Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանը կրկին քննադատել է Վաշինգտոնին՝ կոչ անելով հետևողական լինել տրված խոստումները իրականություն դարձնելու հարցում:

«Խոսքն ու գործը չեն կարող իրարից տարբերվել, սա անընդունելի է: Մենք հույս ունենք, որ Ամերիկան հետևողական կլինի, որ մեզ ասված խոսքերն ու իրականում կատարվող քայլերը իրար համապատասխանեն», - հայտարարել է Էրդողանը աֆրիկյան երկրներ կատարած շրջայցի ընթացքում:

ՆԱՏՕ-ի անդամ երկու դաշնակիցները արդեն մի քանի շաբաթ է, հրապարակավ բանավիճում ու քննադատում են միմյանց՝ Սիրիայի հյուիսում Նահանգների աջակցությունը վայելող քրդերի դեմ Անկարայի սկսած ռազմական գործողությունների շուրջ: Անկարան պահանջում է դադարեցնել քրդերին տամադրվող ռազմական օգնությունը, մինչդեռ Վաշինգտոնը շարունակում է համագործակցել վերջիններիս հետ «Իսլամական պետության» դեմ պայքարում:

Շաբաթներ առաջ ժամանելով Թուքրիա՝ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը խոստացավ սահմանափակել Սիրիայի քրդական ջոկատներին հատկացվող ռազմական աջակցությունը․ - «Մենք միշտ հստակ ասել ենք՝ Սիրիայի ժողովրդավարական ուժերին հատկացվող սպառազինությունը կլինի սահմանափակ, կուղղվի հստակ առաքելությունների և կտրամադրվի աստիճանաբար՝ լոկ մեր առջև դրված ռազմական նպատակներն իրագործելու համար»:

Անկարան հիմա ոչ միայն հստակ քայլեր է ակնկալում այս ուղղությամբ, այլև պահանջում է դուրս բերել ամերիկյան զորքերը Աֆրինից ոչ հեռու գտնվող Մանբիջ քաղաքից:

«Մանբիջում չպետք է ահաբեկիչներ լինեն, քաղաքը պետք է վերադարձվի իր իրական տերերին՝ արաբներին», - նախօրեին կրկին պնդել է նախագահ Էրդողանը՝ չբացառելով, որ Մանբիջում կարող են բախվել արդեն թուրք-ամերիկյան ուժերը․ - «Մենք կդիմադրենք յուրաքանչյուրին, որ կկանգնի մեր ճանապարհին: Ընտրողաբար չենք մոտենալու և կդիմենք անհրաժեշտ ամեն քայլի: Մենք պետք է վերջնականապես սպանենք վիշապին, ոչ թե կիսամեռ թողնենք: Եվ դա իրականություն կդառնա՝ այսպես թե այնպես»:

Նախագահ Էրդողանի հայտարարություններին զուգահեռ Անկարայում փոխվարչապետ, կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղն է Վաշինգտոնի հասցեին մեղադրանքներ հնչեցրել: «Միացյալ Նահանգները երկակի չափանիշներ է կիրառում», - հայտարարել է Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյան՝ ընդգծելով՝ որևէ մեկը չի կարող Անկարային թելադրել, թե ահաբեկչական որ խմբավորման դեմ պայքարի, որի դեմ՝ ոչ:

«Թուրքիան ևս կենտրոնացած է «Իսլամական պետության» դեմ արշավի վրա, սակայն մենք չենք կարող ընդունել անտրամաբանական պնդումը, թե մենք չպետք է պայքարենք այն ահաբեկչական խմբավորումների դեմ, որոնք Միացյալ նահանգների թիրախում չեն», - ասել է Բեքիր Բոզդաղը:

Ավելին, պաշտոնական Անկարան կրկին պնդել է, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Սիրիայում հայտարարված 30-օրյա հրադադարը չի վերաբերում Աֆրինում շարունակվող ռազմական գործողություններին: Մինչդեռ երեկ, անդրադառնալով այս հարցին, Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Հիզեր Նոյերթը խորհուրդ էր տվել Թուրքիայի իշխանություններին ավելի ուշադիր կարդալ ՄԱԿ-ի ընդունած բանաձևը:

Այսօր Թուրքիայի փոխվարչապետը հակադարձել է՝ թող Վաշինգտոնը ևս մեկ անգամ ուսումնասիրի այդ փաստաթղթերը:

Նախագահ Էրդողանը ևս պնդել է, որ, չնայած Արևմուտքի զգուշացումներին ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միաձայն ընդւոնված բանաձևին, Անկարան շարունակելու է ռազմական գործոցությունները իր սահմանից ոչ հեռու՝ Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդական խմբավորումների դեմ:

XS
SM
MD
LG