Մատչելիության հղումներ

«Խորհրդարանը «Մարտ 1»-ը դատապարտող բանաձև չի ընդունի. Արամ Մանուկյան


Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը համոզված է՝ խորհրդարանը «Մարտ 1»-ը դատապարտող բանաձև չի ընդունի։

«Խորհրդարանում քվեարկելու են այն մարդիկ, ովքեր դրա կատարողներն են՝ «Մարտի 1»-ի սպանդի հեղինակներն են։ Այնպես որ չտարվեք իլյուզիաներով, թե այդպիսի քաղաքական փաստաթուղթ կարող է խորհրդարանում ընդունվել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մանուկյանը։

Նրա խոսքով՝ խորհրդարանում առանցքային պաշտոններ զբաղեցնող մարդիկ կան այսօր, որոնք «Մարտի 1»-ը պարտակողների ցուցակում են։

«Չկարծեք, թե պարտակողն ինքն իր դեմ քաղաքական հայտարարություն կանի։ Դա փուքսը թողնելու միջոց է։ Եվ կա մի վտանգ, որ այդ փաստաթուղթը կարող է կրճատվել այնքան, և դա իշխանության պլանն է, իշխանությունը մի քանի անգամ դա կիրառել է, զոհերի հարազատների փոխհատուցման խնդիրը, եթե ամբողջապես առանձնացնել քաղաքական մասը փոխհատուցումից՝ զուտ ֆինանսական մասից, «Մարտի 1»-ը դրանով կդառնա սովորական հանցագործություն, որի պատասխանատուները, կամ պետությունը, տվյալ դեպքում, կոմպենսացիա է տալիս «Մարտի 1»-ի զոհերի հարազատներին», - ասաց Մանուկյանը՝ նշելով, որ դա կլինի դավադրություն։

«Ես վախենում, որ պետությունը կբերի փաստաթուղթ, առաջին, երկու կետի վրա կգրեն՝ առաջարկել, քննարկել, դիտարկել, նայել, համաձայնել և այլն, և վերջում էլ ծրագիր կազմել կոմպենսացիայի վերաբերյալ, սա դավադրություն է, և եթե այսպիսի բան տեղի ունենա, ուրեմն դա գործարք է՝ գործարք հեղինակների և իշխանության։ Այդ դեպքում մենք մեր գնահատականը խիստ կտանք և ծնողները ևս, որովհետև մենք բոլորս տասը տարի սպասում ենք քաղաքական գնահատականի», - ասաց ՀԱԿ փոխնախագահը։

Խորհրդարանը փետրվարի 27-ին միաձայն կողմ քվեարկեց «Մարտի 1-2-ի իրադարձությունների» վերաբերյալ «Ելք» խմբակցության ներկայացրած հայտարարության նախագիծն օրակարգ ընգրկելու հարցին։

«Կարծում եմ՝ ընդդիմությունը կգնահատի իշխանության այս քայլը», - հրապարակելով քվեարկության արդյունքները՝ հայտարարեց ԱԺ հանրապետական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Ուշագրավ է, որ նախագիծն ավելի վաղ խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG