Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին արևշատություն, երջանիկ կյանք և ստեղծագործական նոր նվաճումներ:
«Մեծ է Ձեր ավանդը հայ և համաշխարհային կինոյի զարգացման գործում: Դուք կինոարվեստի այն երախտավորներից եք, որի ստեղծագործությունն ու արվեստը գրանցվել է համաշխարհային կինեմատոգրաֆիայի տարեգրության մեջ՝ ուղենիշ դառնալով կինոռեժիսորների և արվեստագետների համար:
Ձեզ հաջողվել է կինոժապավենին հանձնել մարդկային էության և հոգեվիճակների թաքնված դրվագները, մարդու և բնության փոխառնչությունները, իսկ բացառիկ տաղանդով և վարպետությամբ ստեղծված Ձեր ֆիլմերը պատկերի և շարժման յուրօրինակ զգացողության ու մեկնաբանության, տարածական մտածողության և նոր արտահայտչաձևերի կիրառման փայլուն դրսևորումներ են», - ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, ասված է Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում: