Մատչելիության հղումներ

ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է «Երևանը ադրբեջանական պատմական տարածք է» Ալիևի հայտարարությանը


ԱՄՆ դեսպանատունը Երևանում
ԱՄՆ դեսպանատունը Երևանում

Միացյալ Նահանգների պետքարտուղարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարությանը, թե Երևանն ադրբեջանական ժողովրդի պատմական տարածքն է՝ կարևորելով բորբոքիչ հայտարարություններից զերծ մնալը:

«Ազատություն»-ը հարցում էր ուղարկել Երևանում ԱՄՆ դեսպանատուն՝ խնդրելով ներկայացնել, թե պաշտոնական Վաշինգտոնն ի՞նչ դիրքորոշում ունի Իլհամ Ալիևի աղմկահարույց հայտարարության կապակցությամբ, և արդյո՞ք նման հայտարարությունը չի բարդացնում ղարաբաղյան բանակցությունների ընթացքն ու սրում իրավիճակը:

«Միացյալ Նահանգները պաշտպանում է Մինսկի խմբի համանախագահների փետրվարի 11-ի հայտարարությունը, որով կողմերին կոչ էր արվում զերծ մնալ բորբոքիչ հայտարարություններից և սադրիչ գործողություններից: Միացյալ Նահանգները նաև խրախուսում է կողմերին՝ հարգել 2017-ի հոկտեմբերին Ժնևում կայացած գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերած պայմանավորվածությունները` բանակցությունների աշխուժացման ու շփման գծում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ», - ասված է ԱՄՆ պետքարտուղարության պատասխանում:

Փետրվարի 8-ին՝ ելույթ ունենալով Ադրբեջանում, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարում՝ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Երևանը, Զանգեզուրը և Սևանը (Գյոչե) «մեր պատմական տարածքներն են, և ադրբեջանցիներին պետք է վերադարձնենք այդ հողեր»: «Դա մեր ռազմավարական նպատակն է, որին մենք պետք է աստիճանաբար մոտենանք այդ նպատակին»,- ընդգծել էր Իլհամ Ալիևը:

Ադրբեջանի նախագահի խոսքերին ավելի վաղ անդրադարձել էր Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ փետրվարի 15-ի ճեպազրույցի ընթացքում նշելով, որ «հիշատակված հայտարարությունը ակնհայտորեն չի նպաստում լարվածության նվազեցմանը»:

Իլհամ Ալիևի հայտարարության վերաբերյալ դիրքորոշում էր հայտնել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երեք երկրներից Ֆրանսիան՝ արտաքին քաղաքական գերատեսչության կայքում փետրվարի 20-ին հրապարակած հաղորդագրությունում կոչ անելով «զերծ մնալով ցանկացած հայտարարությունից կամ գործողությունից, որը կարող է մեծացնել լարվածությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG