Մատչելիության հղումներ

«Մարտի 1»-ի զոհերի հարազատները Արմեն Սարգսյանից էլ պահանջ կունենան. Անդրանիկ Քոչարյան


«Մարտի 1»-ից տասը տարի է անցել, սակայն գործը տեղից չի շարժվել, «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց պաշտպանության նախկին փոխնախարար, «Մարտի 1»-ի գործով նախկին Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը, նշելով՝ հասարակությունը և «Մարտի 1»-ի զոհերի հարազատները Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանից էլ այս հարցով պահանջ կունենան։

«Եթե չեմ սխալվում, երկու տարի առաջ Սերժ Սարգսյանն իր մոտ հրավիրեց նախաքննական մարմնի ղեկավարին, ուժայինների ղեկավարներին և հորդորեց նոր լույսի ներքո, նոր թափով իրականացնել բացահայտումներ, բայց մենք տեսնում ենք, որ ոչ մի բան տեղից չի շարժվել՝ այն պատկերը, որ ներկայացրեց դատախազության ներկայացուցիչը, տասը տարի շարունակ նույն զեկույցն են ներկայացրել։ Լսումների ժամանակ լավ կլիներ, որպեսզի նոր խոսք ասեին, նոր հանգամանքներ իրենք փնտրեին, գտնեին և ոչ թե սպասեին, որ ինչ-որ մեկը պետք է բերի և կրակողի հիմնավորված փաստերը դնի նախաքննական մարմնի առաջ», - ասաց Քոչարյանը, նկատելով՝ նոր խաղացողներ են մտնում կառավարման դաշտ և պետք է ներկայացնեն իրենց տեսակետները «Մարտի 1»-ի վերաբերյալ։

«Մեր երկրում ինչ-որ բան է փոփոխվում, վերջին հաշվով կառավարման համակարգում մենք ունեցանք նոր փոփոխություններ՝ նոր խաղացողներ են մտնում կառավարման դաշտ, երկիրը նոր նախագահ պետք է ունենա, նոր մարդ է, որը «Մարտի 1»-ից առաջ չի եղել Հայաստանում և «Մարտի 1»-ի պատկերացումներն, ուզի թե չուզի, պետք է ներկայացնի ևս, չնայած գուցե իր լիազորությունների շրջանակից դուրս է։ Բայց իներցիայով էլ մեր հասարակությունը և զոհվածների հարազատներն իրենից էլ պահանջ կունենան, որպեսզի ինչ-որ ձև իր դիրքն օգտագործի և ազդի նախաքննական մարմնի գործողությունները տեղից շարժելու գործընթացի վրա», - ասաց պաշտպանության նախկին փոխնախարարը։

Անդրադառնալով վերջերս ձևավորված Բարձրագույն դատական խորհրդին՝ Քոչարյանը նշեց՝ խորհրդի աշխատանքները պետք է միտված լինեն անկախ դատական համակարգ ստեղծելուն։

«Այդ դատական համակարգը գուցե մենք կտեսնենք ստեղծված վիճակում, և դրա առաջին փորձությունը պետք է լինի՝ ներազդել հենց «Մարտի 1»-ի, գուցե նաև «Հոկտեմբերի 27»-ի կասեցված գործերը տեղից շարժելու հարցում։ Դրանք շատ կարևոր են, որովհետև այս երկու կարևոր խնդիրները չբացահայտված վիճակում չեն կարող մնալ։ Կանցնեն տարիներ, կանցնեն տասնամյակներ, բայց նրա պահանջը միշտ լինելու է, որովհետև հասարակական ընկալման մեջ այս երկու հանցագործությունները այնպես փոխել են մեր երկրի կյանքը, ուղեծրից դուրս են բերել, և ինչ-որ ձև այդ հարցերի լուծումը նորից մեզ բերի դեպի քաղաքակիրթ ուղեծիր՝ ձևավորելով նաև ճիշտ քաղաքական համակարգ, որը մեզ կտանի դեպի զարգացում», - ասաց Քոչարյանը։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG