Մատչելիության հղումներ

Արտադրող ընկերությունը պարզաբանում է ներկայացրել վարունգի մեջ սև ճանճի թրթուրների առկայության վերաբերյալ


Մարինացված վարունգ, արխիվ
Մարինացված վարունգ, արխիվ

Lutik ապրանքանիշի մարինացված վարունգի մեջ որդեր լինելու վերաբերյալ արտադրող հնդկական «Բնազրում Ագրո էքսպորտս» ընկերությունը պարզաբանում է ներկայացրել՝ նշելով, որ Հնդկաստանի Կարանտակ և Տամիլ-Նադու շրջաններում տարվա սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին հայտնվում են պտղային ճանճեր, որոնց դեմ ինտենսիվ պայքար է տարվում. ինսեկդիցիդով (միջատների դեմ պայքարի դեղամիջոց) սրսկվում են դաշտերը, վարունգները վերամշակվում են թաց և չոր եղանակով:

«Քանի որ արտաքին դիտարկմամբ դրանք տեսանելի չեն, մեկ-երկու դեպք արձանագրվել է, երբ տարաների մեջ են հայտնվել թրթուրակիր վարունգներ», - այդ մասին տեղեկացնում է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ)՝ վկայակոչելով ընկերության հաղորդագրությունը։

Ըստ ՍԱՊԾ-ի, արտադրողը պարտավորվել է պահածոյացման շրջանում լինել առավել զգոն և մեկնաբանել, որ պտղային ճանճը կամ դրա թրթուրները թեև փչացնում են պտղի որակը, սակայն մարդու առողջության համար վտանգավոր չեն։

Հիշեցնենք՝ Lutik ապրանքանիշի մարինացված վարունգի մեջ որդեր լինելու վերաբերյալ գրառման հիման վրա՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ձեռնարկել է պետական վերահսկողության միջոցառումներ: Մասնավորապես՝ ՍԱՊԾ աշխատակիցներն այցելել են Մարգարյան 23/6 հասցեում գտնվող «Կայզեր» սուպերմարկետ, որտեղ պահման պայմանների խախտումներ չեն արձանագրվել, իսկ նույն խմբաքանակի մարինացված վարունգի տեղում բացված-կտրատված 3 նմուշների մեջ էլ որևէ բան չեն հայտնաբերել:

Ծառայությունը ներմուծողին հանձնարարել է կապ հաստատել արտադրող ընկերության հետ՝ մանրամասները պարզելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG