Մատչելիության հղումներ

Չավուշօղլու․ Թուրք-ամերիկյան հարաբերությունները մոտ են խզման կետին


Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

Թուրք-ամերիկյան հարաբերությունները գտնվում են փլուզման եզրին, այսօր Մոսկվայում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, պնդելով՝ Վաշինգտոնը դրժում է Անկարային տրված խոստումները. մինչ օրս ոչ միայն դուրս չի բերում քրդերին Սիրիայի հյուսիսից, այլև շարունակում է զենք-զինամթերք տրամադրել քրդական խմբավորումներին:

«Մեր հարաբերությունները մոտ են խզման կետին, փետրվարին մենք աշխատանքային խմբեր ենք ստեղծել՝ իրավիճակը փրկելու համար», - ասել է Չավուշօղլուն, միաժամանակ հավելելով՝ Թուրքիան Նահանգների առաջ պայման է դրել: «Այլևս չենք հանդուրժի, եթե նրանք վերստին խախտեն մեզ տված խոստումները: Այդ դեպքում մեր հարաբերությունների շարունակումն ի՞նչ իմաստ ունի», - հարց է հնչեցրել Թուրքիայի արտգործնախարարը:

Ավելին, Մոսկվա կատարելիք այցից առաջ թուրքական մամուլին տված հարցազրույցում Չավուշօղլուն պնդել է, թե թուրքական բանակը պատրաստվում է Սիրիայի քրդաբնակ Աֆրինը գրավելուց հետո մտնել հարևան Մանբիջ, ուր ամերիկյան զորքեր են տեղակայված, և մնալ այնտեղ՝ ամերիկացիների հետ համատեղ: «Թուրքիայի և Միացյալ Նահանգների զինված ուժերի վերահսկողությամբ՝ քրդերը պետք է դուրս գան Մանբիջից, դրանից հետո արդեն մենք՝ ամերիկացիների հետ, կերաշխավորենք քաղաքի անվտանգությունը», - ասել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Ընդ որում, Անկարան մտադիր չէ սահմանափակվել դրանով: «Մանբիջից հետո թուրքական բանակը կմտնի ու ամերիկացիների հետ անվտանգություն կապահովի նաև Սիրիայի մյուս շրջաններում, որ այժմ գտնվում են քուրդ զինյալների վերահսկողության տակ՝ Ռաքքայից մինչև Իրաքի սահման», - ասել է Չավուշօղլուն, զգուշացնելով՝ եթե Անկարայի այս ծրագիրը տապալվի, Թուրքիան ինքնուրույն կշարունակի ռազմական գործողությունները ամերիկացիների աջակցությունը վայելող քրդական խմբավորումների դեմ: Ի դեպ, լրագրողների հետ զրույցում Թուրքիայի արտգործնախարարը պնդել է, թե այս հարցում Վաշինգտոնի հետ արդեն կա նախնական համաձայնություն, ամերիկյան կողմը, սակայն, այդ պնդումներն առայժմ չի հաստատել:

Հայտնի է, որ ռուսական կողմի հետ բանակցություններից հետո՝ հաջորդ շաբաթասկզբին, Չավուշօղլուն պատրաստվում է մեկնել Վաշինգտոն, ուր, իր խոսքով, պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ քննարկելու է Սիրիայում խաղաղություն հաստատելու ճանապարհային քարտեզը:

Մինչ Նահանգներ մեկնելը, ելույթ ունենալով Մոսկվայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում, Չավուշօղլուն ընդգծել է՝ ի տաբերություն թուրք-ամերիկյանի, Ռուսաստանի հետ Անկարայի հարաբերությունները զարգանում են առանց խոչընդոտների: Ակնկալվում է, որ վաղը երկու երկրների արտգործնախարարները դռնփակ հանդիպում կանցկացնեն Մոսկվայում, ապրիլի սկզբին էլ Ռուսաստանի նախագահը կայցելի Թուրքիա՝ Ակկույու ատոմակայանի հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը մասնակցելու:

«Մենք մի շարք դրական պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, այդ թվում՝ «Թուրքական հոսք» գազատարի երկրորդ ճյուղը կառուցելու հարցում, որով նախատեսվում է ռուսական գազը Սև ծովով հասցնել Թուրքիա և Եվրոպա», - ասել է Մևլութ Չավուշօղլուն: - «Մենք շատ կարևոր ենթակառուցվածքային ծրագրեր ենք իրականացնում, ինչպես գիտեք՝ ապրիլի սկզբին տեղի կունենա Թուրքիայի առաջին ատոմակայանի հիմնարկեքի արարողությունը, որին կմասնակցեն երկու երկրների նախագահները»:

Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է, որ վաղը ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը քննարկելու է նաև համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում, այդ թվում՝ ռուսական S-400 (С-400) հակաօդային պաշտպանության համակարգերի համաձայնագիրը:

«Մենք այդ զենիթահրթիռային համակարգերը օգտագործելու ենք միայն սեփական անվտանգությունն ապահովելու համար», - Մոսկվայում հայտարարել է Չավուշօղլուն՝ չթաքցնելով, որ ռուսներից զենք ձեռք բերելու հարցում հակասություններ կան Հյուսիսատլանտյան դաշինքի հետ․ - «Այո, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, սակայն մենք անկախ պետություն ենք, ոչ թե արբանյակ-պետություն, և ինչպես դաշինքի մյուս անդամներն են զենք գնում ՆԱՏՕ-ին չանդամակցող երկրներից, այնպես էլ մենք ազատ ենք և իրավասու զենք գնել այն երկրից, որ նպատակահարմար ենք համարում: Թուրքիան պաշտպանական այդ համակարգերի կարիքը խիստ ուներ, և շտապ, սակայն ՆԱՏՕ-ի երկրները, որ ունեին նման համակարգեր, չէին ցանկանում վաճառել դրանք Անկարային»:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ռուսական հակաօդային պաշտպանական այդ համակարգերի մատակարարումը Թուրքիային կսկսվի երկու տարուց՝ 2020 թվականից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG