Մատչելիության հղումներ

Կառավարությունում երկու երկրների վարչապետների բանակցությոներից հետո Կարեն Կարապետյանն ու Կվիրիկաշվիլին հայտարարեցին, որ ի շարս այլ հարցերի քննարկել են նաև համագործակցությունը էներգետիկ ու տրասնպորտային ոլորտներում:

Ընդ որում, Հայաստանի վարչապետը ուշագրավ հայտարարություն արեց՝ ոչ միայն մանրամասն քննարկել են տրանսպորտային ոլորտում համագործակցության հարցը, այլև պայմանավորվել են, թե այդ ուղղությամբ երկու երկրները ինչպես են շարժվելու առաջ․ - «Քննարկել ենք և՛ մեր երկկողմ հարաբերությունները, և՛ տարածաշրջանային, խոսել ենք հնարավոր ուղղությունների մասին մեր համագործակցության: Դա և՛ Մեղրու տնտեսական գոտին էր․․․ Մանրամասն խոսել ենք և այսօր կշարունակենք խոսել և պայմանավորվել ենք, թե ինչպես ենք շարժվելու առաջ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում»:

Վրաստանի տարածքով Հայաստանը Ռուսաստանին կապող ու Վերին Լարինին այլընտրանքային ճանապարհի հարցը հայտնվեց օրակարգում մոտ մեկ տարի առաջ, երբ 2017 թվականի փետրվարին Թբիլիսի կատարած այցի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում անակնկալ հայտարարություն արեց․ - «Եթե ձեզ հետաքրքրում է՝ արդյո՞ք լինելու է Լարսի ճանապարհի այլընտրանք, ապա վստահեցնում եմ ձեզ, որ այո, լինելու է։ Մնացածի մասին կխոսենք հետագայում, փակագծերը դեռ չեմ բացում։ Մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք ինչպես Լարսի հարցի վերաբերյալ, այնպես էլ էներգետիկ միջանցքի»:

Կարապետյանի հայտարարությանը տարվա ընթացքում հետևեցին է՛լ ավելի ուշագրավ զարգացումներ: Անցած տարվա դեկտեմբերի 19-ին Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում Վրաստանն ու շվեյցարական SGS ընկերությունը պայմանագիր ստորագրեցին, ըստ որի այդ ընկերությունը պետք է փաստացի մաքսային ծառայություն մատուցի ու մոնիթորինգ իրականացնի այն բեռնափոխադրումների համար, որոնք Ռուսաստանից Վրաստան և հակառակը կուղղվեն չճանաչված Հարավային Օսիայի տարածքով: Փաստաթուղթը կսկսի աշխատել, երբ շվեյցարական ընկերության հետ այն ստորագրի նաև Ռուսաստանը:

Իսկ այս տարվա հունվարին մոսկովյան Коммерсант պարբերականի հետ զրույցում Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը խոստովանեց, որ «Վերին Լարս»-ին այլընտրանքային ճանապարհի գործարկման առնչությամբ Հայաստանը խնդրանքով դիմել է Ռուսաստանին:

Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդես գալով լրագրողների առջև՝ Վրաստանի կառավարության ղեկավար Գիորգի Կվիրիկաշվիլին ընդգծեց՝ քննարկել են կարևոր ուղղություններ, ինչպիսիք են էներգետիկ ու տրանսպորտային ոլորտները․ - «Իմ գործընկերոջ կողմից ընդգծվեց տարածաշրջանային համագործակցության նշանակությունը: Մենք պատրաստ ենք, որպեսզի բազմակողմանի նախագծերում Հայաստանը Վրաստանի հետ էլ ավելի ակտիվորեն մասնակցի: Համարում ենք, որ այս առումով երկու երկրները կարող են ավելի շատ շահել՝ օգտվելով ազատ առևտրային գոտու և պայմանագրերի ցանցից, որոնց մաս են կազմում Վրաստանը և Հայաստանը: Վրաստանը կօգտագործի Հայաստանի այդ հնարավորությունը»:

Չնայած անցած տարվա դեկտեմբերի սկզբին մեծ աղմուկ բարձրացրեց Կվիրիկաշվիլիի որոշումը՝ Երևան ժամանելուց ընդամենը ժամեր առաջ չեղարկել իր հայաստանյան այցը, սակայն նախորդ մեկ տարվա ըթնացքում հայ-վրացական հարաբերությունները նկատելիորեն ակտիվացան:

Կարեն Կարապետյանի այցից հետո, անցած տարվա դեկտեմբերի Թբիլիսիում պաշտոնական այցով էր նախագահ Սերժ Սարգսյանը: Օրերս Երևանում հյուընկալեցին Վրաստանի կառավարության ազդեցիկ ներկայացուցչին՝ փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային:

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության համաձայն, անցած տարի, 2016-ի համեմատ, հայ-վրացական առևտուրը աճել է 1.5 տոկոսով՝ կազմելով 248.9 միլիոն դոլար: Այս ցուցանիշով անցած տարի Վրաստանը Հայաստանի յոթերորդ խոշորագույն առևտրային գործընկեր պետությունն էր:

Թբիլիսիում գործող «Ալիք» մեդիահարթակի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանի խոսքով, նկատելի է, որ նախորդ տարվա ընթացքում հայ-վրացական հարաբերությունները որոշակիորեն ջերմացել են նաև պաշտպանության և անվտանգության ոլորտներում․ - «Այս տարի Բանակի օրվա կապակցությամբ վերջին չորս տարվա ընթացքում, քանի ես էստեղ եմ եղել և հետևել եմ, առաջին դեպքն էր, երբ որ Վրաստանը Պաշտպանության նախարարի մակարդակով էր մասնակցում մեր բանակի օրվան: Պետք է նաև հաշվի առնել այն, որ Վրաստանն Ադրբեջանի և Թուրքիայի հետ ռազմական համագործակցության տեսանկյունից շատ ավելի խորացած հարաբերություններ ունի»:

Օրվա երկրորդ կեսին Վրաստանի վարչապետին ընդունեց նաև նախագահ Սերժ Սարգսյանը՝ վստահություն հայտնելով, որ երկու երկրների միջև «ամրապնդվում է համագործակցությունը տնտեսության, մշակույթի և մյուս բոլոր ոլորտներում»:

XS
SM
MD
LG