Մատչելիության հղումներ

Հայաստանի և Լիբանանի վարչապետերը քննարկել են տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները


Վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Լիբանան:

Բեյրութի միջազգային օդանավակայանում պաշտոնական դիմավորման արարողությունից հետո վարչապետի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Լիբանանի կառավարության նստավայր, որտեղ Կարեն Կարապետյանին դիմավորել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին:

Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, Հայաստանի և Լիբանանի վարչապետների առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների կառավարական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

«Լիբանանյան ընկերությունները կարող են օգտագործել մեր հարթակն առավել լայն շուկաներ մուտք գործելու համար՝ հաշվի առնելով մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ին, Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտին և ԵՄ հետ GSP+ առևտրային ռեժիմը: Առհասարակ, այժմ լավ ժամանակ է Հայաստան գալու և մեր երկրում ներդրում կատարելու առումով», - ասել է վարչապետը և ներկայացրել նաև Հայաստանում բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող քայլերը:

Կարեն Կարապետյանն առաջարկել է դիտարկել նաև համատեղ ձեռնարկություններ հիմնելու հնարավորությունը՝ թեթև արդյունաբերության, ոսկերչության, դեղագործության և գյուղատնտեսության ոլորտներում։

Սաադ Հարիրին, ընդգծելով Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման կարևորությունը, նշել է, որ Լիբանանը նույնպես լավ վայր է ներդրումներ իրականացնելու համար, մասնավորապես, ենթակառուցվածքների, այդ թվում՝ նաև պետություն-մասնավոր հատված համագործակցության համատեքստում:

Հայաստանի և Լիբանանի վարչապետները քննարկել են գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, մշակութային ոլորտներում ընթացիկ համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել համատեղ աշխատել՝ այն ընդլայնելու և խորացնելու ուղղությամբ:

Կարեն Կարապետյանն առաջարկել է նաև ուսումնասիրել հայ-լիբանանյան ներդրումային հիմնադրամի ստեղծման գաղափարը՝ համատեղ ծրագրերը ֆինանսավորելու նպատակով, ինչպես նաև նշել, որ հայկական կողմը պատրաստ է կիսվելու արևային էներգետիկայի ոլորտում իր փորձով:

Վարչապետն իր լիբանանցի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան՝ նշելով, որ այցի շրջանակում կարելի է նաև կազմակերպել հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի նիստ՝ վերոնշյալ հարցերը քննարկելու և փոխգործակցության նոր ուղղություններ նախանշելու համար: Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև Լիբանանի հայ համայնքի կարևոր դերակատարությունը երկկողմ հարաբերությունների խորացման ու սերտացման գործում:

Հանդիպման ավարտին վարչապետ Կարեն Կարապետյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի «Ոսկե գրքում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG