Մատչելիության հղումներ

Սեռական բռնությունը նույնպես պետք է գնահատականի արժանանա. Զարուհի Փոստանջյան


Երևանի քաղաքապետարանը խնդիր ունի արգելելու լրատվամիջոցների գործունեությունը, «Ազատության» հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, նշելով՝ այն կանոնակարգը, որ վկայակոչում էր քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը՝ դուրս հրավիրելով լրագրողներին, նման կանոնակարգ գոյություն չունի։

«Ազատություն». - Երբ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետը խոչընդոտում էր մեր աշխատանքը, հղում էր անում ինչ-որ մի կանոնակարգի, որով արգելվում է, որ Դուք Ձեր աշխատասենյակից դուրս կարող եք մեզ հետ շփվել, կամ շրջայց կատարել քաղաքապետարանում։ Ուզում եմ հասկանալ՝ Դուք տեղյա՞կ եք՝ այդ ի՞նչ կանոնակարգ է, երբևէ տեսե՞լ եք այդ կանոնակարգը։

Փոստանջյան. - Իհարկե, մենք տեղյակ չենք, ծանոթ չենք նման կանոնակարգի դրույթներին, և նման կանոնակարգ, կարծում եմ, գոյություն չունի, բայց քանի որ իրենք խնդիր ունեն արգելելու լրատվամիջոցների գործունեությունը քաղաքապետարանում, դա է հենց պատճառը, որ հղում են կատարում ինչ-որ կանոնակարգերի։ Մինչ, կարելի է ասել, մեր մուտք գործելը քաղաքապետարան, նման կանոնակարգերի և լրատվամիջոցների գործունեությանը խոչընդոտելու իրենք խնդիր չեն ունեցել։

«Ազատություն». - Այդ միջադեպից անմիջապես հետո Տարոն Մարգարյանն իր ենթականերին հրահանգեց առաջարկություններ ներկայացնել Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու վերաբերյալ։ Դուք կարծո՞ւմ եք, որ Տարոն Մարգարյանի այս հրահանգն, ի վերջո, հանգեցնելու է նրան, որ որոշակի խիստ ներքին կանոնակարգեր են մշակվելու։

Փոստանջյան. - Նախևառաջ պետք է ասեմ, որ Տարոն Մարգարյանն իրավասու չէ որևիցե կանոնակարգ ընդունել, որով պետք է կարգավորի լրատվամիջոցների աշխատանքը, որովհետև ցանկացած լրատվամիջոցի աշխատանք կարող է կանոնակարգվել միայն ու միայն օրենքով սահմանված կարգով, իսկ Տարոն Մարգարյանը նման իրավասություններ չունի։ Հասկանալի է, որ սա անգրագիտության տիրույթում հայտարարություն է։ Այդ հոդվածներով, որով հարուցվել է քրեական գործ, նրանք փորձել են մեղմացնել իրավիճակը և փորձել են նաև հովանավորել այդ ապօրինություններ կատարողներին։

«Ազատություն». - Կարծում եք, որ այդ երկու հոդվածներն էլ հետագայում վերագրվելո՞ւ են իշխող Հանրապետական խմբակցության անդամներին։

Փոստանջյան. - Միանշանակ է, որ նրանց պետք է վերագրվի։

«Ազատություն». - Դուք բացառո՞ւմ եք, որ հնարավոր է Ձեր խմբակցության անդամներին նույնպես որոշակի մեղադրանքներ ներկայացվեն։ Ամեն դեպքում, իշխող շրջանակներից հնչում է, որ նաև հարված եղել է ընդդիմադիր խմբակցության ավագանու անդամի կողմից։

Փոստանջյան. - Նախևառաջ այդ հարվածը հետևանք է եղել սեռական բռնության, և նույն այդ սեռական բռնությունը նույնպես պետք է գնահատականի արժանանա, և այստեղ ոչ միայն ուղղակի բռնություն էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ՝ տիկին Մարինա Խաչատրյանի նկատմամբ, այլ նույնիսկ սեռական ոտնձգություն։

Հիշեցնենք՝ Երևանի ավագանու այս տարվա առաջին նիստը վերածվեց ծեծկռտուքի, երբ «Երկիր Ծիրանի» խմբակցության կանայք որոշեցին քաղաքապետին հանձնել Նուբարաշեն համայնքի բնակիչների «նվերը»՝ գարշահոտ կոյուղաջուրը։ Ընդդիմադիր կանանց և Հանրապետական խմբակցության անդամ տղամարդկանց քաշքշոցը ուղեկցվեց փոխադարձ վիրավորանքներով, բանը հասավ անգամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ տղամարդկանց կողմից ֆիզիկական բռնությանը:

Փոստանջյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG