղումներ

Պարզվել են ԿԲ-ի դիմաց վրաերթի իրական հանգամանքները, վարորդը ձերբակալվել է․ ՔԿ


Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են մարտի 10-ին Երևանում հետիոտն Մարիա Գրիգորյանին վրաերթի ենթարկելու դեպքի իրական հանգամանքները, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնված վարորդը ձերբակալվել է, հաղորդում է Քննչական կոմիտեն:

«Մարտի 10-ին՝ ժամը 21:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում՝ Կենտրոնական բանկի դիմաց, «Մերսեդես-Բենց» մակնիշի 999 DO 99 հ/հ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտն Մարիա Գրիգորյանին (ծնվ. 1943թ), որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս մահացել է։ Ավտոմեքենայի վարորդը, թողնելով դեպքի վայրը, հեռացել է», - ասված է հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ», և 244-րդ հոդվածով՝ «Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը», ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

«Արդյունքում պարզվել է, որ «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնվել է ոչ թե այն քաղաքացին, ով 2018թ. մարտի 11-ին ներկայացել էր ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին, այլ՝ մեկ այլ երիտասարդ՝ ծնված 1992թ.։ Քննչական գործողությունների արդյունքում վերջինս մարտի 13-ին ներկայացել է քննչական վարչություն և հարցաքննվել։ Նույն օրը նա ձերբակալվել է», - փոխանցում է Քննչական կոմիտեն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG