Մատչելիության հղումներ

Վիճաբանություն դպրոցի բակում. պարզվել է կրակոց արձակած անձի ինքնությունը. ՔԿ


Քննչական կոմիտեի շենքը Երևանում
Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ պարզվել է Երևանի դպրոցներից մեկի բակում զենքի գործադրմամբ տեղի ունեցած միջադեպի շարժառիթը, մասնակիցների շրջանակը:

Ըստ կոմիտեի, փետրվարի 28-ին` ժամը 21:30-ի սահմաններում, երկու քաղաքացիներից հաղորդումներ են ստացվել առ այն, որ Երևանի դպրոցներից մեկի բակում հնչել են կրակոցներ: Ըստ քաղաքացիների, դպրոցի բակից լսվել են կրակոցի և աղմուկի ձայներ, դեպքի վայրում եղել են բազմաթիվ անձինք, ովքեր կրակոցներից հետո հեռացել են:

Ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնած իրավապահները զննության ժամանակ դպրոցի բակում հայտնաբերել են ռետինե պարկուճ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով [խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ], ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

«Արդյունքում պարզվել է, որ դպրոցի բակում վիճաբանել են մի խումբ երիտասարդներ՝ մասնավոր հարցերի շուրջ։ Վիճաբանությունը վերաճել է քաշքշուկի, որի ժամանակ էլ մասնակիցներից մեկը գազային ատրճանակից կրակոց է արձակել։ Վերջինիս ինքնությունը պարզվել է, ով ներգրավվել է որպես կասկածյալ և հարցաքննվել դեպքի շուրջ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Կասկածյալը ներկայացրել է այն գազային ատրճանակը, որով միջադեպի ժամանակ կրակել է։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ», - նշում է կոմիտեն՝ շարունակելով. - «Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը պարզելու և նրանց գործողություններն անհտականացնելու ուղղությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG