Երկրորդ օրն է՝ Պրահայում ու Չեխիայի խոշոր քաղաքներում զանգվածային ցույցեր են. հազարավոր մարդիկ պահանջում են չեղարկել խորհրդարանի՝ անցած շաբաթավերջին ընդունած որոշումը, որով կոմունիստների օրոք ցուցարարների դեմ ուժ կիրառած ոստիկանապետերից մեկը՝ Զդենեկ Օնդրաչեկը նշանակվել է իրավապահ ուժերի գործողությունները վերահսկող հանձնաժողովի նախագահ: Հանձնաժողով, որ հիմա պետք է հետաքննի նույն ոստիկանների, մաքսավորների ու բանտային վերակացուների հանցագործությունները:
«Անշուշտ, պետք է ցույցի դուրս գալ ու բողոքել, մենք ապրել ենք կոմունիստների օրոք ու շատ լավ գիտենք՝ ինչ էր կատարվում այն ժամանակ», - հայտարարում են ցուցարարները:
Ընդդիմախոսները հիշեցնում են՝ կոմունիստ Օնդրաչեկի առաջնորդած ոստիկանական ստորաբաժանումը 1989-ին բռնի ուժ էր կիրառել հանուն ժողովրդավարության փողոց դուրս եկած ցուցարարների դեմ: Ոստիկանական բիրտ գործողություններից՝ մահակներից ու ջրցան մեքենաներից տուժել էին հարյուրավոր մարդիկ, Օնդրաչեկը, սակայն, պնդել էր՝ գործել են ըստ օրենքի, հանուն պետության ու քաղաքացիների․ - «Ոստիկանության գործողությունը բիրտ չէր, այն իրականացվել է ճիշտ այնպես, ինչպես ամրագրված է նորմերում ու համապատասխան կանոններում»:
Ընդ որում, այս հայտարարությունից տասնամյակներ անց՝ այսօր էլ կոմունիստ պատգամավորն իր դիրքորոշումը չի փոխել: «Ես իմ կայացրած որոշումներից որևէ մեկի համար չեմ զղջում», - ասել էր նա չեխական հեռուստաընկերություններից մեկի եթերում:
Վերջերս էլ մեծ աղմուկ էր բարձրացրել Օնդրաչեկի այցը Արևելյան Ուկրաինա, որտեղ նա պաշտպանել էր ռուսների աջակցությունը վայելող անջատականներին, Ուկրաինայի կառավարական զորքերին մեղադրել պատերազմական հանցագործությունների մեջ ու պնդել՝ Կիևը պետք է դադարեցնի «ողբը» Ղրիմի վերաբերյալ:
«Ամո՛թ, վե՛րջ կոմունիզմին», - երեկ վանկարկում էին Պրահայի կենտրոն եկած ցուցարարները:
«Ես այստեղ եմ հանուն իմ թոռների, որպեսզի նրանք լավ ապրեն, որպեսզի բռնապետությունը չվերադառնա», - ասում էր նրանցից մեկը:
Շուրջ 15 տարի Եվրամիության անդամ երկրում Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչն առաջին անգամ է նման բարձր պաշտոնի նշանակվում: Ընդդիմախոսները պնդում են, թե նրա ընտրությանը նպաստել է վարչապետ Անդրեյ Բաբիշը, որին այժմ խիստ անհրաժեշտ են կոմունիստների ձայները՝ նոր կառավարություն ձևավորելու համար:
Հոկտեմբերին տեղի ունեցած ընտրություններում Բաբիշի կուսակցությունը 78 մանդատ ստացավ՝ ամենաշատը մյուս ուժերի համեմատ, բայց ոչ այնքան, որ կարողանա ինքնուրույն կառավարություն ձևավորել: Խորհրդարանի մյուս ուժերը հիմա խուսափում են կոալիցիա կազմել կոռուպցիայի մեջ մեղադրվող միլիարդատեր գործարարի հետ, կոմունիստները, մինչդեռ, չեն բացառում: Բացի այդ, Բաբիշը վաղուց է հայտնի կոմունիստների հետ ունեցած սերտ կապերով, խորհրդային տարիներին, լինելով կոմկուսի շարքերում, նա, ըստ հաղորդումների, համագործակցել է անգամ Պետական անվտանգության ծառայության՝ ԿԳԲ-ի հետ: Ու թեև հիմա՝ բազմամարդ այս ցույցերից հետո վարչապետը հայտարարում է, թե ամեն ինչ կանի Օնդրաչեկի ընտրությունը չեղարկելու համար, ցուցարարները վստահ են՝ հենց նրա խմբակցությունն է կուլիսներում աջակցել կոմունիստ պատգամավորին:
Ակնկալվում է, որ Բաբիշի կուսակցությունն առաջիկա ժամերին պաշտոնական դիրքորոշում կհայտնի Օնդրաչեկի ընտրության շուրջ: Մինչ այդ, չեխերը շարունակում են բողոքի ցույցերն ու ստորագրահավաքը․ երեք օրվա ընթացքում, ըստ հաղորդումների, 14 հազար ստորագրություն է հավաքվել կոմունիստի ընտրության դեմ: