Մատչելիության հղումներ

Լրագրողներն իրավունք չեն ունենա ներկա գտնվել ու աշխատել Երևանի ավագանու նիստերի դահլիճում․ Գևորգյան


Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպերից հետո՝ այսօր «Ազատության» հետ զրույցում կառույցի լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը հայտարարեց՝ ավագանու հաջորդ նիստին ու դրանից հետո ևս լրագրողներն իրավունք չեն ունենա ներկա գտնվել ու աշխատել նիստերի դահլիճում։

Ավագանու նիստերի լուսաբանումն իրականացնելու համար լրատավամիջոցներին կտրամադրվի առանձին տարածք, ոչ թե 5-րդ հարկում, որտեղ դահլիճն է, այլ քաղաքապետարանի առաջին հարկում, կլինի նաև ուղիղ հեռարձակում, ինտերնետից օգտվելու հնարավորություն, հայտնեց Գևորգյանը։ Քաղաքապետարանի լրատվության վարչության պետի խոսքով, սա չի նշանակում, որ այս կերպ ՏԻՄ մարմինը փորձում է սահմանափակել լրատվամիջոցների աշխատանքը, հակառակը՝ նրանց համար ստեղծվելու են բոլոր պայմանները և ավագանու նիստերի օրերին լրագրողների տեղաշարժը քաղաքապետարանի շենքում ազատ է լինելու:

«Դեռևս, գոնե նախնական առաջարկների այն տարբերակով, որ պատկերացնում ենք, պետք է ստեղծենք ինչ-որ կոնկրետ մի վայր, որտեղից բոլոր հնարավորությունները ունենալու են ստանալու ամբողջ տեղեկատվությունը», - մանրամասնեց Արթուր Գևորգյանը: - «Բայց որևէ սահմանափակում չի դրվելու, որ լրագրողը գտնվի նույն նիստերի դահլիճի հարակից հատվածում: Պարտադիր չէ նիստերի դահլիճում լինելը, որևէ կերպով դա չի կարող դիտարկվել որպես սահմանափակում: Լրագրողները շենքում շարունակելու են իրենց ազատ գտնվելու ռեժիմը նիստի օրերին»:

«Ազատության» այն դիտարկմանը, որ հաճախ հենց լրագրողներն են արձանագրել, թե ինչպես են ավագանու հանրապետական անդամները վիրավորում կամ անպարկեշտ ռեպլիկներ հնչեցնում ընդդիմադիր «Երկիր Ծիրանիի» հասցեին, և որ այս սահմանափակումից հետո նման փաստերն այլևս տեսանելի չեն լինի, Արթուր Գևորգյանը պատասխանեց՝ եթե նախկինում ուղիղ եթեր ապահովելու համար ընդամենը մեկ տեսախցիկ էր աշխատում ներսում, ապա այս փոփոխությամբ տեսախցիկների քանակը կավելանա։

Գևորգյանից նաև հետաքրքրվեցինք՝ իսկ արդյոք քաղաքապետարանը չի կարող սեփական հայեցողությամբ լարված իրավիճակներում ընդհատել ուղիղ եթերը, դրանց պակասը նկատենք, վերջին 6 ամիսներին չի լինում։ - «Հուսով ենք, որ այդպիսի բան չի կատարվի, բայց այս դեպքում, եթե դա կանցնի որոշակի նորմեր, եթե դա կվերաճի ինչ-որ խուլիգանության, այդ ժամանակ նիստը վարողը կարող է որոշում կայացնել՝ հեռարձակումը ընդհատել կամ չընդահետել», - պատասխանեց պաշտոնյան:

Քաղաքապետարանի շենքում լրագրողների աշխատանքի կանոնակարգման հարցը Տարոն Մարգարյանը բարձրացրեց փետրվարի 19-ին՝ նույն օրը կեսօրին քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպից հետո։ Այդ օրը, երբ «Ազատության» և «Ա1+»-ի տեսախցիկները արձանագրեցին քաղաքապետարանի սենյակներից մեկում խաղաթղթեր, և ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ այդ սենյակում հավաքվողները մշտապես թղթախաղով են զբաղված, տեղեկատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը ոստիկանների ուղեկցությամբ լրագրողներին դուրս հանեց քաղաքապետարանից:

Դեպքից հետո լրագրողական մի շարք կազմակերպություններ հայտարարություն տարածեցին՝ պահանջելով իրավապահներից քրեական գործ հարուցել, քաղաքապետ Տարոն Մարգարյանից էլ՝ խիստ պատասխանատվության ենթարկել Գևորգյանին:

Իրավապահներին ուղղված դիմում-բողոքով նույն օրը հանդես էր եկել նաև «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ շեշտելով, որ փետրվարի 19-ին կրկին խոչընդոտվել է իրենց խմբակցության աշխատանքը, արգելվել է լրագրողների մուտքը խմբակցության աշխատասենյակ։

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, սակայն, երեկ Ժուռնալիստների միության նախագահի հետ հանդիպման նշեց՝ ոչ լրատվամիջոցների մեղքով, բայց խախտվել էր շենք մտնելու գոյություն ունեցող կարգը, քանի որ քաղաքապետարանը ընդգրկված է Կառավարության կողմից հատուկ պահպանվող տարածքների ցանկում։

Ըստ քաղաքապետարանի տարածած հաղորդագրության՝ Սաթիկ Սեյրանյանի, նաև լրագրողական հանրության մտահոգություններին ի պատասխան էլ Տարոն Մարգարյանն ասել էր՝ վերջին օրերի դեպքերը իրենց ստիպել են նորովի կազմակերպել լրագրողների և քաղաքապետարանի համագործակցության ձևաչափը, ինչը սակայն ոչ միայն չի՛ խաթարելու թափանցիկության ապահովումը, այլև առավել արդյունավետ է դարձնելու քաղաքապետարանի և ԶԼՄ-ների համագործակցությունը:

«Ազատությունը» այս մասին զրուցեց Ժուռնալիստների միության նախագահի հետ, ով նշեց՝ քաղաքապետի հետ հանդիպումից բավարարված է, իրեն որպես միության նախագահ անհանգստացրել էր Մարգարյանի՝ «լրագրողների աշխատանքը կանոնակարգել» ձևակերպումը, որը իշխանության ներկայացուցչի շուրթերից ավելի շատ հնչում է որպես միջամտություն։ ֊ «Եթե քաղաքապետարանը իր այդ քայլով որևէ կերպ սահմանափակի կամ խոչընդոտի մեր աշխատանքը, բնականաբար մենք մեր քայլերը կձեռնարկենք, մեր խոսքը կասենք: Բայց իրենք փորձում էին կազմակերպել աշխատանքը, որպեսզի չխաթարվի աշխատանքը», ֊ մանրամասնեց Սաթիկ Սեյրանյանը:

Ժուռնալիստների միության նախագահն ասաց՝ տարածքում ԶԼՄ-ների աշխատանքի վերակազմակերպման այդ նոր կարգի քննարկմանը պետք է մասնակցեն հենց լրագրողական համայնքի ներկայացուցիչները։ Ըստ Սեյրանյանի՝ իր այս առաջարկը Տարոն Մարգարյանը ընդունել է։ Մինչդեռ այսօր ավագանու ընդդիմադիր խմբակցությունները քննադատեցին իշխանության նոր գաղափարը՝ նիստերի դահլիճում լրագրողների մուտքը սահմանափակելու վերաբերյալ։

«Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն անընդունելի ու խայտառակություն որակեց այս քայլը, նշելով, որ իրենց թիմակիցներին սաստելու փոխարեն լրագրողներին են դահլիճից դուրս հանում։

«Երկիր Ծիրանիի» ղեկավար Զարուհի Փոստանջյանն էլ ասաց՝ այս կերպ փորձում են անում սահմանափակել խոսքի ազատությունը, մինչդեռ ավագանին ընտրովի մարմին է և օրենքի համաձայն այդնիստերը հրապարակային են։ ֊ «Իհարկե, նրանք խուսափում են տեսախցիկներից: Երբ տեսախցիկները այս ամենը արձանագրում են, նրանք դառնում են արդեն իրենց համար փորձանք», ֊ մեկնաբանեց ընդդիմադիր գործիչը:

Նշենք, որ Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ միջադեպի վերաբերյալ նախաքննության հետագա կատարումը հանձնարարվել է Հատկապես կարևոր գործերի քննության Գլխավոր վարչությանը։

Նախագահի Խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց՝ քննության առարկա են դարձվել հրապարակված տեսանյութերը, նաև ավագանու անդամ Մարինա Խաչատրյանի բողոքը՝ սեռական բռնության ենթարկվելու վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG