Մատչելիության հղումներ

Նախագահն ընդունել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին


Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է Հայ Առաքելական եկեղեցու կառավարման բարձրագույն մարմնի՝ Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) անդամներին, ովքեր փետրվարի 20-23-ին մասնակցում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվող ԳՀԽ նիստին:

Բարձրաստիճան հոգևորական և աշխարհական 24 անդամներից կազմված խորհրդի նախագահը Ամենայն Հայոց կաթողիկոսն է, ատենապետերը` Երուսաղեմի և Կ. Պոլսի Հայոց պատրիարքները:

Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ընդգծել է Հայ Առաքելական եկեղեցու կառավարման բարձրագույն մարմնի որոշումների կարևոր նշանակությունը ոչ միայն եկեղեցական և հոգևոր, այլև հասարակական կյանքում, ասված է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

«Ես միշտ հիշում եմ, որ Հայ Առաքելական եկեղեցին հայ իրականության մեջ երբևէ եղած և անընդհատ գործող ամենահին կառույցն է և այդ ընթացքում Հայ Առաքելական եկեղեցին ուղղակի անփոխարինելի վաստակ է ունեցել մեր ժողովրդի կյանքի բոլոր բնագավառներում: Թիկունքում ունենալով, իհարկե, այդպիսի փորձառություն՝ ես վստահ եմ, որ դուք միշտ քայլեր եք անում, որոնք ընկալելի և ընդունելի են մեր հավատացյալ ժողովրդի համար: Վստահ եմ՝ դուք տեսնում եք, որ աշխարհը շատ արագ է զարգանում, և այդ ընթացքում մարտահրավերների հետ միասին նաև հնարավորություններ են ստեղծվում: Իհարկե, որպեսզի մենք այդ հնարավորությունները կարողանանք ի շահ մեր պետության և ժողովրդի գործադրել, պետք է կարողանանք դիմակայել այդ մարտահրավերները: Վստահ եմ, որ ձեր կողմից արվող քայլերը նաև հենց դրան են ուղղված», - մասնավորապես ասել է նախագահը:

Ամենայն Հայոց կաթողիկոսը ներկայացրել է ընդլայնված կազմով այս տարի գումարվող Գերագույն հոգևոր խորհրդի առաջին նիստի օրակարգի շրջանակում քննարկվելիք հարցերը, որոնք, ըստ Վեհափառի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործունեության վերաբերյալ հաշվետվությունից և ընթացիկ գործունեությունից բացի, ներառում են ազգային, եկեղեցական կյանքին վերաբերող հարցեր ու խնդիրներ:

«Գիտեք, որ այսօր մեր առջև դրված, մեր ժողովրդին հուզող խնդիրներից են Պոլսո Հայոց Պատրիարքության մեջ տեղի ունեցող իրադարձությունները, ստեղծված իրավիճակը, որը առաջնահերթորեն մեր Գերագույն հոգևոր խորհրդի օրակարգի հարց է: Օրակարգի մեջ ունենք նաև Հայաստանի Հանրապետության 100-ամյակին և Մայիսյան հերոսամարտերի տոնախմբության միջոցառումների հարցը: Մենք, ինչպես և Արամ կաթողիկոսը, կոնդակ հռչակեցինք, որն ընթերցվեց աշխարհասփյուռ մեր թեմերում, մեր եկեղեցիներում, և զանազան միջոցառումներ, հրատարակություններ, գիտաժողովներ պիտի կազմակերպվեն ու անցկացվեն: Պետական համապատասխան հանձնաժողովի հետ քննության պիտի առնվի ծիսական միջոցառումը, որը պիտի այդ օրը, անշուշտ, համախորհուրդ իրականացնենք», - մասնավորապես նշել է Գարեգին երկրորդը:

«Մեր եկեղեցին ևս առաջնորդվում է նույն շահերով, ինչ հայրենի իշխանությունները՝ դրանք մեր ազգային ինքնության պահպանության, մեր պետականության ամրապնդման, մեր երկրի խաղաղ, ապահով անվտանգ և բարօր կյանքի խնդիրներն են, որ առաջնահերթորեն զբաղեցնում են մեզ և մեր տեսլականի, մեր գործունեության առանցքն են կազմում: Ուրախ եմ ասելու, որ շնորհիվ հայրենի իշխանությանց զորակցության մեր եկեղեցին այս ժամանակահատվածում՝ անկախության այս տարիներին, կարողացավ հաղթահարել պատմական բոլոր այն արհավիրքները, որոնց ենթարկվել էր մեր եկեղեցին՝ կրելով մեծ կորուստներ: Թիվ հնչեցնելու համար ասենք, որ Ցեղասպանության և ստալինյան բռնատիրական տարիների այդ հալածանքների շրջանին մենք կորցրեցինք շուրջ 3000, նույնիսկ հաշվվում է 4000 եկեղեցի և 4000-5000 եկեղեցականներ: Այսօր մենք մեկ չորրորդը կամ մեկ հինգերորդն անգամ չենք կարողացել վերականգնել այդ կորուստների: Սակայն այն ձեռքբերումները, որ արձանագրվել են, մասնավորապես, անկախության այս ժամանակահատվածում, մեզ լավատեսություն և հույս են ներշնչում, որ մենք պիտի կարողանանք ամբողջականորեն մեր եկեղեցու առաքելությունն իրականացնել մեր ժողովրդի կյանքում՝ ներկայություն ապահովելով ազգային կյանքի բոլոր բնագավառներում», - ընդգծել է Վեհափառը: - «Մենք ինչպես դարերի ընթացքին միշտ առաջնորդվել ենք Հայոց պետականությունը զորացնելու այդ բարձր գիտակցությամբ, այնպես էլ այսօր այդ գիտակցությունը բնորոշ է մեր եկեղեցականության, մասնավորապես՝ մեր հոգևոր բարձրաստիճան եկեղեցականաց՝ թեմակալ առաջնորդներին, ովքեր ամենայն ջանք գործադրում են, որպեսզի մեր ժողովրդի զավակներին համախումբ պահեն հայրենիքի շուրջ և նրանց գիտակցության մեջ ամրագրեն հայրենյաց շահերը, հայրենիքին ծառայելու, զորակցելու այդ ոգին, գիտակցությունը և այդ նախանձախնդրությունը: Այս զորակցությունը ինչպես անցյալում, ինչպես այսօր, մշտապես լինելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջնորդող հիմնական գաղափարը»:

Հանդիպման ժամանակ նախագահը ազգային և հոգևոր արժեքների պահպանման և զարգացման գործում ներդրած ավանդի համար պետական բարձր պարգևներ է հանձնել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին և ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG