Մատչելիության հղումներ

Գևորգ Գորգիսյան․ Վարչապետի նոր լիազորություններով օժտված անձը դառնալու է հրեշ


Մոտ մեկ ամսից ավարտվում են Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունները: Հայաստանն այսպիսով անցում կկատարի լիարժեք խորհրդարանական կառավարման, ինչից հետո Ազգային ժողովը պետք է վարչապետ ընտրի: Թեև թեկնածուներ հայտնի չեն, բայց ընդդիմադիրները հայտարարում են, որ եթե վարչապետի թեկնածու լինի Սերժ Սարգսյանը, ապա իրենք կպայքարեն դրա դեմ:

Ընդդիմադիր «Ելք» դաշինքում դեռ չեն կողմնորոշվել՝ դո՞ւրս են գալու փողոց, թե՞՝ ոչ: «Ազատության» հետ զրույցում Ազգային ժողովի «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը հայտնեց, որ հարցը դեռ քննարկվում է․ - «Այսինքն՝ մեր ամեն մի քայլ ինչ հետևանք կարող է ունենալ, ինչպես է պետք, այսպես ասած, կառավարել այդ ռիսկերը՝ այդ ամեն քայլից հետո եկող, ինչքանով են արդարացված այդ ռիսկերը, ինչքանով արժե գնալ այդ ռիսկերին, որ ռիսկին արժե գնալ, որ ռիսկին՝ չէ, և այլն, և այլն: Ուղղակի մտքերի բախումներ են, որից պետք է ի վերջո ծնվի այն ճշմարտությունը, դեպի որը մենք պետք է գնանք»:

Հարցին՝ «Ելք» դաշինքում ընդգրկված կուսակցություններից «Լուսավոր Հայաստան»-ը, որի ներկայացուցիչն է ինքը, ավելի՞ զգուշավոր է, Գորգիսյանը արձագանքեց․ - «Չէի ասի միայն մենք, բոլորն ունեն այդ մտավախությունը, այո, ուղղակի որոշ պարագայում կա մտավախություն, որ չի կարելի նաև էսպես անտարբեր նստել և նայել, թե ինչպես է Սերժ Սարգսյանը դառնում վարչապետ: Սա նույնպես գոյություն ունենալու արժանի մտավախություն է՝ քաղաքական ուժի համար, ովքեր տարիներ շարունակ հենց Սերժ Սարգսյանի դեմ են պայքարել, բայց «Լուսավոր Հայաստան»-ը էս կողմից մի քիչ ավելի ազատ է, որովհետև մենք երբեք Սերժ Սարգսյանի դեմ չենք պայքարել, մենք պայքարել ենք երևույթների դեմ: Եվ հենց հիմիկվա էս վարչապետական համակարգով, որը ստեղծվում է, ես ասել եմ, նորից չեմ վախենա կրկնել՝ եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը չլինի, ես կամ Դուք լինենք վարչապետ, դա խնդիր է մեր երկրի համար, որովհետև էդ լիազորություններով օժտված անձը դառնալու է հրեշ, որովհետև էդ լիազորություններով օժտված անձը լինելու է անվերահսկելի, անպատժելի, անկառավարելի, և դա պատուհաս է լինելու մեր երկրի գլխին»:

Հարցին էլ՝ ունե՞ն մտավախություն, որ ժողովուրդը դուրս չի գա պայքարի, «Ելք» խմբակցության քարտուղարը պատասխանեց․ - «Ժողովուրդը իրականում պայքարի հնարավորություն ուներ նախորդ ընտրություններին, և մենք տեսանք, երբ այդ պայքարը ընդամենը մի գրիչի շարժմամբ էր պայմանավորված, ժողովուրդը վարանեց ինչ-որ բան անել, բայց այս պարագայում միգուցե ինչ-որ հույսեր ունեին, չգիտեմ, էն վարչապետի հետ կապված՝ գործող վարչապետի հետ կապված, կամ ինչ-որ խոստումների հետ կապված: Այսինքն, մենք նաև սա չենք բացառում, որ կարող է նրանք մտքափոխված լինեն: Բայց կարծում եմ՝ այն մարդիկ, ովքեր, գոնե մեծամասնությունը առնվազն էդ գումարով քվեարկածների, մտքափոխ չեն լինի»:

Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG