Մատչելիության հղումներ

Վրաստանի ՆԳ նախարար․ Սահմանամերձ տարածաշրջաններում կան յուրահատուկ մարտահրավերներ


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հետ Վրաստանի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հանդիպման ժամանակ համագործակցության խորացման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները ներառում են նաև սահմանամերձ տարածաշրջանները, որտեղ նույնպես կան յուրահատուկ մարտահրավերներ: Այս մասին Վրաստանի ներքին գործերի նախարարը հայտնել է այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ՝ համոզմունք հայտնելով, որ այդ մարտահրավերները միասնաբար ավելի հեշտ կլինի դիմագրավելը:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Գախարիային Վրաստանի փոխվարչապետի, ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նշել, որ ջերմությամբ է հիշում անցած տարվա ամռանը նրա հետ Երևանում ունեցած հանդիպումը մեկ այլ՝ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի պաշտոնում, երբ քննարկման թեման հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերություններն էին:

Նախագահը նաև առանձնակի ջերմությամբ է հիշել անցած տարեվերջին Վրաստան կատարած իր պաշտոնական այցը և հանդիպումները երկրի բարձրագույն ղեկավարության ու Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հետ:

Սերժ Սարգսյանը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում մեծապես կարևորել է հաճախակի փոխայցերը և հույս հայտնել, որ Գիորգի Գախարիայի այցը Հայաստան նոր խթան կհաղորդի Հայաստանի և Վրաստանի իրավապահ մարմինների միջև համագործակցության խորացմանը:

Զրուցակիցները երկուստեք կարևոր են համարել այդ ոլորտում փոխգործակցությունը և բարեկամ երկու երկրներում անվտանգության ու կայունության ապահովումը նաև տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում առաջընթաց ու ձեռքբերումներ արձանագրելու տեսանկյունից:

Հիշեցնենք, Վրաստանի փոխվարչապետ, ներքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությունը Երևան է ժամանել երեկ, նույն օրը հանդիպել է Հայաստանի ոստիկանապետի հետ: Վրացական պատվիրակությունը նաև այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ Գիորգի Գախարիան ծաղկեպսակ է դրել Անմար կրակի մոտ, ծանոթացել է Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի նյութերին, ավանդական եղևնի է տնկել Հուշահամալիրի ծառուղում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG