Վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը այցելել է Տավուշի մարզ` ծանոթանալու 2017 թվականին մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին և 2018-ի անելիքներին:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության այսօր տարածած հաղորդագրության համաձայն, ներկայացնելով 2017-ի մակրոտնտեսական ցուցանիշները՝ մարզպետ Հովիկ Աբովյանը նշել է, որ մարզում գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 111 հազար հա: Համայնքների խոշորացման գործընթացի արդյունքում համայնքների թիվը դարձել է 24՝ նախկին 62-ի փոխարեն: Արդյունաբերական համախառն արտադրանքի ծավալը 2017-ին կազմել է 13.7 մլրդ դրամ՝ 2016-ի 12 մլրդ դրամի դիմաց, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը՝ 39.7 մլրդ դրամ՝ 2016-ի 41.3 մլրդ դրամի դիմաց: Նվազումը, մարզպետի խոսքով, պայմանավորված է 2017-ին ցրտահարությամբ և կարկտահարությամբ, ինչպես նաև ցանքաշրջանառության ծավալի կրճատմամբ (2016-ի համեմատ 5000 հա-ով պակաս): Առևտրաշրջանառությունը կազմել է 33.5 մլրդ դրամ՝ 2016-ի 29.7 մլրդ դրամի դիմաց, ծառայությունների ծավալը՝ 14.1 մլրդ դրամ՝ 2016-ի 10.7 մլրդ դրամի դիմաց, շինարարության ծավալը՝ 17.3 մլրդ դրամ՝ 2016-ի 12.5 մլրդ դրամի դիմաց:
Աբովյանի խոսքով՝ 2017-ին արտահանման ծավալը կազմել է 8 մլրդ դրամ՝ գերազանցելով 2016-ի ցուցանիշը ավելի քան երկու անգամ: Նույն պատկերն է եղել նաև ներդրումների մասով՝ 2017-ին ծավալը կազմել է 23.3 մլրդ դրամ (800 աշխատատեղ)՝ 2016-ի 10.1 մլրդ դրամի (625 հիմնական աշխատատեղ) դիմաց: Այս տարի նախատեսվում է ապահովել 28.15 մլրդ դրամի ներդրում և ստեղծել 885 հիմնական աշխատատեղ:
Ներկայացնելով պատկերը զբոսաշրջության ոլորտում, մարզպետը նշել է, որ Տավուշ այցելած զբոսաշրջիկների թիվը 2017-ին կազել է 120 հազար մարդ, ինչը 25 հազարով ավելի է 2016-ի ցուցանիշից: Իսկ այս տարի Տավուշի մարզում նախատեսում են հյուրընկալել մինչև 135 հազար տուրիստի:
Հովիկ Աբովյանի խոսքով՝ Տավուշի մարզում գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիներին իրականացվում են ջերմոցային, չորանոցային և սառնարանային տնտեսությունների, այգիների և վերամշակող արտադրամասերի հիմնման մեծածավալ ծրագրեր: Վերոնշյալ տնտեսությունների թիվն ընդհանուր գերազանցում է 350-ը, որոնք ապահովում են ավելի քան 1400 հիմնական և ժամանակավոր աշխատատեղ: Մարզում կա 6300 հա ոռոգովի հողատարածք, որից 2016-ին ոռոգելի է եղել 4740 հա-ն, 2017-ին՝ 4757 հա-ն, իսկ 2018-ին նախատեսվում է այդ ցուցանիշը հասցնել 5290 հա-ի: 2016-ին Ռուսաստան է արտահանվել 675 տ միրգ, 2017-ին՝ 1715 տ, իսկ 2018-ին կանխատեսվում է մինչև 2700 տ արտահանում: Մարզում առկա է 1645 միավոր գյուղտեխնիկա. 2016-ին ֆինանսական վարձակալության լիզինգային ծրագրով ձեռք է բերվել 14 միավոր տեխնիկա, 2017-ին՝ 9 միավոր, իսկ 2018-ին նախատեսվում է ձեռք բերել ևս 24 տեխնիկա: Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ծրագրով 85 ֆերմեր ստացել է 305.4 մլն դրամ վարկ: 2016-ին հիմնվել են 25.3 հա պտղատու և ելակի ինտենսիվ այգիներ, 2017-ին այդ ցուցանիշն ավելացել է 44 հա-ով՝ կազմելով 69.7 հա, իսկ 2018-ին կանխատեսվում է հիմնել 350 հա ինտենսիվ այգիներ: Այս տարի ակնկալվում է բավական մեծ աճ գյուղատնտեսության ոլորտում. 2017-ին ոլորտում իրականացվել է 2.8 մլրդ դրամ ներդրում, 2018-ին նախատեսվում է 5.6 մլրդ դրամ, կանխատեսվում է 5-7 տոկոս աճ:
Վարչապետը, գոհունակություն հայտնելով գյուղատնտեսության ոլորտում Տավուշի մարզում արձանագրված առաջընթացից, նշել է, որ այս տարի հեռանկարում պետք է ունենալ շատ ավելի բարձր աճի ապահովումը՝ հաշվի առնելով առկա միտումները:
Հիշեցնենք՝ նույն օրը Կարեն Կարապետյանը այցելել է նաև Լոռու մարզ: