Մատչելիության հղումներ

Ժիրայր Սեֆիլյանն իր իսկ գործով ցուցմունք չի տա


Ժիրայր Սեֆիլյանը դատարանում, արխիվ
Ժիրայր Սեֆիլյանը դատարանում, արխիվ

Ժիրայր Սեֆիլյանն իր իսկ դատական գործով ցուցմունք չի տա: Դատավորն այսօր չքննեց փաստաբանի միջնորդությունը՝ գոնե դատավարության ավարտին հնարավորություն տալ առանցքային մեղադրյալին՝ խոսել իր դեմ հարուցված գործի մասին: Ավելի քան 9 ամիս ընթացող դատավարության հիմնական մասին Սեֆիլյանը չի մասնակցել․ դատարանում ոտքի չկանգնելու, տեղից խոսելու համար դատավոր Տաթևիկ Գրիգորյանը պարբերաբար սանկցիաներ է կիրառել ընդդիմադիր գործչի նկատմամբ՝ նրան հեռացնելով նիստերի դահլիճից: Այսօր էլ արդեն դատավորը հայտարարեց, թե դատաքննության փուլն ավարտվել է, ճառերն են հնչում, և Սեֆիլյանը չի կարող ցուցմունք տալ, փոխարենը՝ հարցը կքննի խորհրդակցական սենյակում՝ արդեն վճիռ կայացնելիս:

Դատավորի նաև այս որոշումը պատճառ դարձավ, որ փաստաբան Տիգրան Եգորյանը նրան ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնի: Ավելի քան մեկ ժամանոց ելույթում փաստաբանը պատաճառաբանում էր, թե ինչու պետք է Տաթևիկ Գրիգորյանը թողնի այս գործի քննությունը: Լեփ-լեցուն դահլիճը փաստաբանի ելույթը պարբերաբար ընդհատում էր տևական ծափերով և «բացարկ» վանկարկումներով: Փաստաբանը հայտարարեց, որ գործի քննությանը հիմնականում չմասնակցելով, հեռացված լինելով դահլիճից՝ Սեֆիլյանն ու մյուսները զրկված են եղել պաշտպանության տարրական իրավունքից:

«Դժվար է նկարագրել, թե ինչպիսի կոպիտ խախտում է, թեև հասկանում եմ դրա կապակցությամբ ձեր թեթև դիրքորոշումը և անհոգ վարքագիծը: Թեև այստեղ արդեն կիրառելի է՝ «թեթևամիտ» արտահայտությունը: Սա ոչ այլ ինչ է, քան թեթևամտություն արդարադատության նկատմամբ և ողջ Հայաստանի Հանրապետության նկատմամբ»,- հայտարարեց փաստաբանը:

Տիգրան Եգորյանը կասկածի տակ էր դնում ոչ միայն դատավորի անկողմնակալությունը, այլև մասնագիտական ու մարդկային որակները: Ասում էր, որ նա վրեժխնդիր է եղել իրենց իրավունքների համար դատարանում պայքարող Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի նկատմամբ․ «Դուք նվազագույն պատկերացում և ընկալու չունեք արդարադատություն իրականացնող, ՀՀ-ի անունից հանդես եկող դատավորի իրական առաքելության մասին: Ունակ չեք հանդես գալ, առնվազն ձեր կյանքի այս փուլում, որպես դատավոր: Դադարեցրեք այս խայտառակությունը: Ազատեք մեզ ձեր կողմից իրականացվող կամայականություններից»:

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանին այս խոսքերը դուր չեկան: «Կապված նախագահող դատավորի մասնագիտական հմտությունների հետ, չփորձեք այս դատական նիստերի դահլիճում․․․»,- դատավորի այս խոսքը, սակայն, ընդհատվեց դահլիճից հնչող բացականչությունների պատճառով:

Միջնորդությանը միացած փաստաբան Տիգրան Հայրապետյանն ասաց՝ Տաթևիկ Գրիգորյանն այլևս չի տիրապետում վիճակին, միակ լուծումը հեռանալն է: «Չեք կարողանում կառավարել դատական նիստի բնականոն ընթացքը, որովհետև գնացքը վաղուց արդեն գնացել է: Քաղաքական գործչին սահմանափակել իր գործունեության մեջ միայն նրա համար, որ նա իշխանություններին ոչ հաճելի ուղղություն է ընտրել և դրա համար պատվիրել էդ ամբողջ դատաքննությունը, 9 ամիս շարունակ խախտել բոլոր իրավունքները․․․ : Երիտասարդ հասակում կարելի է, հարգելի դատարան, ավելի բարձր գտնվել, քան ցանկացած պատվեր»,- ասաց Հայրապետյանը:

Մոտ 30 րոպե անցկացնելով խորհրդակցական սենյակում՝ դատավորը մերժեց այս միջնորդությունը և անցավ դահլիճում՝ ապակուց այն կողմ գտնվող ներկաների նկատմամբ սանկցիաներ կիրառելուն: Նրանք ծափահարել էին փաստաբաններին, դատավորին հեռանալու կոչեր արել: Մոտ մեկ տասնյակ մարդու Տաթևիկ Գրիգորյանը զրկեց այսուհետ նիստերին մասնակցելու հնարավորությունից:

Հաջորդ նիստին մեղադրյալների պաշտպանները հանդես կգան ճառերով: Դատախազը Ժիրայր Սեֆիլյանի համար պահանջել է 11 տարվա ազատազրկում: Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարը չի ընդունում զանգվածային անկարգություններ նախապատրաստելու, զենքի գործադրմամբ շենքեր գրավելու մտադրության մասին մեղադրանքերը՝ քաղաքական հետապնդում որակելով այս գործը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG