Մատչելիության հղումներ

Վերաքննիչ ատյանը մերժեց Սամվել Բաբայանի բողոքը՝ ուժի մեջ թողնելով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը:

Վեց տարվա ազատազրկման դատապարտված Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարը վերաքննիչ ատյանում արդարացում էր պահանջում:

Դատավճիռը հրապարակած դատավորներն արագ հեռացան դահլիճից «Ամո՛թ» բացականչությունների ներքո:

Սամվել Բաբայանը որոշումը չմեկնաբանեց, այսօր ևս անուններ չտվեց, թեև մի քանի անգամ հայտարարել է, որ քրեական այս գործն իր դեմ պատվեր է:

Այսօր հրապարակած որոշմամբ դատարանը ուժի մեջ թողեց նաև վերաքննիչ բողոք ներկայացրած մյուս մեղադրյալների՝ Բաբայանի մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանի և «Ժորիկ» մականունով հայտնի Արմեն Պողոսյանի պատժաչափերը՝ համապատասխանաբար երեք և երկու տարվա ազատազրկում:

Երեկ իր եզրափակիչ խոսքում Սամվել Բաբայանը դատարանին հորդորել էր «կրկեսը թարգել»: Նա հայտարարել է, որ գնալու է մինչև վերջ՝ բոլոր ատյաններով:

Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը մանրամասնեց, որ ներպետական վերջին ատյանում՝ Վճռաբեկ դատարանում նույնպես մերժում ստանալու դեպքում, դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ անգամ եթե Բաբայանի վրա համաներում տարածվի․ - «Պարոն Բաբայանը մտադիր ա մինչև վերջ բողոքարկել արդարացման առումով»:

«Ազատության» հարցին ի պատասխան, փաստաբանն ասաց, որ ներման խնդրագիր ներկայացնելու հարց չեն քննարկել․ - «Այս պահի դրությամբ նման հարց մեր մեջ չի քննարկվել»:

Ընդհանուր իրավասության դատարանը ղարաբաղցի նախկին զինվորականին մեղավոր է ճանաչել, որ նա դրդել է մի խումբ անձանց ձեռք բերել, փոխադրել և պահել ապօրինի ռազմամթերք՝ «Իգլա» զենիթահրթիռային համալիրը: Որևէ մեկը դատարանում Բաբայանի դեմ ցուցմունք չի տվել:

«Ապօրինի ռազմամթերք, զենք ձեռք բերելու շարժառիթը ո՞րն էր: Ինչի՞ համար, նպատակը ո՞րն է․․․ գործում բացարձակ որևէ տվյալ չկա էդ մասին», - ասաց փաստաբան Ավետիս Քալաշյանը:

Հարցին, թե կային տվյալներ, որ այդ «Իգլայով» պատրաստվում էին ոչնչացնել նախագահի ինքնաթիռը, Քալաշյանն արձագաքնեց․ - «Դա անհեթեթ տվյալներ են»:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարը չի թաքցրել, որ իմացել է «Իգլա»-ի մասին, ընկերը՝ Սանասար Գաբրիելյանը ցույց է տվել հրթիռի նկարները, խորհուրդ հարցրել՝ արժե՞ նվիրել բանակին, ինքն էլ ասել է, որ առանց սնունցման սարքի այդ խողովակն անպիտան է ու խորհուրդ տվել տանել Ղարաբաղի գյուղերից մեկում թաղել, տեղը հայտնել զինվորականի, գուցե հետագայում զինուժում ինչ-որ բանի ծառայի:

Բաբայանը մեղավոր է ճանաչվել նաև, որ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված եվրո թղթադրամներ: Այնինչ պնդում է, որ ռուսաստանաբնակ ընկերոջից պարտքն է ստացել:

Վարդան Օսկանյանի գլխավորած «Համախմբում» կուսակցության ղեկավար անդամ Անդրանիկ Թևանյանը վերաքննիչի որոշման հրապարակումից հետո հայտարարեց, թե քաղաքական հետապնդումը շարունակվում է․ - «Շինծու գործի քաղաքական որոշման դակում, և շատ խորհրդանշանակ էր, որ երեք դատավորները՝ այսպես կոչված ժամանակակից տրոյկան՝ 37 թվի տրոյկային հիշեցնողը, երեք դատավորներն էլ վճիռը կարդացին և բառիս բուն իմաստով փախուստի դիմեցին դատարանի դահլիճից: Իրենք էլ էին զգում, որ իրենց ամոթալի որոշում են կայացրել»:

Թևանյանը հիշեցրեց, որ Սամվել Բաբայանը ազատազրկվեց խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի օրերին․ նա համակարգում էր պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած դաշինքի շտաբի աշխատանքները․ - «Հայաստանում պատվիրատուներ որպես այդպիսին շատ չեն լինում, կենտրոնական իշխանություն է գործում, և ակնհայտ է, որ քաղաքական մթնոլորտի շիկացումն էր պատճառը, որ Սամվել Բաբայանը ձերբակալվեց: Դա կապված չէր նույնիսկ մեկ ուժի հետ, դա կապված էր էն բանի հետ, որ վախի մթնոլորտ էր ձևավորվում, և այդ վախի մթնոլորտի պայմաններում արդեն հեշտ էր լինելու 10 հազար դրամներով խորհրդարանի կոճակային մեծամասնություն ձևավորելը»:

Վերաքննիչ ատյանում գործի քաղաքական դրդապատճառների մասին առաջին անգամ խոսեց մեղադրյալ Սանասար Գաբրիելյանը՝ պնդելով, թե իրեն ազատազրկել են «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին աջակցելու համար․ - «Էս հեքիաթը որ սարքել են, էս ինչի՞ են սարքում․․․ Թող պարզ կանգնեն, ասեն՝ Էջմիածնում շտաբ բացելու համար, հարգելի Գաբրիելյան, դու մեղադրվում ես չգիտեմ որ օրենքով: Ուրեմն ինձ զգուշացրել են՝ քեզ ձերբակալելու ենք շտաբ բացելու համար Էջմիածին․․․ Ուրիշ ոչ մի բան չկա ստեղ: Էդ տրուբան էլ ա սարքում էս հարգելի, հարգարժան մեղադրողը, տո եսիմ ով, որովհետև կան հաստավիզ մարդիկ, որոնք դուրը չի գալի էս շտաբը: Հիմա էրկու հատ շտաբ ենք բացել, մեր ընկերներին օգնել ենք, իրանք էլ ուզում դեպուտատ ըլեն, իրանք էլ են ուզում օրենք պահեն, օրենք գրեն»:

2000 թվականին Սամվել Բաբայանը դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով: Մոտ հինգ տարի անց նա ազատ արձակվեց՝ ներում ստանալով:

Տևական բացակայությունից հետո 2016 թվականին Բաբայանը վերադարձավ Հայաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG