Մարտի 8-ի՝ Կանանց տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և ընտրված նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
«Մեր երկրում չկա որևէ ոլորտ ու բնագավառ, որտեղ չզգացվի կանանց բարենպաստ ներկայությունը և ակտիվ մասնակցությունը: Նրանք ուսուցիչ են, բժիշկ, ձեռներեց ու պետական գործիչ, զինվորի մայր են ու զինվորական: Մեր ողջ հասարակության անունից ձեզ երախտագիտություն եմ հայտնում և գլուխ խոնարհում ձեր առջև», - մասնավորապես ասված է Հայաստանի նախագահի շնորհավորական ուղերձում:
«Ձեր մասնագիտական նվաճումներն ու առաջընթացը, ինչպես նաև հասարակական ու քաղաքական ակտիվությունը բացառիկ կարևորություն ունեն Հայաստանի զարգացման և ապագայի համար: Ավելի արդար ու ազատ հասարակություն, ավելի հզոր ու բարեկեցիկ երկիր ձևավորելու գործում ձեր մասնակցությունն ունի անփոխարինելի նշանակություն», - իր ուղերձում գրել է Սերժ Սարգսյանը:
«Մաղթում եմ ձեզ երջանկություն անձնական կյանքում և հաջողություններ աշխատանքային գործունեության մեջ: Առողջ և ամուր ընտանիքը մեր ժողովրդի և երկրի հարստությունն է, իսկ այդ հարստության մշտարթուն պահապանը դուք եք, սիրելի՛ կանայք: Գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ կրկին շնորհավորելով ձեզ՝ մաղթում եմ բոլորիդ սեր և բարօրություն», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է ուղերձում:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է․ - «Լուսո Խորան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում բոլոր կանանց և շնորհավորում Մարտի 8-ի տոնական առիթով։ Նշանակալի այս տոնը ևս մեկ առիթ է վերարժևորելու մեր ժողովրդի կյանքում կանանց՝ մեր մայրերի, քույրերի ու դուստրերի անուրանալի դերակատարությունը: Դարեր շարունակ հայ կինն է ոգեշնչել ու խանդավառել մեր քաջորդիներին՝ չնահանջող արիությամբ մարտնչելու մեր հայրենիքի, նվիրական մեր ընտանիքների, ազգային ու հոգևոր սրբությունների պահպանման համար»:
«Սիրելինե՛ր, Մեր մաղթանքն է, որ հարատև և ամուր մնաք սիրո ու նվիրումի ձեր կատարյալ առաքինության մեջ, որովհետև այս շնորհներն են աղբյուրը երջանկության, ստեղծագործության և կյանքի առաջընթացի, գոյության գրավականը` ընտանիքի, ազգի և պետության: Նոր հաջողություններ ենք մաղթում ընտանեկան, ազգային ու պետական կյանքում ներդրվող ձեր նվիրական ջանքերին և իրականացում ձեր բարի իղձերին», - իր ուղերձում գրել է Վեհափառ հայրապետը: