Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խստորեն քննադատել է Միացյալ Նահանգներին սիրիական քրդական կազմակերպություններին՝ «Սիրիական դեմոկրատական ուժերին» (SDF), «Ժողովրդական պաշտպանության միությանը» (YPG) աջակցելու համար: Նա ԱՄՆ-ին մեղադրել է դաշնակիցներին դավաճանելու մեջ:

Անցած կիրակի Էրդողանն այցելել էր Սիրիային սահմանակից Թուրքիայի հարավ արևելյան Գազիանփեթ նահանգ (նախկինում հայաբնակ Այնթափ): Նա այնտեղ մասնակցել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նահանգային համագումարին: Մինչ համագումարը ելույթ ունենալով բազմամարդ հանրահավաքում, Էրդողանը խստորեն քննադատելով ԱՄՆ-ին, ասելով․ «Նրանք գալիս են 11 հազար կիլոմետր հեռավորությունից, նրանք վճարում են քրդական կազմակերպության աշխատավարձերը: Եթե դուք մեր դաշնակիցն եք, արեք այն, ինչ հարիր է դաշնակցին, եթե ոչ՝ ասեք մեզ այդ մասին: Մենք քայլեր ենք կատարել մեր դաշնակիցների հետ և չենք դավաճանել նրանց և մենք չենք հարգի նրանց, ովքեր կդավաճանեն մեզ»,- Այնթափում հայտարարել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը Միցյալ Նահանգներին մեղադրել է նաև, իր խոսքով՝ ֆեթուլլական ահաբեկչական կազմակերպությանը պաշտպանելու մեջ: «Ո՞վ է կանգնած Գյուլենի հետևում, դուք այնտեղ թաքցնում եք մի մարդու, ով ձեր ռազմավարական դաշնակից երկրում հեղաշրջման փորձ է կատարել: Եթե դուք նրան մեզ չեք հանձնում, ես դա չեմ կարողանում բացատրել իմ ժողովրդին»,- ասել է Էրդողանը, պնդելով, որ Վաշինգտոնը պետք է Թուրքիային վերադարձնի 2016 թվականի հեղաշրջման կազմակերպման մեջ մեղադրվող կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ով բնակվում է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգնում:

Էրդողանն ասել է, որ Չեխիայից նույնպես պահանջել են Թուրքիային արտահանձնել քրդական կազմակերպության նախկին համանախագահին: Սիրիայի քրդկական «Ժողովրդավարական միություն» կուսակցության նախկին առաջնորդը երեկ Պրահայում ձերբակալվել է «Ինտերպոլի» թուրքական գրասենյակի պաշտոնական հայցի հիման վրա:

Իր ելութում Էրդողանը խստորեն քննադատել է նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին, հայտարարելով որ նա «մարդասպան է», բայց ոչինչ չի ասել Ասադին պաշտպանող Ռուսաստանի հասցեին: Սիրիայի Աֆրին նահանգում թուրքական բանակի ռազմական գործողությունն Էրդողանն արդարացել է Աֆրինի բնակիչներին պաշտպանելու անհրաժեշտությամբ, ասելով, թե ռազմական գործողությունը Աֆրինում կշարունակվի:

Հանրահավաքից հետո «Արդարություն և զարգացում» կուսակցության նահանգային համագումարում Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան վճռական է Սիրիայում ահաբեկչական խմբերի դեմ պայքարում: Անցած հունվարի 20-ից թուրքական բանակը մտել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող՝ Թուրքիային սահմանակից Աֆրին նահանգ: Քրդական ջոկատների վերահսկողության տակ գտնվող այդ նահանգում մարտական գործողությունները մինչև հիմա շարունակվում են: Օրերս Աֆրին մտան նաև Բաշար ալ Ասադին աջակցող ուժերը՝ քրդերին պաշտպանելու նպատակով, ու հիմա այդ նահանգում դաշնակիցների ու հակառակորդների խառը ճամբարներից կազմված մի շարք ուժեր կան:

Ինչ վերաբերում է քրդական ջոկատներին ԱՄՆ-ի աջակցությանը, որի համար Թուրքիայի նախագահը խստորեն քննադատում է Վաշինգտոնին, ապա այդ հարցը երկու կողմերի հարաբերությունների փորձաքարն է դարձել: Վերջերս բարձր մակարդակի բանակցություններ անցկացվեցին Անկարանյում: Թուրքիա էր ժամանել ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: Նա հանդիպումներ ունեցավ Թուրքիայի նախագահի և արտգործնախարարի հետ: Բանակցությունների ավարտին նաև ամերիկյան կողմից մտահոգություններ հնչեցին Թուրքիայի սահմանների անվտանգության կապակցությամբ, բայց միանշանակ չհայտարարվեց, թե Վաշինգտոնը դադարեցնում է Սիրիայի քրդերին աջակցելու քաղաքականությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG