Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր հանդիպել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանի գլխավորած պատվիրակությանը:
Ըստ Բնապահպանության նախարարության հաղորդագրության, հանդիպման առանցքում ջրային ռեսուրսների կառավարման հարցերն են եղե: Մասնավորապես, քննարկվել է Արաքս գետի ջրի որակին, գետի աղտոտման կանխարգելման, մոնիթորինգի իրականացման խնդիրներին վերաբերող հարցերի շրջանակ: Հատկանշվել է խնդիրների լուծման ուղղությամբ համակարգային աշխատանքների իրականացումը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Իրանի և Հայաստանի ընդհանուր սահմանում «Բարեկամության և խաղաղության այգի» հիմնելու ծրագրին, Իրանի «Դիզմար» պահպանվող տարածքի և Հայաստանի «Արևիք» ազգային պարկի սահմանային գոտում մշտադիտարկման աշխատանքներին, էկոտուրիզմի զարգացման անհրաժեշտությանը:
Հանդիպման ավարտին կողմերն ընդգծել են առարկայական և կոնկրետ, կարճաժամկետ և երկարաժամկետ գործողությունների իրականացման անհրաժեշտությունը՝ հավաստելով համագործակցության զարգացման պատրաստակամությունը: