Մատչելիության հղումներ

Մարտի 4-ից Երևան-Գյումրի-Երևան երթուղու ուղևորներին սպասարկելու է նոր էլեկտրագնացքը


Մարտի 4-ից Երևան-Գյումրի-Երևան երթուղում սկսում է աշխատել ЭП2Д տիպի նոր էլեկտրագնացքը: Այն իր առաջին թեստային չվերթը կատարել է փետրվարի 27-ին:

Ինչպես տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը, նոր էլեկտրագնացքը կաշխատի ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին էքսպրեսի ռեժիմով՝ առանց բաժանիչ կանգառների, օրը 2 անգամ՝ ժամը 10:00-ին մեկնելով Երևանից Գյումրի և 16:55-ին վերադառնալով մայրաքաղաք: Երթևեկության տևողությունը կազմում է 1 ժամ 59 րոպե:

Երևան-Գյումրի-Երևան երթուղու մնացած չվերթները դեռ սպասարկվելու են հին շարժակազմով:

Մարտի 4-ին և 8, 9, 10 և 11-ին գնացքն աշխատելու է անվճար: Դրանից հետո մեկ տոմսի գինը մեկ ուղղությամբ կկազմի 2,5 հազար դրամ:

ЭП2Д էլեկտրագնացքը ունի օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային, անվտանգության համակարգեր: Գնացքը հարմարավետ է բոլորի, այդ թվում՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող ուղևորների համար, գործում է անվճար Wi-Fi կապ։ Գնացքում ծխելն արգելվում է:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG