Մատչելիության հղումներ

Արևելյան Գուտայում ստեղծված մարդասիրական միջանցքից վերջին տասն օրում ընդամենը 17 խաղաղ բնակիչ է օգտվել


Սիրիա - Ռմբակոծությունների պատճառած ավերածությունները Արևելյան Գուտայի Դումա բնակավայրում, 5-ը մարտի, 2018թ․
Սիրիա - Ռմբակոծությունների պատճառած ավերածությունները Արևելյան Գուտայի Դումա բնակավայրում, 5-ը մարտի, 2018թ․

Չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված և Սիրիայում երեսնօրյա հրադադար հայտարարող 2401 բանաձևի դրույթները գոնե ֆորմալ առումով շարունակում են ուժի մեջ մնալ` ռազմական գործողությունները այդ երկրի տարածքում չեն դադարում: Առավել կատաղի մարտեր են ծավալվել Դամասկոսից ոչ հեռու գտնվող Արևելյան Գուտայի շրջանում: Բաշար Ասադին հավատարիմ ուժերը շարունակում են հարձակումը ընդդիմության կողմից վերահսկվող և 2013 թվականից պաշարման մեջ գտնվող այս շրջանի ուղղությամբ` խոստանալով, որ շատ շուտով Արևելյան Գուտայում տեղակայված զինված խմբավորումների դիմադրությունը վերջնականապես կհաղթահարվի:

Միջազգային կազմակերպությունները` մասնավորաբար ՄԱԿ-ի ներկայացուցիչները, շարունակում են հայտարարել, որ սիրիական կառավարական զորքերի և դրանց աջակցող ռուսաստանյան օդուժի գործողությունների հետևանքով նախևառաջ խաղաղ բնակիչներն են տուժում: «Երեկ իրականացված օդային հարձակումների հետևանքով, օրինակ, Արևելյան Գուտայում 19 խաղաղ բնակիչ է զոհվել, որոնցից 4-ը՝ երեխաներ», - հաղորդում է «Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը»: Նույն աղբյուրի փոխանցմամբ, փետրվարի 18-ից ի վեր Արևելյան Գուտայում զոհված խաղաղ բնակիչների թիվը գերազանցում է 600-ը:

Անցած շաբաթ Ռուսաստանի զինված ուժերը հայտարարեցին Գուտայում կրակի ամենօրյա 5-ժամյա դադարեցման մասին, որը պետք է հնարավորություն տար դուրս բերել վիրավորներին և այն խաղաղ բնակիչներին, որոնք կցանկանային հեռանալ ընդդիմության կողմից վերահսկվող շրջանից: Սիրիայում տեղակայված ռուսական զորամիավորման ներկայացուցիչները, սակայն, խոստովանում են, որ 400 հազար բնակիչ ունեցող Գուտայից վերջին շրջանում հաշվված թվով մարդկանց է հաջողվել դուրս բերել:

«Արևելյան Գուտայից վերադարձող մարդասիրական շարասյան հետ մեզ հաջողվել է 13 խաղաղ բնակչի դուրս բերել, այդ թվում՝ 5 երեխաների: Մենք պատրաստ էինք նաև դուրս բերել ավելի քան 1000 հիվանդների և վիրավորների, սակայն զինյալները մեզ նման հնարավորություն չընձեռեցին», - հայտարարում է Սիրիայում գործող ռուսական ստորաբաժանումների կողմից ստեղծված «Հաշտեցման կենտրոնի» ղեկավար գեներալ-մայոր Յուրի Եվտուշենկոն: Նրա պնդմամբ՝ Արևելյան Գուտայի խաղաղ բնակչությունը կցանկանար լքել այս շրջանը, սակայն այն վերահսկող զինված խմբավորումները դա թույլ չեն տալիս:

«Տարեցները, կանայք և երեխաները բռնի կերպով պահվում են պատանդի կարգավիճակում: Նրանց օգտագործում են որպես կենդանի թիրախ: Դա է պատճառը, որ հրադադարի հռչակումից ի վեր Արևելյան Գուտայից ընդամենը 17 խաղաղ բնակիչ է դուրս եկել», - հայտարարում էր ռուս գեներալը:

Անկախ աղբյուրները, մինչդեռ, պնդում են, որ Արևելյան Գուտայի խաղաղ բնակիչները խուսափում են օգտվել ռուսաստանյան բանակի կողմից ստեղծված մարդասիրական միջանցքից, քանի որ հետագայում նրանք հայտնվում են կառավարական զորքերի վերահսկողության տակ գտնվող շրջանում, ինչը գրեթե անխուսափելի ռեպրեսիաներ է ենթադրում: Ավելի վաղ պաշտոնական Անկարան առաջարկել էր Արևելյան Գուտայում գտնվող հարյուրավոր վիրավորներին դուրս բերել Թուրքիայի տարածք:

Այս շրջանում ստեղծված կացությունը, ի դեպ, երեկ երեկոյան քննարկել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները: Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ նշվում է․ - «Կողմերն ընդգծել են Արևելյան Գուտայում գործող ահաբեկչական կառույցների դեմ անզիջում պայքար ծավալելու անհրաժեշտությունը»: Թուրքական կողմի տարածած հաղորդագրության մեջ էլ նշված է՝ Էրդողանն ու Պուտինը համակարծիք էին, թե «Արևելյան Գուտայում ծավալված ողբերգության դադարեցումը կենսական նշանակություն ունի»:

Արևելյան Գուտայում կառավարական ուժերի հարձակման մասին այսօր խոսել է նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը:

«Արևելյան Գուտայում խաղաղ բնակիչների դեմ կիրառվող դաժան և զանգվածային հարձակումները մի քանի հարյուր զինյալների դեմ պայքարի անհրաժեշտությամբ արդարացնելու փորձերը սնանկ են թե՛ իրավական և թե՛ բարոյական տեսանկյունից: Երբ դու պատրաստ ես կոտորել քո սեփական քաղաքացիներին, ստելը ևս բավական դյուրին է: Սիրիայի կառավարության կողմից հնչեցվող պնդումները, թե իշխանությունները խաղաղ բնակչության պաշտպանությանն ուղղված քայլեր են ձեռնարկում, պարզապես անհեթեթ են», - հայտարարում էր ՄԱԿ-ի ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG