Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակի գլխավոր տնօրենին


Աշխատանքային այցով Ժնևում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, Ժնևի գրասենյակի գլխավոր տնօրեն Մայքլ Մյոլլերին:

Ըստ Հայաստանի արտաքին գերատեսչության հաղորդագրության, Էդվարդ Նալբանդյանն ու ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակի գլխավոր տնօրենը մտքեր են փոխանակել Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանի օրակարգի վերաբերյալ, անդրադարձել են ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման բնագավառում Հայաստանի նախաձեռնություններին: Այս համատեքստում Նալբանդյանը նշել է, որ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի 70-ամյակի կապակցությամբ Հայաստանը հանդես է եկել գործողությունների հստակ առաջարկություններ պարունակող և կանխարգելման ուղղությամբ ՄԱԿ-ի և նրա անդամ երկրների գործունեության վերաբերյալ Մարդու իրավունքների խորհրդի նոր բանաձև ընդունելու նախաձեռնությամբ։

Հայաստանի արտգործնախարարը զրուցակցին տեղեկացրել է նաև, որ Հայաստանը դեկտեմբերի 9-ին Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպելու է Ընդդեմ ցեղասպանության հանցագործության երրորդ գլոբալ ֆորումը, որը նվիրված է լինելու կրթության միջոցով ցեղասպանությունների կանխարգելմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված նպատակներին, կարևորել դրանց արդյունավետ իրականացումն ու այդ ուղղությամբ ՄԱԿ-ի անդամ երկրների համագործակցությունը:

Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը զրուցակցին ներկայացրել է «Կայուն զարգացման նպատակների» իրագործման շրջանակներում Հայաստանի ներգրավվածությունը և իրականացրած աշխատանքները:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին։

Էդվարդ Նալբանդյանը Մայքլ Մյոլլերին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG