Հայաստանի կառավարությունը բարեփոխումներ է սկսել «բառացիորեն բոլոր ոլորտներում՝ կառավարման համակարգ, հարկային, մաքսային, հակակոռուպցիոն, կրթական, առողջապահական, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներ, գյուղատնտեսություն, դատական համակարգ, սնանկացման գործընթաց և այլն»: Այս մասին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ երեկոյան Բեյրութում ՀՀ դեսպանատանը Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
«Մեր արտաքին քաղաքականության շնորհիվ մենք Հայաստանում կարողացել ենք ապահովել շատ հետաքրքիր մի հարթակ, որտեղ կարողացել ենք համատեղել գուցե անհամատեղելին. նկատի ունեմ Եվրասիական միությանը մեր անդամակցությունը, Եվրոպական միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր բարեկամական հարաբերությունները և բազմաթիվ այլ երկրների հետ, ինչպիսիք են Միացյալ Նահանգները, Կանադան, Ճապոնիան, Նորվեգիան, Շվեյցարիան, արտոնյալ առևտրային ռեժիմները: Դա հնարավորություն է տալիս, տեղակայվելով Հայաստանում, ունենալով ձեռնարկություն, բիզնես Հայաստանում, մտնել շատ ավելի մեծ շուկաներ», - կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է վարչապետը:
«Մենք անցած տարի ունեցել ենք 7.5 տոկոս տնտեսական աճ: Ասեմ, որ այդ թիվն ամենաբարձրն է տարածաշրջանում՝ մոտ 2 անգամ, ամենաբարձրն է Եվրասիական միության, ԱՊՀ երկրների հետ համեմատ, երբ աշխարհով մեկ միջին տնտեսական աճը գնահատվում է 3-3.1 տոկոս: Անցած տարի մենք ունեցել ենք արտահանման աճ՝ 25.2 տոկոս, արդյունաբերության աճ՝ 12.6 տոկոս, ներմուծման աճ, արտաքին առևտրաշրջանառության աճ: Մակրոտնտեսական առումով մենք իրականում ապահովել ենք թվեր, որոնք այսօրվա իրավիճակի մեջ լավագույնն են, լավագույններից են: Բայց դրանք դեռ բավարար չեն, որպեսզի բոլոր այն խնդիրները, որոնք ծառացած են մեր երկրի առջև՝ սոցիալական և այլն, միանգամից լուծենք», - ասել է Կարապետյանը՝ շարունակելով․ - «Այն տնտեսական քաղաքականությունը, որը մեր կառավարությունն այսօր վարում է, ցույց է տալիս, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Վստահ ենք, որ մոտակա 3-4 տարում մենք ունենալու ենք հաստատական տնտեսական աճ, և այն բարեփոխումները, որոնք ես մասամբ ներկայացրեցի, լինելու են շարունակական»:
«Մենք՝ հայերս, թռիչքային աճ ապահովելու ունիկալ հնարավորություն ունենք՝ նշված 3-4 տարիների ընթացքում ունենալով հաջողություններ և տնտեսական կարճատև հաղթանակներ՝ երկարատև ռեֆորմներ պետք է անենք, որով կապահովենք մեր երկրի շատկայուն, երկարատև աճը: Ավելի քան համոզված եմ, որ մենք ունենք մեծ ներուժ՝ ի դեմս ձեզ՝ մեր հայրենակիցների: Ես չգիտեմ որևէ հայ գործչի կամ որոշում կայացնող մարդու, ով դա չի ֆիքսում, և դա անում է անկեղծ: Բայց պետք է ֆիքսենք, որ մենք այդ ներուժն օգտագործում ենք ոչ այնքան լավ, որքան կարող ենք», - հայտարարել է Հայաստանի վարչապետը:
«Վստահ եղեք, որ մենք ունենալու ենք տրամաբանական, զարգացող և արդար երկիր: Այդ երկրի կառուցման մեջ ձեզնից յուրաքանչյուրը կարող է իր մասնաբաժինը բերել: Անպատճառ ուշադրություն դարձրե´ք Հայաստանի վրա, ստեղծե´ք ձեր համար մի անկյուն, նավահանգիստ, մի բան, որը ձեզ վստահություն է տալու: Մենք շատ ուրախ կլինենք ձեզ բոլորիդ տեսնելու Հայաստանում և նաև ուզում եմ հաղորդել մեր ներքին համոզմունքը և վճռականությունը, որ քայլ առ քայլ գնալու ենք դեպի իրականում ամենալավ երկիրը հայերի համար», - նշել է Կարապետյանը:
Նույն օրը Հայաստանի վարչապետն այցելել է Լիբանանի մայրաքաղաքում գործող հայկական հոգևոր և կրթամշակութային օջախներ՝ Հայկազյան համալսարան, Զմմառի վանք: