Մատչելիության հղումներ

Վրաստանը բարդացնում է ազգանուն փոխելու գործընթացը


Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլի
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլի

Ազգանուն փոխելը Վրաստանում այսուհետ շատ ավելի դժվար է լինելու: Այս մասին երեկ կայացած կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին` արձանագրելով, որ երկրի որոշ քաղաքացիներ Եվրամիության տարածքից արտաքսվելուց հետո փոխում են ազգանունը և կրկին մեկնում Շենգենյան գոտու պետություններ:

«Ինչպես գիտեք, վիզային ազատականացման ասպարեզում որոշակի խնդիրներ և մարտահրավերներ են ի հայտ եկել: Դրանք հաղթահարելու նպատակով մենք գործողությունների համալիր ծրագիր ենք մշակել, որի բաղկացուցիչ մասերից մեկը Արդարադատության նախարարության ներկայացրած առաջարկներն են: Դրանց կիրառման դեպքում ազգանվան փոփոխության ողջ գործընթացը մեր երկրում զգալիորեն բարդացվելու է: Ցավում եմ, բայց Վրաստանի քաղաքացիներից ոմանք փորձում են Շենգենյան գոտու պետություններ մուտք գործել տարբեր ազգանուններով և հետագայում հանցագործություններ են կատարում», - նշում էր Վրաստանի վարչապետը:

Գիորգի Կվիրիկաշվիլիի այս հայտարարությունը հնչեց նույն այն ժամերին, երբ Թբիլիսիում մեկնարկեցին Վրաստանի և Գերմանիայի ներքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների բանակցությունները:

Գերմանացի պաշտոնյաներն իրենց վրաց գործընկերների հետ քննարկում էին առանց վիզա Եվրամիության մեկնող և այնտեղ ապաստան խնդրող վրացիների հարցը:

«Ապաստանի գրեթե բոլոր դիմումները մերժվելու են, և նման խնդրանքով դիմած Վրաստանի բոլոր քաղաքացիները ուղարկվելու են հայրենիք, անհրաժեշտության դեպքում՝ նաև ստիպողաբար», - բանակցությունների մեկնարկին հայտարարում էր գերմանական պատվիրակության ղեկավար Քրիստիան Կլոսը` նշելով նաև, որ արտաքսվածների հետագա մուտքը Շենգենյան գոտի ևս արգելվելու է:

Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան, սակայն, վստահեցնում է` երկրի օրինապաշտ քաղաքացիները մտահոգվելու կարիք չունեն:

«Ազատ վիզային ռեժիմի սառեցման մեխանիզմը գործարկելու հարցը չի քննարկվում: Այդ հարց մեր օրակարգում պաշտոնապես ընդգրկված չէ: Այլ հարց է, որ Եվրամիության անդամ պետություններում որոշ մտահոգություններ կան` ապաստան հայցող Վրաստանի քաղաքացիների թվաքանակի աճի հետ կապված», - նշում էր Գիորգի Գախարիան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG