Մատչելիության հղումներ

Պենտագոնին չեն զարմացրել միջուկային նոր հրթիռների մասին Պուտինի հայտարարությունները


Ռուսաստան - «Սարմատ» բալիստիկ հրթիռը, արխիվ
Ռուսաստան - «Սարմատ» բալիստիկ հրթիռը, արխիվ

Պենտագոնին չեն զարմացրել միջուկային նոր հրթիռների մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները:

«Պենտագոնը պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի», - երեկ հայտարարել է ԱՄՆ ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Դանա Ուայթը՝ հավելելով․ - «Միացյալ Նահանգների հակահրթիռային համակարգը երբեք ուղղված չի եղել Ռուսաստանի դեմ, և Ռուսաստանը այս մասին քաջ տեղյակ է»:

Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը նաև նկատել է, որ Պուտինի վերջին հայտարարություններից հետո ամերիկացիները մտադիր չեն որևէ փոփոխություններ մտցնել իրենց միջուկային ռազմավարության մեջ:

Փետրվարի 2-ին հրապարակված ԱՄՆ միջուկային ռազմավարության նախաբանում Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մաթիսը ընդգծել էր, որ Միացյալ Նահանգները չի հրաժարվելու միջուկային ծրագրից՝ հատկապես այն պայմաններում, երբ Ռուսաստանը նորացնում է իր միջուկային ներուժը:

Հիշեցնենք, Ռուսաստանի նախագահը մարտի 1-ին Դաշնային ժողովին իր ուղերձի զգալի մասը նվիրել էր նոր միջուկային սպառազինությանը, այդ թվում ներկայացրել էր տեսանյութեր, օրինակ՝ «Սարմատ» հրթիռային համակարգի փորձարկումները: Պուտինը երեկ շուրջ 45 րոպե խոսել է այն մասին, որ Ռուսաստանն ունի այնպիսի միջուկային հրթիռներ, որոնք հանգիստ կարող են հաղթահարել ամերիկյան հակահրթիռային պաշտպանությունը:

Ռուսաստանցի մեկնաբանները նկատում են, որ երեկվա ելույթը երկու հասցեատեր ուներ: Առաջինը, ըստ նրանց, ներքին լսարանն էր՝ ընտրողները: Փորձագետների մի մասը նույնիսկ համոզված են, որ իր այս ելույթով Պուտինը բարձրացրել է իր վարկանիշը:

Քաղաքագետ Ալեքսեյ Մակարկինն էլ գրում է, որ Պուտինի ելույթի երկրորդ հասցեատերը Արևմուտքն էր, ընդ որում՝ ոչ այնքան Միացյալ Նահանգները, որքան՝ Եվրամիությունը: Եվրամիությունը, որ Ռուսաստանի հարևանն է, Պուտինի տրամաբանությամբ, այս տեսանյութերից ու հայտարարություններից հետո պետք է սկսի վախենալ և զգույշ լինել: Եվրամիությունը պետք է մտածի՝ արժե՞ արդյոք, հետևելով Միացյալ Նահանգներին, մտնել Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական հակամարտության մեջ, գրում է Մակարկինը:

Մեկնաբանները նկատում են, որ Ռուսաստանի նախագահի երեկվա հայտարարությունները նաև վկայում են սպառազինության նոր մրցավազքի մասին, ինչպես «սառը պատերազմի» ժամանակ էր:

Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը երեկ լրագրողներին ասել է, որ, իհարկե, այդ նոր սպառազինությունը նոր ծախսեր է պահանջում, սակայն երկրի բյուջեում դրանք նախատեսված են, և Մոսկվան կարող է իրեն թույլ տալ այդ ծախսերը:

Պուտինը երեկ իր ելույթի առաջին հատվածում հայտարարել էր, որ առաջիկա 5-7 տարիներին Ռուսաստանը պետք է հաղթահարի աղքատությունը: Ներկայումս, երկրի նախագահի տվյալներով, Ռուսաստանում աղքատ է 20 միլիոն մարդ, ընդհանուր բնակչությունը 140 միլիոն է, այսինքն՝ միայն պաշտոնական տվյալներով Ռուսաստանում աղքատ է բնակչության շուրջ 14 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG