Մատչելիության հղումներ

Սամվել Բաբայան․ «Կրկեսը թարգեք»


Վերաքննիչ ատյանում արդարացում պահանջող Սամվել Բաբայանը այսօր իր վերջին խոսքում հայտարարեց՝ գնալու է մինչև վերջ, չի ընդունելու մեղքը․ - «Սա սարքած գործ ա, շինծու: Էդ շինծու գործը փորձում են իրականացնել իրանց ուզած ձևի: Ես ատյան-ատյան գնալու եմ մինչև վերջ: Էս մեղքը իմ վրա ես չեմ վերցնելու։ Էս ցիրկը թարգեք»:

Առաջին ատյանի դատարանի կողմից վեց տարվա ազատազրկման դատապարտված Բաբայանը ելույթի սկզբում նախ հետաքրքրվեց՝ արժե՞ արդյոք խոսել․ - «Բայց որ հանդես ենք գալի, հարգելի դատարան, օգուտ տալի՞ս ա, թե՞ ձևական բնույթ ա՝ պետք ա հանդես գալ»:

Դատավորի պատասխանին՝ կամ տալիս ա, կամ չի տալիս, Բաբայանն արձագանգքեց․ - «Եթե կամ տալիս ա, կամ չի տալիս, դա լավ չի, էլի: Սա մենք օրենքը տրորում ենք, թքում ենք երկրի վրա, չենք ուզում օրենքով աշխատենք, բայց ամեն օր բարբաջում ենք, որ նոր օրենսդրական բազա ենք ընդունում, փոխում ենք»:

Սամվել Բաբայանը պնդեց, թե մեղադրողը ենթատեքստից կտրել է իր խոսքը, գաղտնալսումների մի մասն է միայն կցել գործին: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարը միջնորդել էր, որ վերաքնիչ ատյանում ձայնագրությունը լսվի ամբողջությամբ, դատարանը մերժել էր․ - «Կես ժամ ես խոսում եմ Սանասարի հետ, երկու րոպեյվա ձայնասլում են դրել Ձեր դեմը: Ու փորձում են կոնտեքստից հանած տողերով հաստատել իրանց մեղադրանքը: Դուք էլ ինձ առաջարկում եք լռել, ընդունել դա»:

Բաբայանը կրկնեց առաջին ատյանում տված ցուցմունքը, թե «Իգլա»-ի մասին իմացել է ընկերոջից՝ Սանասար Գաբրիելյանից, ով ցույց է տվել հրթիռի նկարները, խորհուրդ հարցրել՝ արժե՞ նվիրել բանակին, ինքն էլ ասել է, որ առանց սնունցման սարքի այդ խողովակն անպիտան է ու խորհուրդ տվել տանել Ղարաբաղի գյուղերից մեկում թաղել, տեղը հայտնել զինվորականի, գուցե հետագայում զինուժում ինչ-որ բանի ծառայի․ - «Թե չէ ձեռքիդ որ բռնեն, կդատեն․․․ Էսքանը ասել եմ, չեմ հրաժարվում որևիցե բառից: Ինչի՞ համար եք դատում: Եթե դա ուղղակի ցանկությունն ա որոշ մարդկանց, այլ հարց ա: Բայց ոչ թե ասեք՝ էսինչ օրենքը խախտել ես»:

Ներկոտված եվրոների մասին էլ ղարաբաղցի նախկին զինվորականը նորից ասաց՝ ռուսաստանաբնակ ընկերոջից պարտքն է ստացել, չի իմացել, թե ինչ ծագում ունեն փողերը:

Ի տարբերություն Սամվել Բաբայանի, նրա մարտական ընկեր, այս գործով մյուս մեղադրյալ Սանասար Գաբրիելյանը քաղաքական հայտարարություն արեց՝ պնդելով, թե իրեն ազատազրկել են Սեյրանին Օհանյանի դաշինքին աջակցելու համար․ - «Բառերի միացումից դառնում ա նախադասություն: Նախադասություններն էլ լավ կպցնում ես իրար, դառնում մի լավ Գյուլնազ տատու հեքիաթ: Էս հեքիաթը որ սարքել են, էս ինչի՞ են սարքում․․․ Թող պարզ կանգնեն, ասեն՝ Էջմիածնում շտաբ բացելու համար, դու, հարգելի Գաբրիելյան, դու մեղադրվում ես չգիտեմ որ օրենքով: Ուրեմն ինձ զգուշացրել են՝ քեզ ձերբակալելու ենք շտաբ բացելու համար Էջմիածին․․․ Ուրիշ ոչ մի բան չկա ստեղ: Էդ տրուբան էլ ա սարքում էս հարգելի, հարգարժան մեղադրողը, տո եսիմ ով, որովհետև կան հաստավիզ մարդիկ, որոնք դուրը չի գալի էս շտաբը»:

3 տարվա ազատազրկման դատապարտված Գաբրիելյանը հիշեցրեց, որ այս գործով առանցքային դերակատար, զենքը իրավապահներին հանձնած Հրաչյա Մայիլյանը ազատության մեջ է, դատարանում էլ հրաժարվել է ցուցմունք տալ․ - «Էդ ո՞նց ա լինում, որ կոնկրետ իրա համար գուլյատ ա անում, մենք էլ նստած ենք ստեղ: Թե՝ առանձին ա իրա դատը: Էդ ի՞նչ դատ ա, որ առանձին ա: Էս մի տարի ա, էդ մարդուն չապացուցեցի՞ն, որ մեղավոր ա: Մարդը վերցնում ա մի քանի տասնյակ հազար դոլարանոց ապրանքը ու տանում ա հանձնում ա․․․ Էս ո՞վ էր, էս ո՞նց եկավ, էս խի՞ տենց տարավ հանձնեց»:

Մեղադրող դատախազը վերաքննիչ դատարանում ընդգծեց, թե առաջին ատյանի վճիռը հիմնավոր է, մեղքն ամբողջությամբ ապացուցված, վճիռը պետք է թողնել նույնը․ - «Պաշտպանության կողմի բերած բոլոր փաստարկները անհիմն են, ստուգման են ենթարկվել ինչպես նախաքննության, այնպես էլ դատական քննության փուլերում»:

Վերաքննիչ դատարանը որոշումը կհրապարակի վաղը:

XS
SM
MD
LG