Մատչելիության հղումներ

Դերվիշների և ուժայինների միջև բախումներ Իրանում․ առնվազն 6 մարդ է զոհվել, կա 300 ձերբակալված


Իրան - Ոստիկանության և դերվիշների միջև բախումները Թեհրանում, 19-ը փետրվարի, 2018թ․
Իրան - Ոստիկանության և դերվիշների միջև բախումները Թեհրանում, 19-ը փետրվարի, 2018թ․

Իրանում նորից բախումներ են տեղի ունեցել, այս անգամ՝ սուֆի մահմեդական կրոնական համայնքի անդամների, որոնց նաև դերվիշներ են անվանում, և ուժային կառույցների միջև: Հաղորդվում է առնվազն վեց զոհի և 300 ձերբակալվածների մասին:

Ըստ ոստիկանության՝ հինգ զոհվածները անվտանգության ուժերի աշխատակիցներ են: Նրանցից երեքը զոհվել են, երբ Թեհրանի հյուսիսում փետրվարի 19-ին տեղի ունեցած ընդհարման ժամանակ ավտոբուս է մխրճվել ոստիկանների շարքերի մեջ:

Երեկ Իրանի ոստիկանության մամուլի խոսնակն ասել է, որ զոհվածներից երկուսը «Բասիջ»-ի անդամներ են: «Բասիջ»-ը ռազմականացված կառույց է, որը սերտ կապ ունի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ:

Ոստիկանության խոսնակը հաստատել է, որ ավելի քան 300 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ավտոբուսի վարորդը:

Դերվիշներից մեկը, ինչպես համայնքից են հայտնել, զոհվել է փետրվարի 19-ին անվտանգության ուժերի հետ բախումների հետևանքով:

Գոնաբադի քաղաքից դերվիշները եկել էին Թեհրան՝ բողոքելու սուֆի մահմեդականներից մեկի ձերբակալության դեմ:

Սուֆիզմը մահմեդականությունում միստիկական ուսմունք է: Կրոնական այս համայնքը Իրանում արգելված չէ, բայց ուսմունքի հետևորդները իշխանությունների կողմից ենթարկվում են ճնշումների:

Դերվիշների առաջնորդը 90-ամյա Նուրալի Թաբանդեն է, որի աջակիցները Թեհրանում նստել են նրա տան մոտ՝ իրենց առաջնորդին պաշտպանելու ձերբակալման վտանգից:

Նստացույցի մասնակիցներից մեկը «Ազատությանը» ասել է, թե վճռական են տրամադրված և պատրաստ են մինչև իրենց արյան վերջին կաթիլը պաշտպանել առաջնորդին:

Իրավապաշտպան խմբերը Իրանի կառավարությանը մեղադրում են սուֆիզմի հետևորդների նկատմամբ խտրականություն ցուցաբերելու և նրանց հետապնդելու մեջ:

Նյու Յորքում գտնվող՝ Իրանի մարդու իրավունքների կենտրոնի տվյալներով, վերջին երկու ամսվա ընթացքում մի քանի դերվիշներ են ձերբակալվել: 2017 թվականին Իրանի հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը մտահոգություն էր հայտնել Իրանի կառավարության կողմից դերվիշներին թիրախավորելու համար՝ նշելով, որ նրանք ենթարկվում են կամայական ձերբակալությունների, կալանավորման, ճնշումների և հաճախ մեղադրվում են ազգային անվտանգությանը սպառնալու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG