Մատչելիության հղումներ

Լիոնի քաղաքապետը հույս ունի բազմաբնույթ համագործակցություն ծավալել Հայաստանի հետ


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությանը:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Սերժ Սարգսյան հանդիպման սկզբում նախ շնորհավորել է Կեպենեկյանին Լիոնի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նորանշանակ քաղաքապետն իր փորձն ու ունակությունները լավագույնս կծառայեցնի ինչպես Լիոնի և Երևանի միջև հարաբերությունների սերտացման, այնպես էլ հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործին:

Անդրադառնալով բարձր մակարդակի հայ-ֆրանսիական հարաբերություններին՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ բարեկամությունը սահմաններ չունի, և երկու երկրները մշտապես պարտավոր են ընդարձակել համագործակցությունն ու տարեցտարի ամրապնդել հարաբերությունները:

Ժորժ Կեպենեկյանը նշել է, որ իր գլխավորած պատվիրակության կազմում ներգրավել է տարբեր ոլորտների փորձառու մասնագետների, որոնց օգնությամբ հույս ունի բազմաբնույթ համագործակցություն ծավալել Հայաստանում՝ այդպիսով փոխհարաբերությունների մի նոր էջ բացելով ինչպես Երևանի ու Լիոնի, այնպես էլ երկու բարեկամ երկրների միջև:

Լիոնի քաղաքապետը գոհունակությամբ է խոսել այցի շրջանակներում ունեցած, իր բնորոշմամբ, արգասաբեր հանդիպումների ու մի շարք ոլորտներում արդեն իսկ ձեռքբերված համագործակցության պայմանավորվածությունների մասին:

Կեպենեկյանի գլխավորած պատվիրակության անդամները ևս ընդգծել են, որ փոխգործակցության մեծ ներուժ են տեսնում Հայաստանի հետ։

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև այս տարի Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը մեծ պատասխանատվությամբ է մոտենում այդ կարևոր միջոցառման կազմակերպմանը, քանզի համարում է, որ ֆրանկոֆոնիան միայն լեզվական կամ մշակութային ընդհանրությունների շուրջ ձևավորված կառույց չէ, այլ առաջին հերթին առաջադեմ քաղաքակրթական արժեքային համակարգ, որն ուրույն դերակատարում է ունեցել մարդկության քաղաքակրթության ու առաջընթացի գործում, որի կրող է նաև հայ ժողովուրդը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG