Մատչելիության հղումներ

Լևոն Բարսեղյան․ Արմեն Սարգսյանի հայտունակության հետ կապված կասկածները չեն փարատվում


«Հաճելի էր տեսնել Դավիթ Հարությունյանի տանջանքները, և եթե մեր հայրենիքին չվերաբերեր այս խայտառակությունը, կարելի կլիներ նույնիսկ զվարճանալ էդ տանջանքներով», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը՝ մեկնաբանելով արդարադատության նախարարի հայտարարությունները Հայաստանի նորընտիր նախագահի լեգիտիմության վերաբերյալ:

Հարությունյանը, հիշեցնենք, պնդում է, որ Ազգային ժողովի կողմից մարտի 2-ին Հայաստանի չորրորդ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը լեգիտիմության խնդիր չունի: Արդարադատության նախարարի խոսքով՝ կարևոր չէ, թե երբ է Մեծ Բրիտանիան դադարեցրել Արմեն Սարգսյանի քաղաքացիությունը, կարևորն այն է, որ Սարգսյանը դիմել է այդ երկրի քաղաքացիությունից հրաժարվելու համար:

Հայաստանյան մի շարք կազմակերպությունների համար, սակայն, այդ հիմնավորումը բավարար չէ: Նրանց կարծիքով՝ նորընտիր նախագահն այդպես էլ չապացուցեց, որ համապատասխանում է Սահմանադրության պահանջներին, որոնց համաձայն՝ նախագահը պետք է վերջին վեց տարում միայն Հայաստանի քաղաքացիություն ունենա:

Դավիթ Հարությունյանը և շատ ուրիշներ, Լևոն Բարսեղյանի պնդմամբ, «ծառայում են ընդամենը Սերժ Սարգսյանի վարչարարության կամ վարչախմբի արդարացնողներ, բայց, ինչքան նկատում ենք, այնքան էլ դա իրենց չի հաջողվում»: «Փորձում են այդ կարևոր հանգամանքին վերագրել բյուրոկրատական քաշքշուկի բնույթ և ասել, որ «այդ ապացույցը մեզ համար այնքան կարևոր չէ՝ կարևորն այն է, որ Արմեն Սարգսյանը հրաժարվել է կամ դիմում է գրել քաղաքացիությունից հրաժարվելու մասին», - շարունակեց «Ասպարեզ» ակումբի ղեկավարը:

Բարսեղյանի փոխանցմամբ՝ «24, և հիմա այդ թիվը ավելանում է, կազմակերպություններ իրենց կասկածներն են հայտնել, որոնք այդպես էլ չեն փարատվել, Արմեն Սարգսյանի հայտունակության հետ կապված, որ նա բավարարում էր նույնիսկ Սերժ Սարգսյանի կեղծած Սահմանադրությամբ սահմանված պահանջներին»:

«Ինձ թվում էր, որ Արմեն Սարգսյանի համար որևէ բարդություն չպիտի լիներ այդպիսի ապացույց ներկայացնել Ազգային ժողովին, եթե կար այդպիսի ապացույց», - ասաց «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահը՝ շարունակելով․ - «Չունի, ըստ ամենայնի, այդպիսի ապացույց չունի՝ ես իրավունք ունեմ ողջամիտ կերպով այդպիսի կասկած հայտնելու, որովհետև համարում եմ, որ մարդը, ով հավակնում է այդպիսի բարձր պաշտոնի, պիտի ինքը ջանքեր ներդնի, որպեսզի իր օրինավորության հետ կապված որևէ կասկած չլինի որևէ մեկի մոտ»:

Ըստ Բարսեղյանի՝ ավելի կարևոր հանգամանք է այն, որ «Արմեն Սարգսյանը Հայաստանի քաղաքացիությունը ընդունում է ըստ իր անձնական նպատակահարմարության»: «Եթե, ասենք, մի կես տարի Հայաստանի նախագահ լինելուց հետո մի տեղից մի լավ ճանապարհ բացվի, մի լուսամուտ բացվի, կարող է թողնի Հայաստանի քաղաքացիությունը, գնա դառնա, ասենք, Շրի Լանկայի քաղաքացի, հետո, ասենք, տրամադրությունը փոխվի՝ նորից մի հետաքրքիր բան առաջարկեն էստեղից՝ գա: Սա առաջին դեպքը չէ Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու, Հայաստանի քաղաքացիություն ստանալու, վերցնելու մեկ այլ երկրի քաղաքացիություն այն ժամանակ, երբ Հայաստանի Սահմանադրությունը արգելում էր լինել երկքաղաքացի՝ 2005 թվից առաջ», - ընդգծեց Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի խոհրդի նախագահը:

«Սրանք անհամեմատ ծանրակշիռ կռվաններ են Արմեն Սարգսյանի նախագահ, վարչապետ կամ Հայաստանի որևէ պետական պաշտոնյա, նույնիսկ դեսպան լինելու դեմ, նույնիսկ մարզպետ լինելու դեմ: Կներեք, ես պիտի համեմատեմ հյուրախաղերի եկողի հետ՝ մենք գաստրոլյորի հետ գործ ունենք», - հայտարարեց Լևոն Բարսեղյանը:

Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG