Մատչելիության հղումներ

Եվրամիությունում կարող է քննարկվել Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմի սառեցման հարցը


Վրաստանի և Եվրամիության դրոշները Թբիլիսիի միջազգային օդանավակայանում, արխիվ
Վրաստանի և Եվրամիության դրոշները Թբիլիսիի միջազգային օդանավակայանում, արխիվ

Շենգենյան գոտու պետությունների հետ ազատ վիզային ռեժիմ սահմանելուց գրեթե մեկ տարի անց Եվրամիության տարածքում քաղաքական ապաստան հայցող Վրաստանի քաղաքացիների թիվը կտրուկ կերպով աճել է: Այս մասին շաբաթասկզբին գրել է գերմանական Die Welt պարբերականը` վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարության տվյալները: Պարբերականի տեղեկություններով՝ միայն Գերմանիայի իշխանություններին քաղաքական ապաստանի խնդրանքով դիմած Վրաստանի քաղաքացիների թիվը վերջին կես տարում եռապատկվել է:

«Նախորդ տարվա սեպտեմբերին Գերմանիայում քաղաքական ապաստանի դիմում է ներկայացրել Վրաստանի 238 քաղաքացի, հոկտեմբերին` 355, նոյեմբերին` 444: 2017 թվականի դեկտեմբերին արդեն Գերմանիայի իշխանություններին քաղաքական ապաստանի խնդրանքով դիմած վրացիների թիվը հասել է 522-ի», - գրում է Die Welt-ը` հավելելով․ - «Այս միտումը պահպանվել է նաև 2018 թվականին: Հունվար ամսին Գերմանիայում քաղաքական ապաստան հայցող վրացիների ընդհանուր թիվը 745 էր»:

Այս վիճակագրությունը ստիպում է Գերմանիայի իշխանություններին լրջորեն մտորել Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմի սառեցման հարցը Եվրամիության կառույցներում քննարկելու մասին: Փետրվարի սկզբին նման առաջարկով հանդես եկավ Գերմանիայի ամենամեծ և բարեկեցիկ երկրամասերից մեկի` Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի ինտեգրման հարցերով նախարար Յոախիմ Շտամպը: Գերմանացի պաշտոնյայի խոսքով՝ Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմն իրեն չի արդարացնում, քանի որ վերջին մեկ տարում աճել է ոչ միայն քաղաքական ապաստան հայցողների, այլև վրացիների կողմից Եվրամիության տարածքում կատարված հանցագործությունների թիվը:

Միայն երկու օրինակ: Անցած շաբաթավերջին շվեդական ոստիկանությունը Lynx կոչվող լայնածավալ գործողության արդյունքում 50-հոգանոց մի հանցախումբ ձերբակալեց, որի 23 անդամները Վրաստանի քաղաքացիներ էին: Նրանց կասկածում են սպանությունների, թմրանյութերի տարածման և շորթման մեջ:

Դրան զուգահեռ՝ ֆրանսիական ոստիկանությունը Փարիզում վրացական հանցավոր խմբավորումներից մեկի 8 անդամների ձերբակալեց, որոնց ֆրանսիացի դատախազները մեղադրում են բնակարանային գողություններ կատարելու և վրացի «օրենքով գողերի» ցուցումով գործելու մեջ:

Այս ամենի ֆոնին պատահական չէ, որ Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը, կիրակի օրը մյունխենյան համաժողովի ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին, չբացառեց, որ Եվրամիությունը կարող է գործի դնել Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմի սառեցման մեխանիզմը:

«Վրաստանում հասկանում են, որ եթե ապաստան հայցողների թիվը կտրուկ կերպով աճի, ապա մենք կգործարկենք [ազատ վիզային ռեժիմի] սառեցման մեխանիզմը: Ազատ վիզային ռեժիմի ապագան Վրաստանի ձեռքում է: Մենք իհարկե կարող ենք և սպասել, սակայն ապաստան հայցողների թվի աճը մտահոգիչ է: Մյուս մտահոգիչ գործոնն այն է, որ ի տարբերություն մյուս պետությունների քաղաքացիների` ապաստան հայցող վրացիների շրջանում հանցագործություն կատարած անձանց թիվն ավելի մեծ է: Այնպես որ, Վրաստանը շատ անելիք ունի», - հայտարարում էր Գերմանիայի ներքին գործերի նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG