Սիրիացի քրդերի նախկին առաջնորդ Սալիհ Մուսլիմը երեկ լքեց չեխական բանտը, սակայն նրա` Թուրքիային արտահանձնելու հարցը շարունակում է մնալ պաշտոնական Պրահայի օրակարգում:
Անցած շաբաթավերջին «Ինտերպոլ»-ի թուրքական գրասենյակի պահանջով ձերբակալված Մուսլիմի գործով վճիռը չեխական դատարանը հրապարակեց երեքշաբթի` օրվա երկրորդ կեսին:
Դատական նիստը ուղեկցվում էր Եվրոպայի տարբեր պետություններից Չեխիայի մայրաքաղաք ժամանած քրդերի բողոքի ակցիայով:
Չնայած դատարանի` քուրդ գործչի անհապաղ ազատ արձակման մասին վճռին, չեխական իշխանությունները հայտարարում են, որ շարունակելու են ուսումնասիրել թուրքական կողմի պահանջը:
Առաջիկա շաբաթներին Չեխիայի Գլխավոր դատախազությունը կուսումնասիրի Սալիհ Մուսլիմի արտահանձնման վերաբերյալ թուրքական կողմի ներկայացրած հայցն ու դրան կցված փաստաթղթերը:
«Եթե դրանք չեխ դատախազին վստահություն ներշնչեն ապա գործը կփոխանցվի դատարան», - հաղորդում է Reuters-ը:
«Դատարանը ընդունել է Մուսլիմի գրավոր պարտավորությունն առ այն, որ նա կմասնակցի իր գործին վերաբերող բոլոր լսումներին», - վճռի հրապարակումից անմիջապես հետո հայտարարում էր փաստաբան Միրոսլավ Կրուտինան:
Ինչպես և կարելի էր ենթադրել, պաշտոնական Անկարայի արձագանքը բավական կոշտ էր. թուրքական իշխանությունների պնդմամբ, դատարանի վճիռը կարող է լուրջ ազդեցություն ունենալ Չեխիայի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունների վրա:
«Այս վճիռը հակասում է միջազգային օրենքներին ինչպես նաև արտահանձնումների մասին եվրոպական կոնվենցիային: Հստակ է, որ այս դատավճիռը ահաբեկչական կազմակերպությանը ցուցաբերվող աջակցության վկայություն է: Դատարանի այս որոշումը բացասաբար է ազդելու Թուրքիայի և Չեխիայի հարաբերությունների վրա», - հայտարարում էր Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը` պնդելով նույնիսկ, թե չեխական դատարանն այս վճիռը կայացնելու ընթացքում օրենքի տառով չի առաջնորդվել:
«Դա քաղաքական որոշում էր, որը օրենքի պահանջների, ապացույցների [պակասի] կամ փաստաթղթերի անբավարար քանակի հետ որևէ կապ չուներ: Դատավճիռն ուղղակի աջակցություն էր այն ահաբեկչական գործունեությանը, որի թիրախը Թուրքիան է:Մեկ անգամ ևս պետք է նշեմ` դատարանի այս վճիռը մենք չենք ընդունում», - հայտարարում էր թուրք պաշտոնյան:
Թուրքիայի իշխանությունները պնդում են, որ Սիրիայի հյուսիսում գործող «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը, որի հիմնադիրներից մեկն է Սալիհ Մուսլիմն, ահաբեկչական կառույց է և հանդիսանում է Քրդական Աշխատավորական կուսակցության (PKK) տեղական մասնաճյուղը:
Սալիհ Մուսլիմին թուրքական իշխանությունները մեղադրում են պետության մասնատմանն ուղղված գործողությունների և ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն կատարելու մեջ: