Մատչելիության հղումներ

Զուրաբյանը՝ Նիկոյանի ելույթի մասին․ Քոչարյանին շատ ավելի լուրջ հարցեր է պետք տալ


Երևան, 1-ը մարտի, 2008թ․
Երևան, 1-ը մարտի, 2008թ․

Հանրապետական պատգամավոր, 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով երեկ Ազգային ժողովի ամբիոնից իր ելույթին, ասաց՝ այն չէր նշանակում, թե արյունալի իրադարձությունների մեղավորի սլաքներն ուղղել է Հայաստանի երկրորդ նախագահին։

«Չէ, չենք կարող էդպես ասել, իմ բոլոր տեսակետները զեկույցում գրված է 150-էջանոց, կարող եք կարդալ, և էնտեղ ամեն ինչը շատ ավելի հստակ է: Եվ ես ընդամենը, նորություն չեմ ասել, ես կրկնել եմ այն, ինչ այնտեղ գրված է եղել՝ բառ, մի տառ ավել չեմ ասել: Իմ ելույթը ամբողջովին այն ինչ գրել եմ՝ դրա շրջանակներում էր», - «Ազատության» հետ զրույցում ասաց Նիկոյանը:

Հիշեցնենք, երեկ խորհրդարանում «Մարտի 1»-ի թեմայով «Ելք» խմբակցության հրավիրած լսումերի ժամանակ ելույթ ունենալով՝ Նիկոյանը հարցեր էր ուղղել տասը տարի առաջ հետընտրական արյունալի իրադարձությունների ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և այդ շրջանում նախագահական ընտրությունների արդյունքներում պաշտոնական տվյալներով Սերժ Սարգսյանին պարտված թեկնածու, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։

«Ասում ենք՝ երկրորդ նախագահ ջան, Դուք հայտարարեցիք, մասնավորապես, որպես հիմնավորում արտակարգ դրություն հայտարարելու, հայտարարեցիք, որ ավտոբուսի հետևից դուրս են գալիս ընդդիմադիրները, ավտոմատով կրակում են ու պախկվում են ավտոբուսի հետևը: Բոլոր վիրավոր ոստիկաններին, բոլոր էդ փաստաթղթերից պարզեցինք՝ դատաբժշկական փորձաքննության ենթարկեցինք, որ ոչ մի ոստիկան հրազենային վիրավորում չուներ: Բա հարց՝ պարո՛ն նախագահ, բա որտեղի՞ց այդ ինֆորմացիան Ձեզ, որի հիման վրա Դուք որոշումներ ընդունեցիք, որը կարող է ճակատագրական եղավ այդ իրադարձությունների զարգացման վրա», - հայտարարել էր Սամվել Նիկոյանը:

Ազգային ժողովի ամբիոնից երեկ Նիկոյանը անդրադարձել էր իր ղեկավարած հանձնաժողովի աշխատանքներին, հիշեցրել «Չերյոմուխա»-ից զոհված քաղաքացիների գործերը, ափսոսանք հայտնել, որ այդպես էլ չկարողացան նույնականացնել, թե ում կրակոցից են նրանք զոհվել։

Հանրապետական պատգամավորն այսօր ասաց, որ իր ելույթը ոչ թե հանրապետականի ելույթ էր, այլ՝ իր անձնական․ - «Եվ իմ ելույթը հանրապետականի ելույթ չի, իմ ելույթը իմ անձի ելույթն է»:

Նիկոյանը շեշտեց, որ իր հարցադրումները երկու նախագահներին էին ուղղված՝ Լևոն Տեր Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին։ Առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանին ուղղված հարցադրումը հետևյալն էր․ - «Դուք միտինգների ժամանակ հայտարարում եք, որ «էլ ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի», և ժողովրդին վստահություն էիք ներշնչում նրանց ապահովության, ամեն ինչի մասին: Բայց երբ մարտի 1-ի, 2-ի օրը հարյուր հազարավոր մարդիկ գտնվում էին այնտեղ՝ լարված վիճակում, վիրավորված, կատաղած, զայրացած, և այդ ամեն ինչը կար, երբ պետք էր առաջնորդ, որպեսզի այդ մարդկանց ղեկավարեր, հայտարարվեց, որ «իմ անվտանգությունը ապահովված չէ, այդ իսկ պատճառով չեմ գա»: Բա Դուք չգիտեի՞ք, որ այդ մարդկանց անվտանգությունն էլ ապահովված չի: Նախագահ, վարչապետ, ներքին գործերի նախարար, Ազգային անվտանգություն, և այլ, և այլ, մի ամբողջ իշխանություն այնտեղ, բա չգիտեի՞ք իշխանության քայլերը ինչ են լինելու»:

Հանրապետական պատգամավորը երեկվա իր ելույթում նաև ասել էր՝ ամեն ինչի մասին խոսելիս՝ պետք է հաշվի առնել, որ մարտի 1-2-ի իրադարձությունների հիմքը դրվել էր նախընտրական քարոզչության ժամանակ։ Հարցին, թե ինչո՞ւ, այդուհանդերձ, չհնչեցրեց նաև նախագահ Սերժ Սարգսյանի անունը՝ այն դեպքում, երբ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը տարիներ շարունակ նրան ու նրա ղեկավարած թիմին է մեղադրում արյունալի իրադարձությունների համար, Նիկոյանը պատասխանեց․ - «Ես ինչի կարիքը տեսել եմ, նորից եմ Ձեզ ասում, կարդացեք զեկույցը և էնտեղ կտեսնեք՝ ինչի կարիք ես զգացել եմ, 10 տարի առաջ դա էնտեղ զետեղել եմ: Հիմա նոր փոխելու, նոր հիշելու, նոր էս անելու, էն անելու անհրաժեշտություն չկա: Էն ժամանակ․․․ ճշմարտությունը ամեն ինչի մասին էլ կարելի է գրել հիմա: 10 տարի հետո ով ինչ խոսում է՝ դա շահարկում է»:

Մինչդեռ, Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղված հարցադրմամբ Հանրապետականում հնարավոր է փորձում են «Մարտի 1»-ի պատասխանատվությունից ազատվել։ «Բայց մի բան են մոռանում, որ էսօր իրենք են իշխանությունը, և եթե իրենք «Մարտի 1»-ի հետ կապված մեղավորություն չունեն, ուրեմն՝ այդ գործը պիտի բացահայտված լիներ: Գործի հենց բացահայտված չլինելը արդեն ամենաուղղակի ապացույցն է, որ իրականում պատասխանատվությունը կիսված է այդ օրերին իշխանությունը իրականացնող մարդկանց միջև», - ընդգծեց ՀԱԿ փոխնախագահը:

Երեկ խորհրդարանական ամբիոնից հանրապետական պատգամավորի՝ առաջին նախագահին ուղղված հարցադրմանը Լևոն Զուրաբյանը արձագանքեց՝ Սամվել Նիկոյանը պետք է լռեր․ - «Գործի մեջ ամենակեղտոտ գործերից մեկը արած Նիկոյանը դեռ համարձակվում է ձեն հանել: Նա պիտի ընդհանրապես մտներ մկան ծակը և լռեր, ոչ մի բարոյական իրավունք նա խոսելու չունի, սա՝ մեկ: Ինչ վերաբերում է անվտանգության հարցերին և առաջին նախագահին ուղղված այդ հարցին՝ դա բազմիցս արդեն ասվել է, և բազմաթիվ զեկույցներ, այդ թվում՝ գործի քննարկումը Եվրոպական դատարանում, ցույց են տալիս, որ, ըստ էության, Տեր-Պետրոսյանը գտնվել է տնային կալանքի տակ: Հիմա, եթե ինքը նման բաներ է ասում, նշանակում է, որ շարունակում է իր կեղտոտ գործը»:

Անդրադառնալով արդեն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված հարցին, ընդդիմադիր գործիչը շեշտեց՝ Քոչարյանին շատ ավելի լուրջ հարցեր է պետք տալ։ «Այսինքն, Քոչարյանի մեղավորությունը մենակ դա է, հա՞, որ նա ինչ-որ սխալ տեղեկատվություն է տվել էդ ասուլիսի ժամանակ: Ամբողջ գործը սարքված էր հետևյալ ձևով․ մարտի 1-ի սպանությունները կատարելուց հետո իշխանությունը փորձեց դա բարդել ընդդիմության վրա, և դա ձախողվեց, ըստ էության, այդ ամբողջը ձախողվեց, ձախողվեցին նաև Նիկոյանի փորձերը էդ վարկածը հիմնավորելու: Էնպես որ, ընդհանրապես էդ մարդիկ խոսելու իրավունք չունեն», - հայտարարեց ՀԱԿ փոխնախագահը:

Լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը, ով երեկ սուր ելույթ ունեցավ այս թեմայով խորհրդարանի ամբիոնից և քննադատության ենթարկեց «Մարտի 1»-ի գործը քննած արդեն նախկին դատախազ Գևորգ Կոստանյանին, «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց՝ իշխող Հանրապետականն այժմ փորձում է արյունալի իրադարձությունների մեղքը բարդել միայն Ռոբերտ Քոչարյանի վրա։ Մինչդեռ, ինչպես շեշտում է Բարսեղյանը, Սերժ Սարգսյանը, որ այն ժամանակ վարչապետ էր, շարունակում է կրել այդ իրադարձությունների պատասխանատվության բեռը։

«Կա՛մ հրահանգ ունեն, կա՛մ իրենց խղճի խայթից ելնելով՝ փորձում են ասել, որ «այո, մեղք կա, բայց բերեք Սերժ Սարգսյանին հանգիստ թողնենք, էլի, բերեք էդ մեղքը գցենք էն կողմերը»: Երևի մտածել են, որ Քոչարյանի սպառնալիքը հեռացած է իրենցից, այլևս իշխանության չի վերադառնալու և իրենց չի խեթելու կամ նեղելու նման տեսակետի համար», - ասաց Բարսեղյանը՝ շարունակելով․ - «Ես, այնուամենայնիվ, համարում եմ, որ երկրորդ պատասխանատուն էր Սերժ Սարգսյանը, որը պիտի անպայման պատասխանատվության ենթարկվի»:

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին: 2008-ի հետընտրական արյունալի իրադարձություններից 10 տարի է անցել, բայց 10 զոհերի մահվան հանգամանքները ցայսօր պարզված չեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG