Մատչելիության հղումներ

Մուլտիկներով ուղեկցված Պուտինի ուղերձն ԱՄՆ-ում սարսափ չի հարուցել


Պուտինի ռազմատենչ ուղերձը, քաղաքական ծաղրանկար:
Պուտինի ռազմատենչ ուղերձը, քաղաքական ծաղրանկար:

«ԱՄՆ ռազմական կարողությունն այլոց համար անմատչելի է»

Եթե ռուսաստանցիների մեծամասնությունը, այդ թվում քաղաքական վերնախավը, հիացմունքով է խոսում նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա ռազմատենչ ուղերձի մասին, Արևմուտքը ավելի չեզոք և հանգիստ է արձագանքում:

Սպիտակ տան մամլո խոսնակ Սառա Սանդերսն ասել է, թե իր այդ ուղերձով Պուտինն ընդամենն ապացուցել է այն, ինչ Վաշինգթոնը վաղուց գիտեր՝ Ռուսաստանը մեկ տասնամյակ շարունակ խախտում է ստանձնած պարտավորությունները և ապակայունացնող նոր զենքեր մշակում:

Նա ընդգծել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ամեն բան անել երկրի պաշտպանունակությունը հզորացնելու համար:

«700 միլիարդ դոլարի հասնող բյուջեով մեր բանակը կդառնա այնքան հզոր, որքան երբևէ չի եղել, միջուկային զենքի արդիականացման հարցում նախագահի մոտեցումն էլ կերաշխավորի մեր կարողությունները, որոնք այլոց համար անհամեմատելի են», - ասել է Սպիտակ տան խոսնակը:

«Այդօրինակ էժան վիդեոներ ցուցադրելը պատասխանատու կեցվածք չէ»

Պետական դեպարտամենտի գնահատականում կար նաև քննադատություն․ այն արտահայտել է Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության խոսնակ Հիթեր Նաուերթը․ - «Իհարկե, տհաճ էր դիտել տեսահոլովակը Ամերիկայի վրա միջուկային հարձակման մասին, մեզ համար դա տհաճ էր, և մենք դա չենք համարում պատւասխանատու միջազգային դերակատարի կեցվածք»:

Պուտինի ուղերձին է արձագանքել Պենտագոնը: ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակ Դանա Ուայթի փոխանցմամբ, Ռուսաստանի ղեկավարի հայտարարությունները նորություն չեն, Ամերիկայի ժողովուրդը պետք է վստահ լինի, որ լիովին պաշտպանված է:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր հեռախոսով քննարկել են Պուտինի երեկվա ուղերձում տեղ գտած սպառնալիքների հարցը և կարծիք հայտնել, որ Մոսկվայի քաղաքականությունը բացասական հետևանքներ կունենա զինատեսակների հսկողության միջազգային ջանքերի համար:

«Երեկվա ուղերձը ներքին սպառման համար էր»

Արևմուտքի վերլուծաբանների համոզմամբ՝ Պուտինի ուղերձը նախևառաջ ներքին սպառման համար էր: Առաջիկայում նախատեսված են ընտրություններ, և Պուտինը, եթե որևէ արտառոց բան չպատահի, անպայման կվերընտրվի:

Պուտինի ամենամյա ուղերձը տեղափոխել էին «Մանեժ» հենց ելույթին կցված «տպավորիչ» տեսահոլովակները ցուցադրելու համար: Պուտինը կարգադրում էր, և մեծ էկրանին հայտնվում էին ամենակարող հրթիռները, որոնք խոցելի չեն, դրանք օդով և ծովով մահ ու ավեր են հասցնում աշխարհի ցանկացած անկյուն:

Թեպետ ակնհայտ էր, որ աշխարհի բոլոր անկյուններից որպես թիրախ առավել գայթակղիչը Պուտինի համար Ամերիկան է:

Ուղերձի հիմնական նպատակն էր հպատակների մոտ առաջացնել հպարտություն այն բանի համար, որ թեպետ Ռուսաստանում առկա են սոցիալական դժվարություններ, որոնց մասին Պուտինը հպանցիկ խոսել է, միևնույն է, աշխարհում նման հզոր երկիր չկա:

«Ո՜ւխ, մենք ամենաուժեղն ենք», - այդպես են հիմա ասում շարքային ռուսաստանցիներն, ովքեր մարտի 18-ին կգնան ընտրատեղամաս:

«Նման շարժիչով հրթիռ բնության մեջ գոյություն չունի»

Մինչդեռ, ռազմական փորձագետների կարծիքով, Վլադիմիր Պուտինի ուղերձում տեղ գտած որոշ պնդումներ առնվազն կասկածելի են:

Եվ խոսքն այն մասին չէ, որ ցուցադրված տեսահոլովակներից մեկի մուլտիպլիկացիոն կտորը պատրաստվել է 11 տարի առաջ: Խնդիր չէ նաև այն, որ տեսահոլովակների մեծը մասը կազմված էր մուլտերից: Ի վերջո, այդպես ինֆորմացիան մատուցելու եղանակով նաև մնացած երկրներում են աշխատում:

Բայց, օրինակ, միջուկային շարժիչով թևավոր հրթիռ ստեղծելու մասին պնդումը, մեղմ ասած, զարմանք է հարուցում:

Ամերիկացի փորձագետները CNN հեռուստակայանին ասել են, որ Պենտագոնը հետևել է ռուսական նման փորձարկումներին և հստակ գիտի, որ դրանք ձախողվել են:

Իսկ Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրին մոտ կանգնած մի ռուսաստանցի անանուն փորձագետ ասել է, որ միջուկային շարժիչով հրթիռի փորձարկման ընթացքում փոքր ռեակտորի փոխարեն հրթիռում տեղադրել են էլեկտրական մակետ:

Պուտինի հայտարարությունները՝ պրոպագանդա

«Ռուսաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում տարատեսակ պատճառների, այդ թվում պատժամիջոցների հետևանքով խիստ հետ է մնում Արևմուտքից և պարզապես չի կարող ստեղծել միջմայրացամաքային հրթիռ, որն անխոցելի է հակաօդային պաշտպանության համար», - Reuters-ին ասել է մի անանուն արևմտյան բարձրաստիճան պաշտոնյա և հավելել. - «Պուտինի հայտարարությունը կարող է պրոպագանդա լինել»:

Միջուկային շարժիչով թևավոր հրթիռի մասին Պուտինի հայտարարության արժանահավատությունը կասկածի տակ է առնում նաև Տիեզերական քաղաքականության ինստիտուտի տնօրեն Իվան Մոիսեևը․ - «Կարդացել եմ Պուտինի ուղերձը, այնտեղ խառնաշփոթ է: Նման բաներ բնության մեջ չկան: Հնարավոր չէ թևավոր հրթիռի մեջ միջուկային շարժիչ տեղադրել: Նման շարժիչներ դեռ չկան: Կա տիեզերական հրթիռի համար այդպիսի շարժիչ ստեղծելու գաղափար, բայց 2017-ին ոչ մի փորձարկում չի եղել: Գոհ կլինենք, եթե գոնե 2027-ին փորձարկվի»:

Բրիտանիայում լույս տեսնող Independent-ի մեկնաբան Մերի Դեժևսկու համոզմամբ, Պուտինի ուղերձը ոչ այնքան Արևումտքի հասցեին սպառնալիք է, որքան բանակցություններ սկսելու և համաձայնության հասնելու՝ Արևմուտքին հասցեագրված ուղերձ:

XS
SM
MD
LG