Մատչելիության հղումներ

«Թիվ նկարելու, ուռճացնելու խնդիր չունենք». Կարեն Կարապետյանը ծանոթացել է Արագածոտնի մարզի արդյունքներին


«Մեզ պետք են ճշմարիտ թվեր, մենք թիվ նկարելու, ուռճացնելու խնդիր չունենք», - ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ շաբաթ օրը Արագածոտնի մարզում ծանոթանալով 2017-ի մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին և 2018-ի անելիքներին:

Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը նշել է, որ հանրապետության համախառն ներքին արդյունքի ցուցանիշում մարզի մասնաբաժինը կազմում է 3 տոկոս, համախառն արդյունաբերական արտադրանքի ծավալը 2016 թվականին կազմել է 39.4 մլրդ դրամ, 2017-ին` 35.9 մլրդ դրամ, որից մեկ շնչին բաժին է հասնում շուրջ 280 հազար դրամ:

Մարզպետի խոսքով՝ գյուղատնտեսական համախառն արտադրանքը 2017 թ. կազմել է 89.1 մլրդ դրամ՝ 2016-ի 87 մլրդ դրամի դիմաց, որից մեկ շնչին բաժին է հասնում 693.4 հազար դրամ, որը 2.3 անգամ գերազանցում է հանրապետության միջին ցուցանիշը:

Մարզում առևտրաշրջանառությունը, ըստ Սիմոնյանի, 2017-ին կազմել է 16.9 մլրդ դրամ, ինչը 2016-ի համեմատ ավելի է 1.9 մլրդ դրամով, որից մեկ շնչին բաժին է հասնում 131.6 հազ. դրամ: Մարզում ծառայությունների ծավալը նախորդ տարվա ընթացքում կազմել է 10.9 մլրդ դրամ, որից մեկ շնչին բաժին է հասնում շուրջ 85.5 հազ. դրամ: Աճը 2016-ի համեմատ կազմել է 1.7 մլրդ դրամ: Շինարարության ծավալը 2017-ին կազմել է 26,2 մլրդ դրամ, որը 1.46 անգամ մեծ է հանրապետության միջին ցուցանիշից: Աճը կազմել է 3.6 մլրդ դրամ:

Մարզպետը նշել է, որ մարզում արտահանման ծավալը 2016-ի համեմատ պակասել է 3 մլրդ դրամով՝ 2017-ին արտահանման ծավալը կազմել է 4.6 մլրդ դրամ։

2017-ի ընթացքում Արագածոտնում իրականացվել են 26.2 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր, ինչը 2016-ի համեմատ ավելի է 6 մլրդ դրամով:

Աշոտ Սիմոնյանն ընդգծել է, որ 2018-ի տարեկան աշխատանքային պլանով նախատեսվել է ավելի քան 35.2 մլրդ դրամի ներդրում: Իրականացված ներդրումների հաշվին ստեղծվել է 350 հիմնական աշխատատեղ: Ակնկալվում է, որ ընթացիկ տարում կստեղծվի 600 հիմնական աշխատատեղ:

Մարզպետի խոսքով՝ 2017-ին մասնավոր հատվածի կողմից իրականացվել է 6.5 մլրդ դրամի ներդրում, իսկ 2018-ին պլանավորվել են 20.4 մլրդ դրամի ներդրումներ կաթի և կաթնամթերքի արտադրության, միրգ-բանջարեղենի վերամշակման և չրերի արտադրության, ըմպելիքի և ալկոհոլային խմիչքների արտադրության, ալմաստի վերամշակման, տեքստիլ արդյունաբերության, հանքահումքային արդյունաբերության, զբոսաշրջության և այլ ոլորտներում:

Աշոտ Սիմոնյանը նշել է, որ մարզում առկա է 54100.3 հեկտար վարելահող, որից տարեկան օգտագործվում է մոտ 40-50 տոկոսը:

Մարզպետի խոսքով՝ վարելահողերի չօգտագործման հիմնական պատճառներն են բնակավայրերից հեռու գտնվելը, քարքարոտությունը, ինչպես նաև ոռոգելիության դժվարությունները:

Մարզում 28 հազար հեկտար ոռոգելի վարելահողերից 2017-ին ոռոգվել է 14 հազար հեկտարը: Նախատեսվում է 2018-ի ոռոգելի հողատարածքներն ավելացնել շուրջ 400 հեկտարով` ի հաշիվ ոռոգման ջրագծերի վերանորոգման և ինտենսիվ այգիների հիմնման: 2017-ի ընթացքում հիմնվել են 11 հեկտար ինտենսիվ այգիներ և, ընդհանուր առմամբ, մարզում հիմնված ինտենսիվ այգիների ծավալը ներկայումս կազմում է 30 հեկտար: Միաժամանակ Աշոտ Սիմոնյանն ընդգծել է, որ միայն 2018-ին մարզում նախատեսվում է հիմնել 120 հեկտար ինտենսիվ այգի: 2018-ին Աշտարակ և Ոսկեվազ համայնքներում կշահագործվեն ևս 3 հեկտար ժամանակակից ջերմատներ: Լիզինգային ծրագրով 2017-ի ընթացքում ձեռք է բերվել ժամանակակից 14 միավոր գյուղտեխնիկա, տարվա ընթացքում նախատեսվում է ձեռք բերել ևս 15 միավոր: Մասնավորի հետ քննարկման փուլում է գտնվում գյուղտնտեսական մարզային կայաններ հիմնելու գաղափարը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորել է արտահանման ծավալների ավելացմանն ուղղված քայլերը: Միաժամանակ, գործադիրի ղեկավարը հորդորել է մեծ ուշադրություն դարձնել անասնապահության ոլորտի զարգացմանը և շեշտել, որ արտադրանք ունենալու պարագայում շուկաների հետ կապված խնդիրներ չունեն:

Կարեն Կարապետյանը մարզպետարանի պատասխանատուներին հորդորել է 2018-ի համար պլանավորումն իրականացնել համարձակ և թիրախային, հստակեցնել բոլոր վիճակագրական տվյալները:

«Մեզ պետք են ճշմարիտ թվեր, մենք թիվ նկարելու, ուռճացնելու խնդիր չունենք: Հորիզոնը, պլանը որ դնում ենք՝ պետք է սահմանել մաքսիմալ հագեցած, և այդ պարագայում 95-97 տոկոս կատարողականը շատ ավելի ողջունելի կլինի, քան 120 տոկոսը, երբ հասկանում ենք, որ պլանավորելիս ցածր բեռ ենք վերցրել մեզ վրա, որովհետև մեր մոտակա տարիների աճի տեմպը պետք է տարածաշրջանի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի, աշխարհի համեմատ լինի միջինից ավելին, և մենք 2017 թվականը փակել ենք այդ թվերով», - նշել է վարչապետը:

Զեկուցվել է, որ մարզի համայնքների 2017-ի տեղական բյուջեների եկամուտների փաստացի մուտքերը կազմել են 3 մլրդ 708 մլն 229 հազար դրամ, որը կազմում է տարեկան նախատեսվածի 99.1 տոկոսը, իսկ սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 1 մլրդ 237 մլն 073.2 հազ. դրամ կամ կատարվել է 98 տոկոսով: 2016-ի տարեկան ցուցանիշների համեմատ 2017-ին սեփական եկամուտներն ավելի են հավաքագրվել 218 մլն 211.9 հազ. դրամով:

Աշոտ Սիմոնյանը նշել է, որ մարզի համայնքների 2018-ի տեղական բյուջեների եկամուտների հանրագումարը պլանավորվել է 3 մլրդ 916 մլն 523.4 հազար դրամ, իսկ սեփական եկամուտները՝ 1 մլրդ 433 մլն 169.1 հազար դրամ: 2018-ի մարզի համայնքների սեփական եկամուտների հանրագումարը 2017-ի համեմատ ավելի է նախատեսվել 171 մլն 397.3 հազ. դրամով կամ 23 տոկոսով:

Խորհրդակցությանը քննարկվել են նաև միջհամայնքային ճանապարհների վերանորոգման ոչ ստանդարտ լուծումներ գտնելուն, զբոսաշրջության և ոլորտների առնչվող մի շարք այլ հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG