ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է բանակցություններ վարել Փհենյանի հետ, սակայն միայն «ճիշտ պայմանների պարագայում»։
Ամերիկայի նահանգապետերի հետ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպմանը ելույթ ունենալով՝ Թրամփն ասել է, որ չինական իշխանություններին ուղղված իր վարչակազմի կոչերի արդյունքում Պեկինն այժմ մեծ ջանքեր է գործադրում հյուսիսկորեական խնդիրը լուծելու համար, քան երբևէ։
Թրամփը ընդգծել է, որ չնայած Փհենյանի նկատմամբ պատժամիջոցներին, որոնք սահմանվել են Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային ծրագրերի զարգացման համար, այդ երկիր է մտնում մեծածավալ ապրանքներ Ռուսաստանից։
Ինչ վերաբերում է Հյուսիային Կորեայի հետ բանակցությունների հեռանկարին, նախագահ Թրամփը հետևյալ կերպ է արձագանքել. - «Տեսնենք, թե ինչ տեղի կունենա»։
Նախկինում Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Փհենյանի հետ բանակցություններ վարելու Վաշինգտոնի համաձայնության համար հյուսիսկորեական իշխանությունները նախ պետք է պատրաստակամություն հայտնեն քննարկելու քայլեր, որոնք ուղղված են միջուկային և հրթիռային փորձարկումների դադարեցմանը։