Մատչելիության հղումներ

Հարձակում Պոդգորիցայում ԱՄՆ դեսպանատան վրա


Մոնտենեգրոյում անցած կեսգիշերին հարձակում է կատարվել Միացյալ Նահանգների դեսպանության վրա: Անհայտ անձը դեսպանատան ուղղղությամբ պայթուցիկ է նետել, ենթադրաբար` ձեռքի նռնակ, ինչից հետո դեսպանատան դիմաց ինքն իրեն պայթեցրել է: Միջադեպը տեղի է ունեցել 00:30-ի սահմաններում: Այս տեղեկատվությունը Թվիթերում գրառմամբ փոխանցում է Մոնտենեգրոյի կառավարությունը:

Ամերիկացի պաշտոնյաները հայտնում են, որ Մոնտենեգրոյի մայրաքաղաք Պոդգորիցայում Միացյալ Նահանգների դեսպանատան վրա կատարված հարձակումից դիվանագիտական առաքելության աշխատակիցներից ոչ մեկը չի տուժել:

Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը՝ պարզելու հարձակվողի ինքնությունը և նման գործողության դիմելու շարժառիթները:

Ականատեսների վկայություններով՝ հարձակվողը պայթուցիկը դեսպանատան պատի վրայից դեպի ներս է նետել:

Քանի որ հարձակվողի մասին պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա, ոստիկանության պաշտոնյան, անունը չհրապարակելու պայմանով, «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ հարձակվողը Դալիբոր Յաուկովիչն է: 43-ամյա Յաուկովիչը ծնվել է հարևան Սերբիայում, բնակվել է Մոնտենեգրոյի մայրաքաղաքւմ: Մոնտենեգրոյի հիմնական Vijesti թերթը ևս գրել է, որ հարձակվողը Յաուկովիչն է, և հրապարակել է նրա լուսանկարը, ենթադրաբար՝ նրա Ֆեյսբուքի էջից: Լուսանկարում նա ցուցադրում է իր շքանշանը, որը ստացել է 1999 թվականին Հարավսլավիայի բանակում ծառայելու համար: Նա պարգևատրվել էր նախկին առաջնորդ Սլոբոդան Միլոշևիչի կողմից:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հանրային դիվանագիտության և հանրային կապերի փոխքարտուղար Սթիվ Գոլդշթայնը The New York Times-ին ասել է, որ գիշերը դեսպանատունը փակ էր, աշխատակիցները չեն տուժել, շենքը ևս չի վնասվել, հարձակվողն ինքն իրեն պայթեցնելու հետևանքով մահացել է: Գոլդշթայնը հայտնել է, որ դեսպանատան անվտանգության աշխատակիցները մանրազնին ուսումնասիրել են տարածքը, այլ պայթուցիկներ չեն հայտնաբերվել:

Տեղական մամուլը գրել է, որ մոտիկ ապրող բնակիչները երկու պայթյունի ձայն են լսել: Մոնտենեգրոյի պաշտոնյաները նշել են, որ հարձակվողը մոտեցել էր դեսպանատանը, բայց հիմնական մասնաշենքը այնքան մոտ չէր, որ նետված պայթուցիկը հասներ շենքին:

Ավելի վաղ Պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթը Թվիթերի իր էջում գրել էր, որ Մոնտենեգրոյում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ փոքր պայթյուն է տեղի ունեցել: «Դեսպանատան պաշտոնյաները ձգտում են ապահովել ամբողջ անձնակազմի անվտանգությունը և համագործակցել ոստիկանության հետ՝ հարձակվողի ինքնությունը պարզելու նպատակով», - գրել էր մամուլի խոսնակը:

Փոխքարտուղար Գոլդշթայնն ասել է, թե հարձակման շարժառիթները պարզ չեն, պարզ չէ նաև, թե արդյոք դա ինքնասպանության միջոցով կատարված հարձակում էր:

Մոնտենեգրոյի պետդատախազ Տանյա Դերետիչն ասել է, որ հարձակվողի մարմինը տարվել է դիահերձման:

Այսօր դեսպանատունը չեղարկել է բոլոր ծառայությունները, ինչպես նաև ԱՄՆ-ի քաղաքացիներին զգուշության կոչ է արել, մինչև հետագա հայտարարությունները:

Հարձակման օրը Մոնտենեգրոյին հարևան Սերբիայում է գտնվում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ով այնտեղ է երկօրյա այցով:

Նախկին Հարավսլավիայի փոքր երկիր Մոնտենեգրոն, կամ այլ անվանումով՝ Չեռնոգորիան, Սերբիայից անջատված վերջին երկիրն է, որն անկախացել է 2006 թվականին: Անցյալ տարի Մոնտենեգրոն դարձավ ՆԱՏՕ-ի անդամ: Մոսկվան խիստ ընդդիմանում էր այդ քայլին, Մոնտենեգրոյի ներսում ևս Մոսկվայի հետ ավելի սերտ հարաբերությունների կողմնակիցներ կան, այնուհանդերձ՝ 2017-ի մայիսին Մոնտենեգրոն դարձավ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ 29-րդ երկիրը:

Ադրիատիկի ափին գտնող 640 հազար բնակչությամբ փոքր Մոնտենեգրոն ձգտում է միանալ նաև Եվրամիությանը: Բրյուսելը դա հնարավոր է համարում՝ եթե Մոնտենեգրոն ու Սերբիան կատարեն Եվրամիությանը անդամակցելու բոլոր պահանջները, ապա 2025 թվականին երկուսն էլ հնարավոր է միասին անդամակցեն Եվրամիությանը:

2016 թվականին Մոնտենեգրոյի իրավապահները Սերբիայի ու Ռուսաստանի մի քանի քաղաքացիների մեղադրեցին հեղաշրջում պլանավորելու մեջ: Ըստ մեղադրանքի՝ նրանք պլանավորում էին մահափորձ կազմակերպել վարչապետի դեմ ու ռուսամետ կառավարություն ձևավորել, կասեցնելու ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումները: Մոսկվան հերքել էր ենթադրյալ հեղաշրջման փորձում Ռուսաստանի պետական մարմինների ներգրավվածության մասին պնդումները:

Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը միմյանց մեղադրում են Բալկաններում լարվածություն ստեղծելու մեջ:

Պոդգորիցայի այսօրվա միջադեպից ուղիղ տասը տարի առաջ, Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ցուցարարները հարձակվել էին Միացյալ Նահանգների դեսպանության վրա ու հրդեհել շենքի մի մասը: Բելգրադում զանգվածային ցույցերի պատճառը ԱՄՆ-ի ուժեղ աջակցությունն էր Սերբիայից անջատված Կոսովոյի անկախությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG